01/27/2020

Վահան Ոսկանյան. «Մեր հոսպիտալն իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում պատրաստ է իր առաքելությունը պատվով կատարել, թեեւ ցանկալի չեն ռազմական գործողությունների վերսկսումն ու ծավալումը»

Վահան Ոսկանյան. «Մեր հոսպիտալն իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում պատրաստ է իր առաքելությունը պատվով կատարել, թեեւ ցանկալի չեն ռազմական գործողությունների վերսկսումն ու ծավալումը»

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ռազմական գործողությունները վերսկսելուց հետո հանրության ուշադրության կենտրոնում են վիրավորները, նրանց բուժման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Ռազմաճակատի հարավարեւելյան թեւում վիրավոր զինվորներին ընդունելու եւ բուժական առաջնահերթ քայլեր կատարելու խնդիրը դրված էր ԼՂՀ պաշտպանության բանակի հոսպիտալներից մեկի վրա, որի պետի՝ փոխգնդապետ Վահան Վարդանի Ոսկանյանի հետ հանդիպեցինք ապրիլի 9-ին:

***

- Պարոն Ոսկանյան, հիմա, ինչպես տեսնում ենք, զբաղված եք առօրյա գործերով, բայց ենթադրում ենք նաեւ, որ ապրիլի 2-ի գիշերը հոսպիտալում նույնպես սկսվեց ժամանակի նոր հաշվարկ:

- Այո, այդպես է: Հակառակորդի առաջին հարվածներից անմիջապես հետո մենք անելիք ունեինք:

- Այս պահին, ճիշտն ասած, մեզ նախեւառաջ հետաքրքրում է կարեւոր մի հարց՝ ունե՞ք ծանր հիվանդներ:

- Բարեբախտաբար ծանր հիվանդներ չունենք:

Ունենք հիվանդներ տարբեր վնասվածներով, ովքեր պատշաճ բուժում են ստանում: Եվ բոլոր հիվանդներին, փառք Աստծո, ի վիճակի ենք բուժել մեր հնարավորություններով:

- Այս ընթացքում զոհեր ունեցա՞ք:

- Մահ չենք ունեցել, ովքեր հասցվել են մեր հոսպիտալ, վիճակից հանել ենք եւ փրկել: Մի մասն ապաքինվել ու գնացել է, մյուս մասը շարունակում է բուժում ստանալ:

Ուզում եմ տեղյակ պահել՝ մեր խնդիրն է՝ որակավորված բուժօգնության կազմակերպում, որակավորված բուժտարհանման փուլին բնորոշ խնդիրների լուծում: Այն զինծառայողները, ովքեր նեղ մասնագիտական բուժման կարիք են ունենում, տեղափոխվում են այլ հոսպիտալներ կամ հիվանդանոցներ:

- Այս տարածաշրջանում, Ձեր ղեկավարած հոսպիտալից բացի, նման առաքելությամբ ուրիշ հոսպիտալ կամ հիվանդանոց ունե՞նք:

- Հադրութի քաղաքացիական հիվանդանոցն է. աշխատում ենք համագործակցված:

- Եթե հաջողում եք լուծել հոսպիտալի առջեւ ծառացած խնդիրները, ուրեմն որակյալ կադրերով ապահովված եք. ճի՞շտ է մեր ենթադրությունը:

- Իրոք, որակյալ կադրերով ապահովված ենք: Այդուհանդերձ, ապրիլի 2-ից հետո մեզ մոտ Երեւանից եկավ երեք կամավորական բժիշկ՝ 6-րդ հիվանդանոցի տնօրեն Տարոն Տոնոյանը (առաջին իսկ օրվանից), 3-րդ հիվանդանոցի վնասվածքաբան Արայիկ Լեւոնյանը, Ծերեթելիի հիվանդանոցի քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Անդրանիկ Սերոբյանը: Նրանց ներկայությունը ոգեւորիչ է, մարդիկ իրենց կամքով եկել եւ օգնում են մեզ:

- Ձեր հոսպիտալի համբավը մեզ հայտնի էր մինչեւ ապրիլի 2-ը. կարծիք կա, որ ապահովված եք ժամանակակից բուժսարքավորումներով...

- Մեր հոսպիտալը, անկեղծ լինեմ, ոչնչով չի զիջում մայրաքաղաքային հոսպիտալներին. նկատի ունեմ ե՛ւ Երեւանը, ե՛ւ Ստեփանակերտը: Բավականաչափ հագեցած ենք: Վերջին օրերին լրացուցիչ մասնագիտական սարքավորումներ ստացանք: Դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ մասնագիտական օժանդակություն ենք ստանում: Վերջին թեժ օրերից առաջ Մուրացանի անվան հոսպիտալից են եկել՝ մասնագիտական օգնության նպատակով՝ կրծքային վիրաբույժ, նեյրովիրաբույժ:

- Ավելորդ ենք համարում դեղորայքի մատակարարման մասին հարցնել՝ համոզված լինելով, որ խնդիրներ չեք ունենա այդ առումով:

- ԼՂՀ ՊԲ ռազմաբժշկական ծառայության կողմից դեղորայքի մատակարարումն ուղղակի գերազանց է, դեղորայքի խնդիր չենք ունեցել եւ չունենք:

Քիչ առաջ խոսեցինք կամավորական բժիշկների մասին, բայց մոռացա ասել՝ ապրիլի 2-ից սկսած բազմաթիվ բժիշկներ են ցանկություն հայտնել մեզ մոտ գալու եւ մեզ օգնելու պատրաստակամությամբ... Իհարկե, շնորհակալ ենք յուրաքանչյուրին, բայց ստիպված էինք շատերին մերժել, քանի որ սեփական ուժերով ի վիճակի էինք եւ ի վիճակի ենք լուծել մեր խնդիրները:

- Տեսնում ենք՝ հոսպիտալի բակում քաղաքացիական անձինք կան, հավանաբար հիվանդների հարազատներն ու մերձավորներն են: Սակայն, կարծում ենք, ոչ բոլորը հնարավորություն ունեն Հայաստանի Հանրապետության եւ ԼՂՀ տարբեր վայրերից հասնել այստեղ: Ինչպե՞ս են, ուրեմն, հիվանդի հարազատները, զանգվածային լրատվամիջոցները տեղեկատվություն ստանում:

- Ծնողները, հարազատներն անհանգստանում են... Գլխավորը, իհարկե, հեռախոսային կապն է: Ե՛վ ես, ե՛ւ մեր բուժաշխատողները սիրահոժար պատասխանում ենք զանգերին, սպառիչ տեղեկություններ տալիս:

Լրագրողներն են շատ այցելում, բոլորին հետաքրքիր է վիրավոր զինվորների ճակատագիրը: Նրանք էլ պետք է ունենան ԼՂՀ ՊԲ-ի համապատասխան վարչության թույլտվությունը: Այս պահին էլ լրագրողներ կան մեզ մոտ Երեւանից, այստեղ է նաեւ Ցվետանա Պասկալեւան:

- Մենք քիչ հետո կմտնենք հիվանդասենյակներ եւ կզրուցենք հիվանդների հետ, բայց կուզենայինք Ձեր դիտարկումներն իմանալ՝ ինչպե՞ս է վիրավոր զինվորների տրամադրությունն ու հոգեվիճակը:

- Մարտական են տրամադրված, կարոտում են իրենց ընկերներին, ուզում են շուտ ապաքինվել եւ վերադառնալ դիրքեր:

Հպարտանալու տղերք ունենք: Ռազմական գործողությունների էսկալացիայի ժամանակ եղան զինվորներ, ովքեր առանց ապաքինվելու խնդրում էին իրենց տեղափոխել դիրքեր...

- Ձեր խնդիրների մասին չխոսեցինք...

- Մեր հոսպիտալն իրադարձությունների յուրաքանչյուր զարգացման դեպքում պատրաստ է իր առաքելությունը պատվով կատարել, թեեւ ցանկալի չեն ռազմական գործողությունների վերսկսումն ու ծավալումը:

- Ձեզ շնորհակալություն եւ հաջողություն, բոլոր հիվանդներին՝ շուտափույթ ապաքինում:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: