10/21/2019

Սամվել Թանգյան. «Միակ խնդիրը գյուղացու վճարունակ չլինելը կարող է լինել»

Սամվել Թանգյան. «Միակ խնդիրը գյուղացու վճարունակ չլինելը կարող է լինել»

Մարզում գարնանացանի աշխատանքներն արդեն մեկնարկել են, իսկ մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը համակարգում է այդ աշխատանքները: Վարչության պետ Սամվել Թանգյանի տեղեկացմամբ՝ նախատեսվում է կատարել 4950 հա գարու, 95 հա ցորենի, 3800 հա այլ հացահատիկային մշակաբույսերի (հաճար, վարսակ) գարնանացան, ինչպես նաեւ 1200 հա բանջարեղենի, 1850 հա կարտոֆիլի ցանքս:

«Թվային տվյալները ստույգ են՝ համապատասխանեցված համայնքապետարանների հետ, ընթացքում հնարավոր է 100 հա ավելանա կամ պակասի: Գարնանացանի սերմացու թե՛ գյուղացին ունի, թե՛ կառավարության աջակցության ծրագրերով ենք ձեռք բերել: Այս առումով մարզում խնդիր չկա», - նշեց Սամվել Թանգյանը:

Մարզին կառավարության գյուղատնտեսության աջակցության ծրագրով տրամադրվել է 250տ գարնանացան գարու սերմացու, որ ձեռք բերելու համար նախապես համայնքապետերը հայտ են ներկայացնում, իսկ գյուղացին, կանխիկ վճարելով, ձեռք է բերում սերմացուն: Շուկայական գներից (1կգ՝ 170-180 դրամ), բնականաբար, տարբերվում է. գարու սերմացուի 1կգ արժե 130 դրամ:

Գարնանացանի ցորենի, հաճարի սերմացու պետությունը չի տրամադրում, բայց մարզում պահեստավորված կա, եւ, վարչության պետի հավաստմամբ, խնդիր չունեն: Սամվել Թանգյանը հավաստիացրեց, որ սերմացուն բաժանելիս գյուղապետը խտրություն չի դնում, նման խնդիր չի կարող առաջանալ, քանի որ ե՛ւ մարզպետը, ե՛ւ վարչությունը վերահսկում են աշխատանքները:

Պետությունը տրամադրել է նաեւ կորնգանի 50տ, 1կգ-ը` 370 դրամ, եւ առվույտի 3տ, 1կգ` 1500 դրամ, սերմացու: Կարտոֆիլի սերմացուի խնդիր նույնպես չկա, գյուղացիները, ֆերմերները պահեստավորված ունեն: Վարչության պետը նշեց նաեւ, որ անցյալ տարի որոշ ֆերմերներ էլիտա տեսակի կարտոֆիլ են ցանել եւ առաջին վերարտադրության սերմերն արդեն պահեստավորել են: Ի դեպ, կարտոֆիլի էլիտա տեսակը նորություն է մարզում, դրա գինը շուկայում հասնում է մինչեւ 550 դրամ, իսկ առաջին վերարտադրության սերմացուի գինը՝ 250 դրամ: Հարցին, թե արդյոք թանկ չէ կարտոֆիլի համար, վարչության պետը պատասխանեց. «Կարտոֆիլի գները մեր շուկայում անկանխատեսելի են»:

Անցյալ տարի մարզը դիզվառելիքի հայտ էր ներկայացրել 1մլն 500 հազար լիտրի համար (1լ` 350դր.), բայց քանի որ շուկայում գները ցածր էին, օգտագործվել է ընդամենը 110 հազար լիտր: Այս տարի մարզին հատկացվել է 750 հազար լիտր` 1լ 280 դրամով: Նախապես հայտերի հիման վրա  տրամադրվելու է գյուղացուն` գումարը կանխիկ վճարելու դեպքում:

Մարզին հատկացված 2200տ ազոտական, 80տ ֆոսֆորական, 80տ կալիումական պարարտանյութերը  նույնպես բավարար են գյուղացիներին, եթե լրացուցիչ պարարտանյութ ձեռք բերելու խնդիր լինի, կրկին հայտ կներկայացնեն: «Գարնանացանի համար թե՛ սերմացուի, թե՛ դիզվառելիքի, թե՛ պարարտանյութի հետ կապված խնդիր չունենք, իսկ տեխնիկան, թեպետ նոր չէ, բայց բավարար է գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու համար: Միակ խնդիրը գյուղացու վճարունակ չլինելը կարող է լինել: Իսկ ցրտահարությունն այս պահին վտանգավոր է միայն ծաղկած ծառերի համար», - ամփոփեց Սամվել Թանգյանը:

Վերջերս Սյունիք համայնքում կրծողները մեծ խնդիրներ էին առաջացրել: Սամվել Թանգյանը տեղեկացրեց, որ 2015թ. մկնանման կրծողների դեմ գարնանային պայքարի կազմակերպման նպատակով 305 կգ թունանյութ (Ռոդիֆակում Ս), որի միջոցով 27 համայնքում (Սիսիանի եւ Գորիսի տարածաշրջանների) պայքար է կազմակերպվել 10040հա ցանքատարածության վրա, իսկ 2016թ. գարնանը Կապանի տարածաշրջանի 7 համայնքին տրամադրվել է 120կգ թունանյութ՝ 1500հա ցանքատարածության վրա:

«Քանի որ Սյունիք համայնքում կրծողները նախքան համապատասխան միջոցառումներ ձեռնարկելն ակտիվացան, անմիջապես ձեռնարկվեցին կանխարգելիչ աշխատանքներ: Ներկայումս կրծողներն այլեւս վտանգավոր չեն: Դեղամիջոցը տրամադրվում է պետպատվերի շրջանակներում համապատասխան խմբի կատարած ուսումնասիրությունների հիման վրա», - տեղեկացրեց վարչության պետը: Դեղի որակի հետ կապված Սամվել Թանգյանը մտավախություն չունի, այն ներկրվում է արտասահմանից` անցնելով լաբորատոր հետազոտություն:

Հաճախ կարելի է տարբեր համայնքների բնակիչներից բողոք լսել` կապված թունաքիմիկատների, համապատասխան դեղամիջոցների համար նախատեսված լիցենզավորված հատուկ վաճառքի կետ չունենալու վերաբերյալ: Վարչության պետը նշեց, որ Սիսիանում նման խանութ սեզոնային աշխատում է, իսկ մշտական գործունեության համար շահութաբեր չէ: «Մեր բնակիչների մեջ դեռեւս չի մտել բույսերի, կենդանիների հիվանդությունների դեմ նախօրոք պայքարելու համար որոշ միջոցառումներ ձեռնարկելու կուլտուրան», - պարզաբանեց Ս.Թանգյանը:

Խոսելով Խոտ գյուղի մոտ կառուցված անասնաշուկայից` վարչության պետը նշեց, որ այն դեռեւս նպատակին չի ծառայում: Նույնիսկ առաջարկ է եղել այնտեղ դեղորայքի, գյուղտեխնիկայի մեծածախ առեւտուր կազմակերպել, բայց քանի որ գյուղացիների կողմից ակտիվություն չի նկատվում, պահանջարկի պակաս կա, առայժմ քայլեր չեն ձեռնարկվում: «Իշխանասարի մոտ կառուցված գյուղմթերքների շուկան նույնպես չի ծառայում իր նպատակին` պայմանավորված պահանջարկի բացակայությամբ: Գյուղացին կարող է ամբողջ օրը կանգնել այդտեղ եւ ոչինչ չվաճառել: Ճիշտ է, բոլոր պայմանները ստեղծված են, բայց համապատասխան շարժ չկա», - նշեց վարչության պետը:

Ս.Թանգյանը տեղեկացրեց, որ այս պահին մարզում իրականացվում է ջրարբիացման ծրագիր: ՀՀ կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ԾԻԳ» պետական հիմնադրամի միջոցներով 2015թ. 11 համայնքում ավարտվել են աշխատանքները, 5 համայնքում ընթացքի մեջ են, 6 համայնքում նախատեսված է, իսկ ծրագրի հաջորդ փուլը կընդգրկի եւս 11 համայնք: Պարզապես այս ծրագրով համայնքը նույնպես ներդրում է ունենում` 5% ջրարբիացման, 20%` տեխնիկայի ձեռքբերման համար: Գյուղտեխնիկայից այս ծրագրերով տրամադրվում է «Բելառուս» տրակտոր, գյուղգործիքներ,  կառուցվել է ջրագիծ, անասունների մակատեղ,  կացարաններ, փարախներ, խմոցներ: Խնդիրն այն է, որ համայնքներն ի վիճակի չեն այդ ներդրումը կատարել, բայց մարզպետ Սուրեն Խաչատրյանի  միջամտությամբ այդ հարցը լուծվում է:

Մարտի 1-ից սկսվել է ոռոգման ջրերի տարեշրջանը, բայց այստեղ բավականաչափ խնդիրներ կան: Պոմպերը, խողովակները, մի խոսքով` ոռոգման ողջ համակարգը վերանորոգման կարիք ունի, որը մեծ ֆինանսական ներդրում է պահանջում:

Չնայած կատարվող աշխատանքներին` մարզում օրակարգային է մնում սառնարանային տնտեսության, սպանդանոցի, կաթի մշակման արտադրամասի ստեղծումը: «Եթե կարողանանք այս երեք ծրագիրն իրականություն դարձնել, դուրս կգանք արտաքին շուկա: Ներկայումս Ռուսաստան չենք կարողանում մթերք ուղարկել, քանի որ կայուն պաշար չունենք: Եթե պայմանագիր կնքենք, ապա մշտական ցիկլով պարտավոր ենք արտադրանքն ուղարկել, որը հիմա հնարավոր չէ: Իրացման խնդիրը լուծելու դեպքում հնարավոր է ավելացնել որոշ մթերքների արտադրության ծավալը», - նշեց Ս.Թանգյանը: Կաթի մթերման հետ կապված նույնպես խնդիր կա մարզում, մեծ ծավալով մթերում իրականացնող «Աշտարակ կաթ» ընկերությունը ներկայումս կաթ չի ընդունում եւ գյուղացիներին դեռեւս պարտք է:

Խոշոր եւ մանր եղջերավոր անասունների շրջանում այս պահին որեւէ հիվանդության վարակ չկա, անասնաբույժները կատարում են անհրաժեշտ պատվաստումները: Ինչ վերաբերում է ազատագրված տարածքից անասունների հոսքին մարզ, ապա հնարավորության սահմաններում նրանք նույնպես կպատվաստվեն: «Չնայած վերահսկողությունն այս դեպքում դժվարանում է, բայց հնարավոր ամեն ինչ կանենք, որ չպատվաստված կենդանի մարզ չմտնի», - հավաստիացրեց Ս.Թանգյանը:

Բացի պետպատվերով սահմանված պատվաստման աշխատանքներից՝ անասնաբուժական մնացած ծառայությունները վճարովի են կատարվում:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: