06/06/2020

Աղասի Հակոբջանյան. «Սիսիանում ակնկալում եմ արդար ընտրություններ, չընտրվելու դեպքում կկանգնեմ իսկապես հաղթողի կողքին»

Աղասի Հակոբջանյան. «Սիսիանում ակնկալում եմ արդար ընտրություններ, չընտրվելու դեպքում կկանգնեմ իսկապես հաղթողի կողքին»

Վերջին տարիներին, հատկապես 2015թ. Սիսիանում բավականաչափ աշխատանքներ կատարվեցին՝  Ճանապարհների, բակերի, բազմաբնակարան շենքերի հիմնանորոգում, քաղաքի լուսավորության վերականգնում, աղբահանության պատշաճ կազմակերպում, մարզամշակութային տարբեր միջոցառումների անցկացում եւ այլն: Բացի կատարված աշխատանքների մասին խոսելուց՝ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ զրուցեցինք նաեւ սիսիանյան նախընտրական տրամադրություններից:  


- Պարո՛ն Հակոբջանյան, ինչպիսի՞ն էր 2015թ. Սիսիան քաղաքի համար: Բնակչության համար կենսական ի՞նչ հարցեր լուծվեցին:  

- 2015թ. Սիսիանի համար բեկումնային տարի էր կատարված աշխատանքների ծավալի առումով: Ամեն տարվա վերջին քննարկելով բյուջեն՝ ես միշտ հայտարարել եմ, որ սա գոյատեւման բյուջե է, եւ լուրջ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ չունենք: 2015թ. բեկումնային եղավ, որովհետեւ պետական միջոցների հաշվին լայնածավալ այնպիսի աշխատանքներ կատարվեցին, որոնց սիսիանցիները վաղուց էին սպասում: Հիմնանորոգվել է Մ2-Շաքե-Սիսիան-Դաստակերտ-Ցղունի հանրապետական նշանակության 31.7կմ երկարությամբ ճանապարհի մինչեւ Տոլորս ընկած հատվածը, որը, իհարկե, շարունակություն կունենա: Արդյունքում քաղաքի Արամ Մանուկյան, Իսրայելյան, Սիսական, Գ.Նժդեհ, Չարենց, Շիրվանզադե եւ Շիրակ փողոցներում հիմնանորոգվել է շուրջ 5կմ երկարությամբ մոտ 5000քմ ճանապարհ՝ կահավորվելով պահանջվող ճանապարհային նշաններով: Ի դեպ, հիանալի այդ ծրագիրը Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումներից է: Հաշմանդամության սայլակներով տեղաշարժվող անձանց համար կառուցվել են համապատասխան անցումային մասեր: Մ2-ից Սիսիան ձգվող մյուս ճանապարհի հիմնանորոգումն այս տարի կիրականացվի: Ասֆալտապատվել են նաեւ Գայի 10, 14, Որոտան 1, 2, 3, 4, 5, 6, 7 եւ 8 բազմաբնակարան շենքերի բակային հատվածները՝ շուրջ 4200քմ: Վերականգնվել են Որոտան 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 բազմաբնակարան շենքերի ջրհորդանները: Հիմնովին նորոգվել են Գայի 1, 3, 15, Որոտան 1, 2 եւ 5 բազմաբնակարան շենքերի տանիքները՝ շուրջ 3800քմ մակերեսով: Ի դեպ, տանիքների մի մասը նորոգվել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ի միջոցներով, մարզպետ Սուրեն Խաչատրյանի աջակցությամբ, իսկ մի մասը՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցելության ժամանակ քաղաքի բնակիչներին խոստացած եւ ապա տրամադրված միջոցներով: Իրականացվել են քաղաքի բազմաբնակարան շենքերի 17 շքամուտքերի նորոգման աշխատանքներ: Իմ եւ ընկերներիս անձնական միջոցներով մեծածավալ շինաշխատանքներ են կատարվել նոր կառուցվող 800քմ մակերեսով մարզահամալիրում, որի մարզագույքը կտրամադրի ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Կարծում եմ՝ շուտով արդեն կունենանք մեր երազած մարզահամալիրը:     

- Ներկայացրեք, խնդրեմ, 2016թ. համայնքային բյուջեն:

- 2016թ. համայնքային բյուջեն կազմում է 406 մլն դրամ, որից սեփական եկամուտները՝ 108մլն 325 հազար դրամ: Բյուջեից 295մլն դրամը հատկացվելու է համայնքապետարանի եւ նրա ենթակայության հիմնարկների աշխատավարձի ֆոնդին: 2015թ. բյուջեի եկամուտները փաստացի կազմել են մոտ 422մլն 825 հազար դրամ, ինչը կազմել է նախատեսվածի 97.85%-ը: Ծախսերը կատարվել են 95.4%-ով՝ կազմելով մոտ 418մլն 377 հազար դրամ: Ի դեպ, համայնքային բյուջեն 2012թ. կազմել է 291մլն դրամ, որից սեփական եկամուտները՝ 86 մլն: Այս տարիների ընթացքում սեփական եկամուտների աճը պայմանավորված է նրանով, որ Սիսիան քաղաքի տարածքում գործող բոլոր սուբյեկտները (անհատ ձեռնարկատերեր, իրավաբանական անձինք) բերվել են հարկային դաշտ, որոնք կատարում են իրենց հարկային պարտավորությունները: Նախկին տարիներից մնացած պարտքերը հիմնականում կոմունալ ծառայության վարձավճարներն են, որոնք նույնպես աստիճանաբար փորձում ենք վերացնել: Այս հարցը պայմանավորված է նաեւ փակ դռներով, ինչպես նաեւ բնակարանը վարձակալողի ոչ պարտաճանաչ վերաբերմունքով:

- Երկրորդ ընտրաշրջանի քառամյա ծրագրով նախատեսված աշխատանքները որքանո՞վ եք կատարել:

- Կարելի է ասել քառամյա ծրագիրը կատարել ենք լիարժեք, դեռ մի բան էլ նախատեսվածից ավելի: Ծրագրի կետերը մեր ամենօրյա աշխատանքային օրակարգում են դրված` քաղաքի կանաչապատում, բարեկարգում, աղբահանության պատշաճ կազմակերպում եւ այլն: Աշխատանքներ են իրականացվել  նաեւ քաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ուղղությամբ: Քաղաքի 446 լուսատու փոխարինվել է էներգախնայող լուսատուներով, իսկ Գայի, Սյունիքի եւ Երիտասարդական փողոցներում տեղադրվել է 33 նոր լուսատու: Շիրակի փողոցի լուսավորության հարցի լուծումն ընթացքի մեջ է: Կարեւոր էր նաեւ հասարակական զուգարանների ստեղծումը. երկուսն արդեն շահագործման է հանձնվել, երրորդի աշխատանքները կատարվում են: Քաղաքի բոլոր աղբամանները եւ դրանց շրջակայքը, ինչպես նաեւ քաղաքային աղբավայրի տարածքները պարբերաբար ախտահանվել են: Քաղաքում տեղադրվել է պլաստիկ շշերի հավաքման 36 աղբաման, որտեղ հավաքված շշերը կենտրոնացված կարգով պահեստավորվել են՝ հետագայում որեւէ վերամշակող կազմակերպության տրամադրելու համար: Կարճ ասած, այն բոլոր խնդիրները, որոնք հրատապ լուծում էին պահանջում, ինչպես նաեւ որոնց լուծման համար համայնքապետարանն ուներ անհրաժեշտ միջոցներ, լուծված կարելի է համարել: Մեկ այլ ծրագիր ունենք, որի մասին դեռեւս չեմ բարձրաձայնի: Ծրագիրն իրականություն դառնալու դեպքում Սիսիանում 200 աշխատատեղ կբացվի: 

- Եվ, այնուամենայնիվ, ո՞րն է այս պահին Սիսիանի համար ամենաառաջնային խնդիրը:

- Սիսիանի առջեւ ծառացած առաջնային խնդիրներից է Ֆիզկուլտուրնիկի 6 շենքի մարդկանց տարհանելն ու բնակարանով ապահովելը: Համապատասխան սեյսմիկ ուսումնասիրությունները կատարվել են, չորրորդ կարգի վթարային շենք է: Տարբեր ատյանների դիմել ենք, վարչապետի այցելությունից հետո կարծես թե շարժ է նկատվում այդ հարցի լուծման ուղղությամբ: Բանակցությունները շարունակվում են, հուսով եմ, այդ հարցը պատշաճ լուծում կստանա, եւ այնտեղ ապրող 40 ընտանիք բնակարանով կապահովվի: Կարեւորագույն խնդիրներից է, ինչպես ողջ հանրապետության տարածքում, մարդկանց զբաղվածության հարցի լուծումը: Քաղաքի փողոցների եւ բակերի բարեկարգումը, տանիքների վերանորոգումը նույնպես առաջնային խնդիրներից են: Շահումյան փողոցի նորոգումը հավանաբար կիրականացվի կառավարության՝ հրատապ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրով: 

- Ի՞նչ ընթացքի մեջ են Սիսիանի ներքին ջրատար ցանցի հիմնանորոգման աշխատանքները:

- Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Որոտանի ձախափնյա հատվածում: Խանջյան փողոցի ներքին ջրատար ցանցը փոխելու աշխատանքներն ավարտվել են, Իսրայել Օրի փողոցինն ընթացքի մեջ են: Դեռեւս կատարողական ակտ չի ստորագրվել. ներքին ջրատար ցանցը համայնքային հաշվեկշռին չի հանձնվել, որից հետո ավագանին որոշում կկայացնի հետագա շահագործման համար: Բայց քաղաքի ներքին ջրատար ցանցի սպասարկումը 15 տարով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին հանձնելու ավագանու որոշում է կայացվել: Ընկերության հետ համագործակցության շնորհիվ 2015թ. վերականգնվել են թիվ 3, 4 նախակրթարանների, Որոտան 2 եւ 4 բազմաբնակարան շենքերի կոյուղագծերը: 2016թ., դեռեւս չգիտեմ, թե ինչ ծրագրեր կկազմվեն: Մինչդեռ ընկերության պարտականությունն է ոչ միայն ջրամատակարարում իրականացնելը, այլեւ կոյուղու աշխատանքների կազմակերպումը, որ քաղաքում բավականին լուրջ խնդիրներ է առաջացնում: Կոյուղին մտնում է Որոտան գետը. քաղաքի ներքին կոյուղու վիճակի մասին եզրակացություն պետք է տան համապատասխան մասնագետները: Հաճախակի են կեղտաջրերը թափվում քաղաքի փողոցներ: «Հայջրմուղկոյուղի»-ն պետք է մինչեւ բնակարանի հաշվիչ իրականացնի սպասարկում. չէ՞ որ մասնավոր սեկտորում մինչեւ հաշվիչ սպասարկումն ընկերությունն է կատարում: Ընկերությունը պատասխանատվություն պետք է կրի թե՛ ջրամատակարարման, թե՛ կոյուղու հետ կապված բոլոր աշխատանքների համար. չէ՞ որ բնակիչը վճարում է նաեւ ջրահեռացման համար: Կարծում եմ՝ ընկերության հետ հարաբերություններում շատ հարցեր վերանայման կարիք ունեն:      

- Սիսիանում 84 բազմաբնակարան շենք կա, բնականաբար, բնակարանային կոմունալ տնտեսություն ունեք, իսկ համատիրություններ չեք ստեղծել, ինչո՞ւ:

- Այլ քաղաքների փորձը հաշվի առնելով՝ համատիրություններ ստեղծելու անհրաժեշտություն չենք ունեցել: Իմ կարծիքով՝ համատիրությունների ինստիտուտը չի կայացել, վճարներից գոյացած գումարը հազիվ նրանց ծախսերն է փակում: Իսկ բնակարանային կոմունալ տնտեսության նորանշանակ տնօրեն Կարեն Հովհաննիսյանը բարձր մակարդակով է կատարում իր պարտականությունները:

- Ի դեպ, քաղաքի կենտրոնում մաքրությունն աչք է շոյում, եւ տեսանելի է բարեխիղճ աշխատանքի արդյունքը: Բայց մեզ հետաքրքրում է նաեւ Որոտան գետի ջրային հայելիների պահպանման վիճակը:

- Ջրային հայելիների աղտոտվածությունը, ըստ մասնագիտական եզրակացության, պայմանավորված է ջրի հոսքի պակասությամբ: Հորդառատ անձրեւների բերած տիղմը գալիս անցնում է, իսկ այստեղ ջրի հոսքի պակասության պատճառով առաջանում են ջրիմուռներ, մոծակներ են հայտնվում, եւ ստեղծվում է այլ միջավայր: Իմ գործունեության տարիներին մեկ անգամ հիմնովին մաքրեցինք, բայց դա կրկնվող գործընթաց է, ջրի սանիտարական հոսքը չի ապահովվում, եւ ստեղծվում է այդ վիճակը: Կարծում եմ՝ այս հարցին պետք է պետական մոտեցում ցուցաբերվի:

- Տարածված կարծիք կա, որ Սիսիանում ոչ համերաշխ վիճակ է, հասարակությունը բաժանվել է տարբեր բեւեռների: Միգուցե սա չափազանցությո՞ւն է:

- Եթե ձեր մատնանշած ոչ համերաշխ վիճակը պայմանավորված է ինձնով, դա ճիշտ չէ: Սիսիանի բնակիչներն իմ մտերիմներն են. եթե կան հզոր անհատներ, համագործակցում եմ ինչպես նրանց, այնպես էլ քաղաքում գործող քաղաքական բոլոր ուժերի հետ՝ ի շահ մեր համայնքի զարգացման: Կան նոր կայացող անհատներ, ուրիշի հետ հույս կապողներ, ովքեր փորձում են ցույց տալ իրենց ով լինելը՝ խաթարելով քաղաքի անդորրը: Ինչ վերաբերում է բազմակարծությանը, ապա այն ավելի շատ նպաստում է իմ գործունեության կատարելագործմանը, բացթողումների շտկմանը: Եթե կա առողջ քննադատություն, ես ողջունում եմ, այն ինձ օգնում է, իսկ եթե կան «բզկտոցներ», ես դրանք հաշվի չեմ առնում:

- Ինչպիսի՞ն է Սիսիանի ժողովրդագրական վիճակը:

- Ամսական մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում ծնունդների եւ մահերի, մեկնողների եւ վերադարձողների, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների վերաբերյալ: Վերջին ութ տարվա ընթացքում ծնունդ-մահ հարաբերակցությունը կայուն է, տարբերությունը գոհացուցիչ չէ, բայց նահանջ էլ չի արձանագրվել: 2015թ. Սիսիանում գրանցվել է 140 ծնունդ, որից 139-ը՝ կենդանի ծնունդ, 109 մահ, 73 ամուսնություն, 21 ամուսնալուծություն: 2015թ. համայնքից մեկնել է 175 հոգի, որից Երեւան՝ 42, ՀՀ այլ բնակավայրեր՝ 9, ԼՂՀ՝ 1, արտերկիր՝123, իսկ մշտական բնակության նպատակով համայնք է տեղափոխվել 108 մարդ, որից՝ Երեւանից՝ 7, ՀՀ այլ բնակավայրերից՝ 2, ԼՂՀ-ից՝ 2, արտերկրից՝ 97: Իհարկե, մեկնելու պատճառն աշխատանքի բացակայությունն է, բայց, իմ կարծիքով, այն աշխատանքը, որ կատարում են այլ վայրում, դրա 50%-ը կատարեն հայրենիքում, մեր երկրի վիճակն ավելի լավ կլինի:

- Քաղաքացիների ընդունելության ժամանակ ավելի շատ ի՞նչ հարցերով են դիմում:

- Քաղաքացիների հիմնական պահանջն աշխատանքի տեղավորումն ու նյութական օգնություն խնդրելն է: Խնդիրն այն է, որ ՏԻՄ համակարգում վերջին տարիներին կատարված փոփոխությունների հետեւանքով հստակ սահմանվում են տվյալ հաստիք զբաղեցնելու համար աշխատանքային պահանջները: Եթե նախկինում մեկ հաստիքը հնարավոր էր բաժանել մի քանի հոգու մեջ, այսօր դա հնարավոր չէ: Այսօր ունենք իրավաբանի, ճարտարապետի թափուր տեղ, որ չենք կարողանում գտնել համապատասխան մասնագետ: Աշխատանքի դիմողների համար խնդիր է նաեւ համայնքային ծառայողի ցածր աշխատավարձը: Ինչ վերաբերում է երիտասարդ կադրերի մայրաքաղաքից չվերադառնալուն, ապա, իմ կարծիքով, այսօր այդ հարցը մտահոգիչ է ոչ միայն Սիսիանում, այլեւ ՀՀ այլ բնակավայրերում:

- Նախադպրոցական ուսումնական հաստատություններում ի՞նչ խնդիրներ կան:

- Համայնքում գործում է չորս մանկապարտեզ, որոնք նորոգման խնդիրներ ունեն: Հիմնովին ջերմամեկուսացվել է N4 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքը, փոխվել են բոլոր արտաքին դռներն ու պատուհանները: Վերանորոգվել է N1 ՆՈՒՀ-ի մեկ խմբասենյակ: Վերանորոգվել են N3 եւ N4 ՆՈՒՀ-երի արտաքին ջրագծերը եւ կոյուղագծերը: Թարմացվել է բոլոր հաստատությունների համակարգչային տեխնիկան: Կրկնապատկվել է նախադպրոցական հիմնարկների երեխաներին տրվող սննդի չափաբաժինը՝ այն համապատասխանեցնելով նորմատիվային պահանջներին: 2015թ. նախադպրոցական ուսումնական հաստատություն է հաճախել 437 երեխա: Բայց ամենաակտուալ հարցն այսօր նոր մանկապարտեզ ունենալն է: Մանկապարտեզ հաճախելու համար դիմած մոտ 100 երեխայի չենք կարողանում ընդունել, որովհետեւ գոյություն ունեն չափորոշիչներ՝ համաձայն որոնց՝ խմբասենյակներում հստակ սահմանված թվաքանակից ավելի երեխա չի կարող լինել: Մասնագիտական կադրերի առումով խնդիր չունենք. իմ ղեկավարման յոթ եւ ավելի տարիների ընթացքում այդ հաստատությունները հնարավորինս համալրվել են երիտասարդ կադրերով: 2008թ. երբ առաջին անգամ ընտրվեցի քաղաքապետ, մանկապարտեզում թունավորման դեպքը կարծես զգոնության դաս եղավ: Մանկապարտեզների սաների դաստիարակությունից մինչեւ սանիտարահիգիենիկ վիճակի վերահսկողությունն իմ ամենօրյա աշխատանքային պարտականություններից են:

- 2014թ. Սիսիանը հռչակվեց հանրապետության երիտասարդական մայրաքաղաք: Արդյո՞ք որեւէ առումով այն նպաստեց քաղաքի զարգացմանը:

- Մարզամշակութային կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում,  հյուրանոցային պայմաններ, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիություն եւ մի շարք այլ պայմաններ հաշվի առնելով՝ առցանց քվեարկության եւ անկախ փորձագետների գնահատման արդյունքներով 2014թ. Սիսիանը հռչակվեց երիտասարդական մայրաքաղաք: Սա ենթադրում էր կառավարության կողմից բյուջետային հատկացումներ, երիտասարդական ծրագրերով նախատեսված բազմաթիվ միջոցառումների կազմակերպում եւ իրականացում տվյալ քաղաքում` ողջ տարվա կտրվածքով, ինչն էլ իր հերթին ենթադրում էր ֆինանսական հոսքեր` մայրաքաղաքից դեպի մարզեր: Մենք կարծում էինք, որ Սիսիանը կլինի կառավարության ուշադրության կենտրոնում, կիրականացվեն տարբեր ծրագրեր, կլուծվեն համայնքային որոշ խնդիրներ: Բայց սպասելիքներն այլ էին, իրականությունը՝ այլ: Ընդհանուր առմամբ ստեղծեցինք երիտասարդական այգի: Մի խոսքով՝ հաջորդ անգամ նմանատիպ միջոցառման, եթե ես քաղաքապետ լինեմ, չենք մասնակցի:

- Սիսիանը մարզամշակութային առումով նաեւ ավանդույթներ ունեցող քաղաք է:

- Սիսիանի «բրենդներից» է կանանց վոլեյբոլի թիմը, որ անցած տարի նույնպես հաջողություններ արձանագրեց: Համահայկական 6-րդ ամառային խաղերին լողափնյա վոլեյբոլի թիմը գրավեց 1-ին, դասական վոլեյբոլի թիմը՝ 3-րդ տեղը: Արվեստի դպրոցի սաները սպորտային պարերի գծով գրավեցին 2-րդ եւ 3-րդ տեղեր: 2011թ. հիմնվել է ֆուտբոլի դպրոց, որտեղ այժմ հաճախում է 45 սան: 2015թ. Հայաստանի 15 տարեկանների պատանիների առաջնությունում մեր ֆուտբոլի թիմը գրավեց 3-րդ տեղը: Ի դեպ, մարզահամալիրի կառուցումով հնարավոր է միավորենք քաղաքում գործող մարզական դպրոցները: Երաժշտական դպրոցի 11 սան արժանացել է մարզային, հանրապետական եւ միջազգային մրցույթ-փառատոնների դիպլոմների եւ պատվոգրերի: Տարբեր մրցույթների մասնակցելով՝ մեծ հաջողություններ են գրանցում Սուսաննա Հունանյանը եւ Նարինե Իսկանդարյանը: Մշակութային միջոցառումներից ավանդական է դարձել ամեն տարվա օգոստոսի 12-ին երիտասարդության միջազգային օրը նշելը, որ համախմբում է երիտասարդներին, հաճելի պահեր պարգեւում միջոցառման մասնակիցներին: Անցյալ տարի մարզի սահմանափակ կարողություններով մարդկանց «Խարիսխ» հկ-ի հետ համատեղ կազմակերպել ենք Ծաղկի հանրապետական տոն, որ միտում ունենք ավանդույթ դարձնելու:

- Նշեք քույր քաղաքների հետ համագործակցության հիմնական դրսեւորումները:

- Քույր քաղաքների հետ համագործակցությունը, նախեւառաջ, ունի ճանաչողական, մեր մշակույթն այդ երկրներում ներկայացնելու բնույթ, որ հատկապես երիտասարդների համար շատ կարեւոր է:  Իհարկե, համագործակցության արդյունքում իրականություն են դառնում նաեւ որոշակի ծրագրեր: 2008թ. երբ ընտրվեցի Սիսիանի քաղաքապետ, Հունաստանի Նեա Զմիռնի քաղաքի հետ բարեկամական հարաբերություններ էին հաստատվել, եւ ես շարունակեցի համագործակցությունը: Համո Սահյանի մշակույթի տան վերանորոգումից հետո Նեա Զմիռնիից ուղարկեցին ձայնային սարքավորումներ: Նախկին քաղաքապետ Լավրենտ Սարգսյանի օրոք 150 հազար եվրո արժողությամբ համակարգչային տեխնիկա եւ դպրոցական գույք էր ուղարկվել Սիսիան: Ֆրանսիայի Մոնտելիմար քաղաքից եկած պատվիրակությունը, հաշվի առնելով որոշակի պայմաններ, ՀՀ մի քանի քաղաքներից նախընտրեց Սիսիանի հետ կնքել քույր քաղաքներ դառնալու պայմանագիր: 2015թ. համայնքի հինգ երեխա մեկնեց Մոնտելիմար, մինչ այդ նրանց պատվիրակությունն էր այցելել Սիսիան. նրանց համար կազմակերպել էինք ճանաչողական էքսկուրսիա ՀՀ եւ ԼՂՀ տեսարժան վայրերով: Ֆրանսիայից մեր բժշկական կենտրոն են ուղարկել մամոգրաֆիկ սարքավորում, որը, սակայն, դեռեւս չի գործածվում: Փորձում ենք համագործակցել նաեւ Գերմանիայի Ռավենսբուրգ քաղաքի հետ, հավանաբար սեպտեմբերին կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու պայմանագիրը: Անցյալ տարի չորս երիտասարդ Ռավենսբուրգում մասնակցել է «Եվրոպայի գույները» միջազգային գիտաժողովին:

- Վերջին տարիներին Գորիսի ենթաշրջանում զբոսաշրջության զարգացման շնորհիվ տարբեր ենթակառույցներ ստեղծվեցին: Ինչպիսի՞ն է այդ առումով Սիսիանում պատկերը. չէ՞ որ այն Տաթեւից այնքան էլ հեռու չէ:

- Այն սպասելիքները, որոնք ունեինք զբոսաշրջության ակտիվացման հետ կապված, դեռեւս չեն արդարացել: Հայի բնավորություն է, եթե Տաթեւ են մեկնում, ապա անպայման պիտի օթեւանեն այնտեղ կամ մերձակա գյուղերում, այնինչ դա ամենեւին էլ պարտադիր չէ: Սիսիանում առայժմ զբոսաշրջության զարգացման հետ կապված տարբեր ենթակառույցներ ստեղծելու շարժն ինձ չի գոհացնում:

- 2016թ. ՏԻՄ ընտրությունների տարի է: Աղասի Հակոբջանյանը պատրաստվո՞ւմ է առաջադրվել քաղաքապետի թեկնածու:

- Թեկնածությունս առաջադրելու եմ, եւ սա ոչ միայն իմ, այլեւ աշխատակազմիս, համակիրներիս ընդհանուր որոշումն է: Եթե զգայի, որ այս կառույցում անելիք չունեմ, թեկնածությունս չեմ առաջադրի: Կարծում եմ՝ այդ հարցում ես բարոյական իրավունք եմ վաստակել, եւ հաշվի առնելով նաեւ սիսիանցիների՝ իմ հանդեպ ունեցած բարյացակամ վերաբերմունքը՝ վստահ եմ, ձայների մեծամասնությամբ կրկին կընտրվեմ Սիսիանի քաղաքապետ: Ես եկել եմ ծառայելու իմ ժողովրդին ու բավականին աշխատանք եմ  կատարել այս տարիների ընթացքում: Եթե ոչինչ չեմ արել, ուրեմն չպիտի հաղթեմ գալիք ընտրություններում:

- Ձեզ չի՞ մտահոգում այն փաստը, որ իշխող կուսակցությունը նույնպես կառաջադրի իր թեկնածուն:

- Առանց մրցակցության ընտրությունն ընտրություն չեմ համարում: Սիսիանում ակնկալում եմ արդար ընտրություններ, եւ չընտրվելու դեպքում կկանգնեմ իսկապես հաղթողի կողքին: Ժողովուրդը պիտի հաշվի առնի, թե թեկնածուներից ով ինչ է արել քաղաքի համար եւ ինչ կարող է անել: 

- Ձեր կոչը սիսիանցիներին:

- Ինչքան էլ շրջանառվող խոսակցություններ լինեն, միեւնույն է, դուք եք ընտրում ձեր քաղաքապետին: Իսկ ապագա մրցակիցներիս ասեմ, որ իրենց բարոյական իրավունքն է ընտրարշավին մասնակցելը: Միաժամանակ, ինչպես նշեցի, ակնկալում եմ քաղաքակիրթ, կոռեկտ ընտրապայքար: Եվ, իհարկե, ապավինենք մեր ժողովրդի քվեարկությանը, ոչ թե այլ ուղիներ փնտրենք:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: