10/14/2019

Մարզի 2015թ. կատարած աշխատանքների ամփոփում

Մարզի 2015թ. կատարած աշխատանքների ամփոփում

Մարտի 22-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ՝ նպատակ ունենալով ամփոփել 2015թ. կատարած աշխատանքները եւ ներկայացնելու 2016թ. անելիքները: Համայնքներում խմելու ջրի որակի եւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների մասին ներկայացրեց մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Նունե Գեւորգյանը: Նա մասնավորապես ներկայացրեց 2015թ. երկրորդ կիսամյակում իրականացված մարզի բնակավայրերի ջրամատակարարման համակարգերում խմելու ջրի որակի մշտադիտարկման արդյունքները: Մանրէաբանական հետազոտությունը ցույց է տվել, որ նախորդ կիսամյակի համեմատ արձանագրվել է շեղումների 4% նվազում: Շեղումներ արձանագրվել են հատկապես այն համայնքներում, որտեղ ջրամատակարարումը «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն չի իրականացնում: Անհրաժեշտ վերահսկողության շնորհիվ է նաեւ, որ մարզում 2015թ. ջրային գործոնով պայմանավորված վարակներ չեն արձանագրվել:

Սյունիքի մարզպետի 2015թ. գործունեության եւ մարզի սոցիալ-տնտեսական վիճակի մասին մանրամասն հաշվետվություն ներկայացրեց մարզպետի տեղակալ Վաչե Գրիգորյանը: Փոխմարզպետը ներկայացրեց պետական բյուջեով եւ միջազգային կազմակերպությունների, հիմնադրամների միջոցներով իրականացված ծրագրերը, սեփական եկամուտների հավաքումը, արդյունաբերական ձեռնարկությունների ապրանքային արտադրանքի ծավալը, անցկացված տարաբնույթ միջոցառումները եւ այլն: 2015թ. մարզում որպես գերակա խնդիր շարունակում են մնալ զբաղվածության, նոր աշխատատեղերի ստեղծման եւ բնակչության բարեկեցության աճի ապահովման խնդիրները:

Գարնան-գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի եւ խնդիրների մասին խոսեց գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը: Նա ներկայացրեց մարզին հատկացված գարնանացանի սերմացուի, պարարտանյութերի, դիզվառելիքի թվային տվալները եւ հավելեց, որ աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, եւ այս պահին լուրջ խնդիրներ չկան:

Մարզի 2014-17թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի 2015թ. տարեկան աշխատանքային պլանի կատարման եւ 2016թ. անելիքների մասին ներկայացրեց մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Էդգար Մարտիրոսյանը: Նա տեղեկացրեց, որ 2016թ. համար նախատեսված է մարզին հատկացնել 20.84 մլրդ դրամ, որից՝ պետական բյուջեից՝ 4.1 մլրդ, միջազգային կազմակերություններից՝ 13.3 մլրդ, համայնքային բյուջեների ֆոնդային մասից՝ մոտ 153 մլն, մասնավոր ներդնողներից՝ 8.2 մլրդ դրամ, այլ աղբյուրներից՝ 3.7 մլն դրամ:

Քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը ներկայացրեց Կապանի տարածաշրջանի 22 համայնքում կատարված խմելու ջրի ջրագծի, կապտաժների արտաքին եւ ներքին պատերի, ջրամբարների ներկայիս վիճակի մասին տեղեկատվություն: Հիմնական բացթողումներն են՝ կապտաժները չցանկապատելը, ներքին եւ արտաքին ջրագծերի խողովակների մաշվածությունը, ջրամբարների ջրամեկուսացման խախտումը: Որոշ բացթողումների համար բավական մեծ գումարներ անհրաժեշտ չեն, եւ կարելի է համայնքի միջոցներով դրանք վերացնել:

Կապանի, Գորիսի եւ Ագարակի քաղաքապետները հաշվետվություն ներկայացրին 2015թ. կատարած աշխատանքների եւ հետագա անելիքների մասին: Գորայքի գյուղապետը նշեց, որ, չնայած կատարված մեծածավալ աշխատանքներին, համայնքում լուծում պահանջող խնդիրներ կան:

Մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ամփոփելով մարզխորհդի նիստը, նշեց, որ մարզի 2015թ. կատարած աշխատանքները բարձր են գնահատվել իշխանությունների կողմից, եւ 2016թ. պիտի շարունակել նույն ոգով աշխատել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: