10/14/2019

«Եթե չվաճառեինք, կարող է եւ փակեինք հիմնարկը». Հրաչ Ջաբրայան

«Եթե չվաճառեինք, կարող է եւ փակեինք հիմնարկը». Հրաչ Ջաբրայան

«Հետքի» հարցերին պատասխանում է «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հրաչ Ջաբրայանը


- «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի վաճառքի մասին պայմանագիր եք կնքել ռուսական «Պոլիմեթալ Ինթերնեյշընլ» (Polymetal International) ընկերության հետ: Նախորդ տարվա ապրիլին «Հետքին» ասել էիք, որ պիտի հանդիպեք վարչապետի հետ, եւ եթե 3,8 մլրդ դրամը (ֆիննախի օպերատիվ հետախուզության վարչությունը 2014-ին մի շարք խոշոր ընկերությունների դեմ լրացուցիչ վճարման ենթակա գումարների ակտեր էր կազմել) բռնագանձեն ու նոր ռոյալթիներ հաշվարկեն, կփակեք հիմնարկը: Արդյո՞ք դա է պատճառը, որ վաճառում եք հանքը:

- Չեմ կարող ասել, որ դա էր պատճառը, բայց ասեմ, որ չարյաց փոքրագույն տարբերակն էր հանքը վաճառելը: Եթե չվաճառեինք, կարող է եւ փակեինք հիմնարկը: Հակառակ որ 2015 թ. արտադրության տեսակետից լավ տարի էր, մանավանդ պղնձի ու ոսկու գների անկումը շատ մեծ բացասական ազդեցություն ունեցավ, եւ տարին փակեցինք մոտ 10 մլն դոլար զուտ վնասով: Եթե նկատի առնենք, որ անցյալ 4 տարիներին միասին մոտ 48 մլն դոլար գումար ենք կորցրել, առավել եւս ներդրումները, որոնք պիտի կատարվեին, այլեւս իմաստալից չէր մեր ռազմավարական ծրագրերի մեջ հանքավայրը պահելը: Եվ կարծում եմ՝ ճիշտ որոշում էր այն վաճառելը: Գոնե կշարունակի աշխատել:

- Մյուս կողմից՝ հենց Կապանում խոսակցություններ կան, որ Շահումյանի հանքավայրում ոսկու պաշարներով շերտն ավելի է խորացել, եւ արդեն դժվար էր այնտեղից հանքաքար հանելը: Այսինքն՝ նաեւ հավելյալ ռեսուրսներ պետք է ներդրվեին դրա համար: Կա՞ նման խնդիր:

- «Պոլիմեթալ» ընկերության հայտարարության մեջ կտեսնեք, որ 16 մլն տոննայից ավելի պաշար կա, ստորգետնյա հետախուզության աշխատանքները շարունակվում են, տարեցտարի հայտնաբերվում են նաեւ պաշարներ այդտեղ:

Ինչ վերաբերում է հանքի խորանալուն, նորմալ է, ստորգետնյա հանք է, ինչքան շահագործես, այնքան խորը պիտի գնաս կամ ընդլայնես: Եվ աշխատանքները կշատանան: Կարող է հանքը նոր մեեթոդների կարիք ունենա: Ճիշտն ասած, անցյալ տարի մասնագետներ էի հրավիրել, եկան նայեցին, որոշ տարբերակներ մեզ ներկայացրեցին, թե ինչպես հանքը կարելի է ավելի արդյունավետ շահագործել: Մնացածը հիմա կմնա նոր սեփականատիրոջ հայեցողությանը, թե ինչպես կուզեն օգտագործել, բայց վստահ եմ՝ նոր մեթոդներ կներկայացնեն հանքում:

- Վաճառքի մասին պայմանագրում նշվում է, որ 10 մլն դոլարը կանխիկ միջոցներ են, 15 մլն-ի էլ բաժնեմաս է տրվելու «Դանդիին», հավելած՝ 2 տոկոս ռոյալթին, որը չպիտի գերազանցի 25 մլն դոլարը: Դա նշանակում է, որ «Պոլիմեթալում» «Դանդին» բաժնեմաս է ունենալու, այո՞: Եվ այդ բաժնեմասը մոտ քանի տոկոս է լինելու:

- Չեմ կարող ասել, «Պոլիմեթալի» բաժնետոմսերի մասին մանրամասնություններ չունեմ: Իրենց բաժնետոմսերից 15 մլն դոլարանոց բաժնետոմս գալու է «Դանդի Փրիշս Մեթալս»-ին, եւ առաջիկա արտադրությունից, այսինքն՝ խտանյութը, որ պիտի արտահանեն, վաճառեն, ձուլեն, դրա շահույթի 2 տոկոսը՝ մաքսիմում 25 մլն դոլար, կփոխանցվի «Դանդիին»: Այդ մեկը մեզ համար շատ կարեւոր է, որովհետեւ նշանակում է, որ հանքավայրը տակավին աշխատելու է, ներդրումներ են լինելու: Բնականաբար, ինձ համար ամենակարեւոր բանն այն է, որ հանքավայրը ներդրում ունենա, աշխատանքը շարունակվի այդտեղ: Եվ ուրախ եմ ասել, որ «Պոլիմեթալ» ընկերության ծրագիրը աշխատանքը շարունակելն ու նոր ներդրումներ կատարելը, որ շատ կարեւոր է այժմ Սյունիքի համար:

- Այսինքն՝ բաժնետեր եք դառնալու «Պոլիմեթալում»: Եվ անուղղակի մասնակցություն ունենալու եք հայաստանյան հանքարդյունաբերությունում:

- Որպեսզի հստակ լինի. «Դանդի Փրիշս Մեթալս»-ը (նկատի ունի կանադական ընկերությունը- հեղ.) կունենա 15 մլն դոլարի բաժնետոմս «Պոլմիեթալ» ընկերության մեջ, որը կապ չունի Կապանի հետ: Կապանի հետ կապված ռոյալթիների 2 տոկոսն է լինելու, որ փոխանցվելու է առաջիկա տարիներին, թե ինչքան կարտահանեն, ինչքան կմշակեն, ինչքան շահույթ կունենան, թե ինչքան ժամանակում այդ երկու տոկոսը կհասնի 25 մլն-ի, չգիտեմ:

- Իսկ ի՞նչ կտրվածքով է հաշվարկվել այդ երկու տոկոսը:

- Անկեղծ ասած, չեմ կարող ասել, այդ անձինք փակ դռների հետեւում բանակցություններ վարեցին...

- Դուք չե՞ք մասնակցել այդ բանակցություններին :

- (Մի պահ դադար է պահում -հեղ.) Չէ, չեմ մասնակցել (ծիծաղում է- հեղ.):

- Էժան չե՞ք վաճառել հանքը:

- Գուցե էժան թվա՝ նկատի առնելով, որ այդտեղ հսկայական ներդրումներ ենք արել: Բայց մի քանի ֆակտորներ կան, որոնք նկատի պիտի առնենք. մետաղի գները, որոնք շատ ցածր են այս պահին, եւ Կապանի հանքավայրի ներկա արտադրությունը համաշխարհային մակարդակով եթե նայեք, շատ-շատ փոքր է, այսինքն՝ արդարացուցիչ եկամուտ չունի այդ հանքը: Երկրորդ՝ նկատի պիտի առնենք, որ 2016 թ.-ի համար ծրագրված կապիտալ մեծ ներդրումներ կան, որոնք այժմ իր վրա պիտի վերցնի «Պոլիմեթալ» ընկերությունը:

Եթե այս բոլորը նկատի առնենք ընդհանուր պատկերի մեջ, կարող է այդքան էլ էժան չէ, բայց եթե միջազգային գները նորմալ լինեին, հանքն արդյունավետ արտադրություն ունենար, շահույթ թողներ այս պահին, կարող ենք համարել, որ էժան էր:

- Հիմա քանի՞ աշխատող ունեք:

- 1200:

- Նրանք շարունակելո՞ւ են աշխատել:

- Բնականաբար, չեմ կարող պատասխանել նոր սեփականատիրոջ կողմից:

- Բայց բանակցություններում ինչ-որ խոստումներ տվե՞լ են այդ մարդկանց:

- Խոստումներ ոչ մեկը չի տա, որովհետեւ տրամաբանական չէ: Մենք չենք կարող պահանջել խոստումներ, բայց, բնականաբար, մեր ցանկությունն է, որ թիվը չնվազի, նույն թվով մարդիկ շարունակեն աշխատել, հուսով եմ՝ աշխատավարձերն ավելի կբարձրացնեն: Ինչո՞ւ եմ այդպես ասում: «Պոլմիեթալ» ընկերությունը շատ հզոր ընկերություն է: Եթե նայենք նրանց տարեկան արտադրության կարողություններին, իսկապես, շատ ուժեղ են ֆինանսապես:

- Իսկ այդ դեպքում Ձեր ասած հզոր ընկերությունն ինչո՞ւ հետաքրքրվեց համաշխարհային ֆոնին Կապանի փոքր արտադրությամբ:

- Կարծում եմ՝ ճիշտ կլինի իրենց հարցնեք: Իրենց հայտարարության մեջ կարդացի, որ ծրագիր ունեն մշակել Լիճքվազի հանքը, որ անցյալ տարի վերցրել էին: Իմանալով, որ Կապանի հանքավայրից ոչ շատ հեռու է Լիճքվազի հանքը, նկատի ունենալով, որ այսօր մեր ֆաբրիկան օգտագործում ենք 50 տոկոս կարողությամբ, եւ մեր ֆաբրիկան կարողություն ունի շատ ավելի մշակել՝ իրենք ծրագրեր ունեն Լիճքվազի հանքավայրը շահագործել, միացնեն, փորձեն ստեղծել կենտրոն: Իսկ թե դրանից ավել ինչ ծրագրեր ունեն, չեմ կարող ասել:

- Վայոց ձորում Ձեր ընկերությունը ոսկու հետախուզման լիցենզիա ունի: Ի՞նչ եք պատրաստվում անել այդտեղ:

- Այդտեղ կա երկու տարածք, որոնք անցյալ տարի, այլ ընկերության հետ միանալով, ձեռք բերեցինք, մակերեսային հետախուզման աշխատանքներ էինք ուզում տանել անցյալ տարի: Գեոլոգները գնացին, այդ տարածքներից նմուշներ հավաքեցին, եւ նախնական տվյալներով արդարացնում է: Այս տարի կշարունակենք հետախուզական աշխատանքները: Կարող է մի քանի հորատումներ անենք այս տարի, եւ տեսնենք՝ եթե արդյունք տվեց, եկող տարվա ամռանը կարելի է մշակել հետախուզության լուրջ ծրագիր, բայց մինչեւ այդտեղ աշխատանք չտանենք, անկեղծ ասած, չեմ կարող ասել: Տակավին շատ նախնական է:

- Հետախուզման լիցենզիա ունեք, փաստորեն:

- Երկու ընկերությունների հետ, համագործակցության մեջ մտանք, որոնք արտոնագրեր ունեն: Իրենց արտոնագրերն են, բայց ներդրումները մենք պիտի անենք, եւ այդ արտոնագրերը շահագործենք որպես գործընկերներ:

- Ո՞ր ընկերություններն են:

- Այս պահին չեմ կարող ասել, նախընտրում եմ չասել:

Վերջին 3-4 տարիներին երբ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հետ շարունակաբար հանդիպումներ էինք ունենում, մեր երկրի խնդիրներից մեկը միշտ եղել է այն, որ արտոնագրերը տրված են, բայց ոչ մի բան չի արվում այդ տարածքներում: Նկատի ունենալով, որ բնական պաշարները Հայաստանի ամենամեծ հարստություններից մեկն են՝ Հայաստանի տնտեսության համար չի արդարացնում, որ արտոնագրերը տրվեն եւ չշահագործվեն: Կարծում եմ՝ ճիշտ ձեւերից մեկն այս է, եթե պետք է տրվի արտոնագիր, թող ներդրում կատարվի, մենք էլ իմանանք, կառավարությունն էլ իմանա՝ այդտեղ ինչ-որ բան կա, եթե չկա, հարցը փակված է, եթե կա՝ այլեւս կմշակվեն առաջիկա ծրագրերը:

- Այսինքն՝ Կապանում «Պոլիմեթալն» աշխատելու է «Դանդիի» ստացած արտոնագրով:

- Այո, ընկերությունն է գնում ամեն ինչով՝ արտոնագրով, աշխատակիցներով, տեխնիկայով... Ամեն ինչը գնում է «Պոլիմեթալին»:

- 2015-ը «Դանդին» վնասո՞վ է փակել Կապանում:

- Այո, 10 մլն դոլար վնասով փակեցինք: Մեր բյուջեն 54 մլն դոլար էր, մենք ծախսել ենք 44 մլն դոլար, բայց մեր եկամուտը կազմել է միայն 35 մլն դոլար, այսինքն՝ 9,5 մլն դոլար վնասով ենք փակել: Այդ 44 մլն-ի մեջ, անշուշտ, կապիտալ ներդրումը կա, որ ստիպված ես անել: Ստորգետնյա հանքի կապիտալ ծախսը շատ է: Հետախուզական ստորգետնյա ծախսը շատ է, որ ստիպված ես անել, եթե ոչ, չես կարող շահագործել հանքավայրը, եթե ճիշտ պիտի շահագործես: Դրա համար վնասով ենք փակել:

- Նախորդ տարի ֆինանսների նախարարությանը դատի էիք տվել: Ի՞նչ փուլում է գործը:

- Փետրվարի 29-ին դատական վերջին նիստն էր, որը տեղի չունեցավ: Ինձ համար էլ մի քիչ հետաքրքրական էր, որովհետեւ դատարանից մեր փաստաբանները հեռաձայն ստացան, եւ ասացին, որ նիստը տեղի չի ունենալու, սակայն ոչ մի պատճառ չէին նշել: Հաջորդ նիստի թվականը տակավին հստակ չէ: Չգիտեմ, կարող է փաստաբաններին զեկուցեն, բայց գոնե ինձ չի զեկուցվել հաջորդ նիստի թվականը:

- Եթե դատարանը «Դանդիի» դեմ վճիռ կայացնի, այդ պարտավորությունը ստանձնելու է «Պոլիմեթա՞լը»:

- Տակավին չենք հանձել հիմնարկը, պետք է տեսնենք, թե ինչ է լինելու այս ժամանակահատվածում (գործարքն ավարտվելու է հունիսի 30-ին- հեղ.), որովհետեւ մինչեւ հիմնարկի հանձնումը իրավական սեփականատերը «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունն է:

- Հնարավո՞ր է, որ մինչեւ հունիսի 30-ը բոլոր ատյաններում դատական գործն ավարտվի, եւ համաձայնություն գաք պարտավորությունը հետաձգելու մասին, որպեսզի ռուսական կողմը վճարի: Իրենք տեղյա՞կ են դատական վեճի մասին:

- Անշուշտ, տեղյակ են, բոլոր մանրամասնությունները տրամադրել ենք իրենց: Դժվարանում եմ ասել, թե ինչ կլինի առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում, բայց մի բան հստակորեն կարող եմ ասել, որ թափանցիկորեն ամեն ինչ տրամադրել ենք մեր ռուս գործընկերներին, եւ իրենք բոլոր մանրամասնություններից տեղյակ են: Եվ եթե հարցը չվերջանա մինչեւ այդ ժամանակահատվածը, որ պիտի հանձնենք, անցնելու է իրենց, այսինքն՝ իրենք են շարունակելու այդ վեճը ֆինանսների նախարարության հետ:

Հարցազրույցը՝ ՄԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

16 մարտի 2016թ.

hetq.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: