10/21/2019

Մեղրիի ոռոգման ինքնահոս համակարգի առաջին փուլը պատրաստ է գործարկման

Մեղրիի ոռոգման ինքնահոս համակարգի առաջին փուլը պատրաստ է գործարկման

Գարնան-գյուղատնտեսական աշխատանքներին զուգահեռ առաջին պլան է մղվում մշակովի հողատարածությունների ոռոգումը: Չորային կլիմա ունեցող Մեղրիում ոռոգման տարեշրջանը մարզի մյուս տարածաշրջանների համեմատ վաղ է սկսվում: Բնականաբար, դրան «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությունը (ՋՕԸ) համեմատաբար շուտ է ձեռնամուխ լինում: Ընկերությունը, որ հիմնադրվել է տասներկու տարի առաջ, սպասարկում է երկու քաղաք (Մեղրի, Ագարակ), երեք գյուղ  (Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր), առանձին միավոր է «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի Մեղրու մասնաճյուղը (ընդհանուր առմամբ 470 հա հողատարածություն): Համեմատության համար նշենք, որ խորհրդային տարիներին Մեղրու ոռոգման եւ ջրարբիացման համակարգի մատակարարած ջուրը կյանք էր տալիս մոտ երկու հազար հեկտար հողատարածության:

Ընկերության բաժանորդների թիվը 1085 է, մեկ խորանարդ մետր ջրի սակագինը՝ 11 դրամ, որի կեսը կառավարությունը պահուստային ֆոնդից փոխհատուցում է որպես լրավճար: Ընդհանրապես Մեղրիում ոռոգման ջրի մեկ խորանարդ մետրի ինքնարժեքը բարձր է՝ 62 դրամ, ինչը բացատրվում է ոռոգումը մեխանիկական եղանակով իրականացմամբ՝, ընկերությունն ունի 18 պոմպակայան, 16 տրանսֆորմատորային ենթակայան, երկու խորքային հոր: Պոմպերի ծախսած էներգիան էլ բարձրացնում է մատակարարվող ջրի ինքնարժեքը: Մանավանդ որ որոշ բնակավայրերում ջուրը մատակարարվում է երկաստիճան, Նռնաձորում՝ եռաստիճան մղումով: Ուստի կառավարությունը 140 մլն դրամ եւս լրավճար է հատկացնում էլէներգիայի ծախսը հոգալու համար:

Յոթ տարի առաջ ընկերության մասին գրածս նյութը («Սյունյաց երկիր», 25 հունիսի 2009թ.) վերնագրել էի «Գործին կնպաստի ինքնահոս մատակարարումը»՝ նկատի ունենալով Մեղրիում ոռոգման ջրի բարձր ինքնարժեքը: Հարցադրումն ինքնանպատակ չէր, քանզի դեռ այն ժամանակ ոռոգման համակարգն ինքնահոս եղանակով դարձնելու ծրագիր կար, ընդ որում՝ ոռոգման ջուրը խողովակաշարով պիտի մղվեր Ագարակ-Շվանիձորի խաչմերուկ, որտեղ ճյուղավորվելով ջրի մի մասը պիտի հասներ Ագարակ, մյուս մասը՝ Ալվանք-Շվանիձոր-Նռնաձոր:

Լինելով «Մեղրի» ջրօգտագործողների ընկերությունում՝ նրա գործադիր տնօրեն Դավիթ Ալեքսանյանից նախ հետաքրքրվեցինք Մեղրիում ոռոգման ջրի ինքնահոս եղանակի ներդրմամբ: Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ աշխատանքները պիտի մեկնարկեին 2012 թվականին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակում, բայց քանի որ այն փակվեց, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, 2014-ին սկսվեց եւ 2015 թվականի ընթացքում գործն ավարտին հասցվեց: Աշխատանքները կատարել են «Դորոժնիկ» եւ «Սպիտակ-1» շինարարական կազմակերպությունները: Ջրառից մինչեւ բաժանարար տուփը կառուցումն իրականացրել է «Դորոժնիկը», իսկ ձախ ճյուղի՝ դեպի Ալվանք-Շվանիձոր-Նռնաձոր տանող գլխավոր խողովակաշարի անցկացումը՝ «Սպիտակ-1»-ը: Ծրագրի երրորդ փուլը, մեր զրուցակցի փոխանցմամբ, որ կլինի Եվրասիական բանկի միջոցներով, ներքին ցանցի նորոգումն է, քանզի ինչպես Դավիթ Ալեքսանյանն է ասում, այս նոր խողովակաշարը հին մղման համակարգին հարիր չէ եւ ավելացնում, որ առանձին հողատարածություններ մղման նոր համակարգով ջուր են ստացել, երեւան են եկել որոշ թերություններ, որոնք առաջիկա օրերին կվերացվեն: «Ոռոգման սեզոնը սկսվում է մարտի 1-ից, բայց համայնքներ կան, որոնք ունեն սեփական ջրաղբյուրներ՝ Ագարակ, Նռնաձոր եւ Մեղրու մի հատված. ապրիլի 1-ից ենք ջուր տալիս», - ասում է:

Ոռոգման նոր համակարգին անցնելը չափազանց կարեւոր խնդիր է լուծում, հողատարածությունները ոռոգվում էին Արաքսից մղվող ջրով: Անպակաս էին լինում պոմպերի խափանումները, քանզի Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի թափոնները լցվում էին Արաքսի ջրերը՝ իրենց հետ բերելով ապարախյուս, որից էլ պոմպերը խափանվում էին: Բացի այդ նման ջրով այգիները ոռոգելով, ի՞նչ երաշխիք, որ էկոլոգիապես մաքուր բերք կստանաս: «Մարդիկ մտածեցին, որ լավագույն տարբերակը Մեղրիում ոռոգման ինքնահոս համակարգ ներդնելն է, - եզրակացնում է գործադիր տնօրենը, - մանավանդ որ ոռոգման նպատակով հատկացվող լրավճարի բեռն էլ է վերանում»:

Կա նաեւ խնդրի տնտեսական կողմը. նոր համակարգին անցնելով՝ մոտ 80 մլն դրամ կտնտեսվի էլեկտրաէներգիայի վճարի առումով, եւս 15 մլն դրամ՝ աշխատողների կրճատման հաշվին, քանզի այլեւս պոմպավարների անհրաժեշտությունը չի լինի, իսկ ոռոգման տարեշրջանում ընկերությունում աշխատում է մոտ 80 մարդ:

Նոր համակարգի ներդրմամբ կավելանա՞ն բաժանորդների թիվը, որովհետեւ ընկերությունն ի զորու է սպասարկել 680 հեկտար հողատարածություն: «Կարող եմ փաստել որպես մեղրեցի, որ գյուղական համայնքներում աշխատուժ չի մնացել: Մեքենահարմար հողատարածություններ ունենք՝ ցորեն, գարի ցանելու, կարտոֆիլ, կաղամբ, այլ մշակաբույսեր աճեցնելու համար, Մեղրիում էլ ջուրը համարյա ձրի է, բայց… », - մտահոգություն է հայտնում Դավիթ Ալեքսանյանը:

Ինքնահոս եղանակով ջուր մատակարարելու համար ընկերությունը Մեղրի գետի վրա կառուցված ջրառով 450 լիտր/վայրկյան ջուր է վերցնում: Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսներին, երբ գետը սակավաջուր է դառնում, զրուցակիցս չի կարծում, որ դրանք կազդեն իրենց աշխատանքների վրա, քանզի միշտ պոմպերը սարքին վիճակում են պահում՝ նորից գործարկելու համար: Տարիներ ի վեր խոսվում էր, եւ նման ծրագիր կար Լիճք գյուղի ներքին հատվածում մինչեւ երեք մլն խորանարդ մետր տարողությամբ ջրամբար կառուցելու մասին: Բայց դրա վերջը չի երեւում… Մինչդեռ, ինչպես մեղրեցիներն են ասում, տարեկան 50-80 մլն խորանարդ մետր ոսկի ջրով մեր հարեւանների աչքները լույս ենք անում:

Մեղրի գետի վրա երեք փոքր հիդրոէլեկտրակայան է գործում, չորրորդն է կառուցվում, եւս երկուսն է նախատեսվում կառուցել: Ոռոգման ջրի ինքնահոս եղանակով մատակարարում եւ էներգաարտադրություն, - այս երկուսը միմյանց չե՞ն խանգարի: Դ.Ալեքսանյանի համոզմամբ՝ կողմերից ոչ մեկն էլ չի գնա չարաշահման ճանապարհով, այդ ամենը կկարգավորվի օրենսդրությամբ (բայց այդպե՞ս կլինի արդյոք), ընկերությունն էլ պատրաստ է դիմակայել չորային եղանակի անակնկալներին, իր խոսքը ձեւակերպելով այսպես՝ մի տեղը չենք չորացնելու, մի այլ տեղը կանաչ պահենք. «Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսները կասկածելի են սակավաջրության առումով: Եթե տարին բարենպաստ չեղավ, Արաքսից ենք ջուր վերցնելու, ընդ որում՝ շարժիչները, էլեկտրական տնտեսությունը միշտ պատրաստ ենք պահում: Վիճակագրություն ունենք, 1966 թվականին՝ ամռան շոգ ամիսներին, գետում 3 խմ/վ ջուր է եղել, տարի կա՝ դրա կեսն էլ չկար: Գետում ջրի քանակությունը կախված է սարերի վրա ձյան պաշարից եւ տեղումների քանակից: Թե ինչպե՞ս կլինի այս տարի, ցույց կտա ժամանակը»:

Գործադիր տնօրենից զրույցի ավարտին ցանկացանք իմանալ, այնուամենայնիվ, ո՞րն է ընկերության ամենանեղ օղակը, ի՞նչը կարող է նեղը գցել ջրամատակարարին: «Ձեռնարկության ամենամեծ պրոբլեմն Ագարակում երկու պոմպի փոխարինումն է նորով: Դրանց ձեռքբերման համար ջրային պետական կոմիտեն խոստացել է պահանջվող գումարը հատկացնել, առաջիկայում պիտի գնամ, դրանք տեսնեմ, որ տեղափոխենք, իրենք էլ կմոնտաժեն», - ասում է եւ հավելում, - մեր տղաներն այս պահին գտնվում են «Արաքս-1» պոմպակայանում, այսքան տարի ջրօգտագործողին հուսախաբ չենք արել, այս տարի էլ, համոզված եմ, չենք անի»:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: