06/06/2020

Կապիտան Աղաջան Մնացականյանի ծննդյան օրն էր

Կապիտան Աղաջան Մնացականյանի ծննդյան օրն էր

Հայոց ազգային ոգու արթնության եւ ընդհանրապես հայոց սրբազան հողը պաշտպանելու համար ոտքի ելած հայ զինվորի ոգու մասին այս օրերին հպարտորեն խոսում ենք բոլորս: Մարդկային այդ հոգեվիճակի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ամենակարճատեւ հրադադարի ընթացքում անգամ, մարտական նոր գործողությունների պատրաստվելու հետ մեկտեղ, կյանքը վերադառնում է «բնականոն» հուն...

Եթե թիկունքում գտնվողները մտածում են կռվող մարտիկների մասին, նրանց խիզախության եւ հերոսության կոչում, ապա ճակատի զինվորի խոհերն ու ապրումները թիկունքի մասին են լինում: Հիշո՞ւմ եք սյունեցի մեծ բանաստեղծի խոսքը՝ գրված ճակատում «Ես ձեր բախտն եմ սիրով կռում», կամ՝ «Կմեռնեմ, միայն դու դարերում ազատ խշշաս... »: Կամ հանրահայտ «Մարտիկի երգը»՝ զինվորի խոհերի մասին...

Թվում էր, թե դրանք եւ նմանատիպ մյուս գործերը ստեղծվել են այն հեռավոր տարիների համար, երբ մեր հայրերն էին պատերազմում, բայց...

Ապրիլի 9-ին զորամասերից մեկը «վայելում» էր հրադադարը...

Զինվորներից ոմանք արագ քայլերով ինչ-որ հանձնարարություն էին կատարում:

Մի քանի հոգի, առանձին կանգնած, զրուցում էին կապավորների մասնագիտական բարձր կարողությունների մասին:

Գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ով ժամանակին Գորիսի եւ Սիսիանի զորամասերի հրամանատարն էր, կանգնած էր հրազենով եւ մեզ ու մի քանի զինվորականի բացատրում էր հայոց բանակի զինվորական հանդերձանքի առանձնահատկությունները:

Վրաններից մեկի մոտ դրված «ծանրաբեռ» սեղանին մոտենում էին տղաները եւ ոտքի վրա «նշում» ինժեներական ծառայության ավագ սպա, կապիտան Աղաջան Մնացականյանի (Աղաս) ծննդյան օրը:

Ապրիլի 9-ին Աղասը դարձել էր 52 տարեկան:

Ծագումով լոռեցի կապիտանը մասնակցել է նաեւ 1990-ականների Արցախյան պատերազմին եւ հատկապես Հադրութի Մելիքաշեն (Մելիքջանլու) գյուղի համար մղված կռիվներին: Այն ժամանակ կամավորական էր:

1994-ի զինադադարից հետո ընտրեց զինվորականի մասնագիտությունը եւ որպես պայմանագրային ծառայության անցավ կազմավորվող ազգային բանակում:

Արցախյան պատերազմի ներկա փուլում նա կրկին առաջնագծում է՝ ինժեներական ծառայության ավագ սպայի կարգավիճակով:

- Ծնունդդ շնորհավոր, պարոն կապիտան, ամենաբարի մաղթանքները Ձեզ:

- Շնորհակալ եմ:

- Տիկինդ, երեխաներդ հասցրե՞լ են շնորհավորել:

- Դեռ չեն խոսել... Սպասում եմ, հավանաբար կապվելու դժվարություն կա՝ հասկանում եմ, իրենք էլ այնտեղ կնշեն՝ տանը:

- Ի՞նչ տարբերություն եք նկատում 1990-ականներին կռվող ազատամարտիկների եւ այս օրերի կամավորականների միջեւ:

- 20-25 տարի է անցել... Շատ բան է փոխվել, բայց մի բան նույնն է մնացել՝ ոգին, հայ զինվորի, կամավորականի վճռականությունը: Ոգեւորված եմ հատկապես 18-20 տարեկան զինվորների պահվածքով, որը մեկ բառով կարող եմ բնութագրել՝ հերոսականություն:

... Աղաջան Մնացականյանի ծննդյան օրը յուրահատուկ նշող զինակից ընկերները ոչ միայն շնորհավորում ու մաղթանքներ էին հղում, այլեւ կատակում, սրամտում:

Քիչ անց, սակայն, հրամանատարական վրանի մուտքում հերթապահող զինվորի խրոխտ կանչն է լսվում՝ «Բոլոր սպաներին՝ շտապ ներկայանալ հրամանատարին»:

Նման խորհրդակցությանը (քաղաքացիական կյանքի իմաստով՝ թռուցկաժողովին) լրագրողներս չէինք կարող մասնակցել: Կարճատեւ խորհրդակցությունից հետո իմացանք միայն, որ զորականները մարտական հերթական առաջադրանքն են ստացել հրամանատարից: Իսկ հրամանները պետք է կատարել անթերի ու նշված ժամանակում...

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղաջան Մնացականյանը՝ կենտրոնում

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: