06/06/2020

Առաջնագծում ամեն օր հերոսներ են ծնվում

Առաջնագծում ամեն օր հերոսներ են ծնվում

Վրեժ Ոսկանյանը՝ 1996թ. ծնված, ժամկետային զինծառայող է, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանող էր, երբ 2015թ. հունվարի 27-ին զորակոչվեց բանակ:

Հիմա հակատանկիստ է, ավելի ճիշտ՝ հակատանկային հաշվարկի հրամանատար, կրտսեր սերժանտ:

Ապրիլի 2-ի գիշերը տագնապ հայտարարվեց նաեւ այդ զորամասում… Երկու մարտական հաշվարկ ուղարկվեց առաջնագիծ՝ հնարավոր վտանգի առաջն առնելու համար:

- Մենք արդեն նշանակված տեղում էինք, երբ նկատեցինք մեզ վրա եկող տանկերը, - պատմում է Վրեժ Ոսկանյանը: - Չորս տանկ շարժվում էր մեր հաշվարկի, վեց տանկ՝ մյուս հաշվարկի ուղղությամբ: Հարկավոր էր նրանց առաջն առնել, այլապես կշարունակվեր առաջխաղացումը: Սկզբում մտածում էինք՝ ի՞նչ անել, ինչպե՞ս անել, բայց խորհելու ժամանակ այլեւս չկար… Երբ առաջին տանկը խփեցինք, ոգեւորվեցինք: Մարտն ավելի թեժացավ: Մեզ հաջողվեց խոցել մյուս տանկերը եւս: Խոցելուց հետո չորս հոգի կարողացան դուրս պրծնել տանկից եւ փախչելու փորձ կատարել, բայց ոչնչացրինք նրանց եւս: Հակառակորդի նռնականետերի կրակոցից մերոնցից երկու հոգի վիրավորեց, հիմա ապաքինվում են…

Վրեժը պատմեց նաեւ, որ իր եղբայրը՝ Էմիլ Ոսկանյանը, նույնպես ժամկետային զինծառայող է, իրենց միջեւ կապ կա, լավ է զգում: Հայրը՝ Վահագն Ոսկանյանը, սակայն, անհանգստացել ու եկել է որդուն տեսակցության:

Ամենաուշագրավը՝ թշնամու չորս տանկ ոչնչացրած զինվորն անչափ համեստ է, կարծես ինքը չէր այդ սխրանքի հեղինակը: Համոզված է՝ իր մարտական ընկերներից ով էլ լիներ՝ այդպես կվարվեր, քանի որ բոլոր զինվորները գիտակցում են՝ թշնամին որքան էլ զինված լինի, մեր հողը մտնելիս պետք է ոչնչացվի թեկուզեւ մեր կյանքի գնով…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: