10/14/2019

Ընտրական օրենսգրքի շուրջ չփարատված որեւէ կասկած չպետք է անտես արվի

Ընտրական օրենսգրքի շուրջ չփարատված որեւէ կասկած չպետք է անտես արվի

2016թ. հունիսի 1-ին արդեն պիտի ունենանք հանրապետության նորոգված սահմանադրությանը համապատասխանեցված Ընտրական օրենսգիրք:

Երկրի համար առանցքային նշանակություն ունեցող այդ փաստաթղթի շուրջ այս օրերին տեղի են ունենում քաղաքական քննարկումներ եւ բանավեճեր:

Եվ այդ գործընթացները, կարծեք, անտարբեր չեն թողել հանրապետության՝ շատ թե քիչ գիտակից որեւէ քաղաքացու. իշխում է այն պարզ մտայնությունը, որ Ընտրական օրենսգիրքն ամեն մի  քաղաքացու վաղվա օրվան, Հայաստանի Հանրապետության ճակատագրին (առանց չափազանցության) առնչվող հարց է: Այնպես որ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ պայքարը սոսկ ընդդիմության եւ իշխանության միջեւ հերթական կռվախնձորը չէ եւ ոչ էլ կռվահարույց հերթական հարցը, մանավանդ որ մերօրյա Հայաստանում ե՛ւ իշխանություն, ե՛ւ ընդդիմություն հասկացություններն այնքան էլ դյուրըմբռնելի չեն ու հստակ, կայուն ջրբաժան չունեն:

Խնդիրն ավելի մասշտաբային ու ընդգրկուն է եւ, կրկնում ենք, Հայաստանի Հանրապետության յուրքանչյուր քաղաքացուն վերաբերող:

Ո՞րն է գլխավորը ստեղծված իրավիճակում:

Քաղաքականությունից, օրենքների մշակումից շատ հեռու մարդկանց մեջ անգամ տարիներ շարունակ ձեւավորվել է կասկածելի հարցերի մի փունջ, որը պետք է լիովին փարատել: Ի վերջո այս գործընթացում չկա ավելի վեհ գաղափար կամ սկզբունք, որքան ընտրողների (մարդկանց) հավատն է, ընտրական գործընթացքի հանդեպ վստահությունը:

Որո՞նք են, ուրեմն, հարցերը, որոնց լուծումը (կարգավորումը) կչեզոքացնի (կվերացնի, կցրի) մարդկանց կասկածանքն ու մտահոգությունը:

Դատելով մամուլի հրապարակումներից, քաղաքական բանավեճերի ընթացքում հնչած ելույթներից, կարելի է առանձնացնել նմանատիպ մի քանի հարց.

ա) քվերակությանը մասնակցած անձանց կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակում,
բ) ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրում եւ քվեարկության ու ձայների հաշվարկի ողջ ընթացքի «օնլայն» ռեժիմով հեռարձակում,
գ) մատների թանաքոտման մեխանիզմի ներդրում,
դ) ընտրատարածքային ցուցակների մերժում,
ե) ընտրական տեղամասերում լրագրողների թվի սահմանափակման խոչընդոտի վերացում:

Ի դեպ, ներկայացված հարցերի լուծման համար խոչընդոտներ չի հարուցում մեր երկրի հիմնական օրենքը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը:

Եվ ողջամիտ կլիներ, եթե մի կողմ թողնեինք ՀՀ սահմանադրական դատարանի կոնկրետ որոշման ու առավել կոնկրետ դրույթի շուրջ իրարամերժ մեկնաբանությունները:

Ողջամիտ կլիներ, որ աչքներս չպահեինք դեպի ճենաց աշխարհը եւ նրանց մեզ վրա դատավոր չկարգեինք, թեեւ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետներն առարկություն չունեն նշված հարցերի վերաբերյալ:

Նաեւ չմոռանանք՝ Ընտրական օրենսգրքից է կախված լինելու 2017-ի ընտրական գործընթացի լեգիտիմությունը, ուրեմն եւ՝ ապագա իշխանությունների լեգիտիմությունը: Իսկ հայոց հողուջուրը սիրող, հայոց արժանապատվությունը հարգող, Հայաստանի  վաղվա համար մտահոգ որեւէ մեկը չպետք է թույլ տա, որ հանրապետության իշխանություններն աշխարհաքաղաքական սրընթաց զարգացումների ու փոփոխությունների մեր օրերում ունենան խոցելի լեգիտիմություն: Դրա համար հարկավոր է, նախեւառաջ, վերացնել Ընտրական օրենսգրքին առնչվող ամենափոքր կասկածն անգամ:

Այսինքն՝ քաղաքական ուժերի, հասարակության բոլոր խավերի դիտողությունները հաշվի առնելով ու «կոնսենսիուս»-ի գալով ինքներս լուծենք առկա հարցերը, որ մեկ տարի հետո կարողանանք մեր վստահությամբ, մեր հավատով զորություն բերենք հայրենի իշխանություններին:

Սա այն կռիվն է, որի արդյունքում հաղթողներ ու պարտվողներ չպետք է լինեն:

Սա այն կռիվն է, որի արդյունքում բոլորս պետք է հաղթող լինենք:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: