06/01/2020

Սուրեն Խաչատրյան. «Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի»

Սուրեն Խաչատրյան. «Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի»

1994 թվականի մայիսից տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը մի օր վերածվելու էր ռազմական բախման, եւ դա տեղի ունեցավ ապրիլի լույս 2-ի գիշերը, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի սահմանի ամբողջ երկարությամբ: Մտավախությունը, որ այն ոգին ու միասնականությունը չեն լինի, ինչի շնորհիվ 1994-ին արձանագրվել է հաղթանակն Արցախյան պատերազմում, հօդս ցնդեց: Ականատես եղանք մի աննախադեպ միասնականության, համախմբումի, որն արձանագրվեց նաեւ Սյունիքի մարզում: Չորս օր տեւեցին ռազմական գործողությունները, բայց դրանից հետո եւս սյունեցի կամավորները մարտական դիրքերում են ու շարունակում են հերթապահել: Ապրիլի 3-ի երեկոյան ճակատ մեկնող կամավորների խումբը գլխավորում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ում հետ էլ մեր հարցազրույցը քառօրյա պատերազմի եւ դրանից հետո ստեղծված իրավիճակի մասին է:

***

- Ապրիլյան չորս օրերին Սյունիքի մարզի երկրապահներից եւ ժամկետային զինծառայողներից զոհեր եղան, անդառնալի կորուստներ, այդ ցավը նաեւ Ձեզ է պատել, մասնակցել եք նահատակների հուղարկավորություններին, փորձել սփոփել նրանց հարազատներին, ի՞նչ ունեք փոխանցելու մեր թերթի ընթերցողներին:

- Շատ ծանր էր այդ ամենը բոլորիս համար, բայց պատերազմն էլ իր չգրված օրենքներն ունի, պատերազմում անխուսափելի են զոհերը: Սյունիքից զոհեր շատ եղան: Սա է իրողությունը: Համոզված եմ, որ մարտական գործողությունների ժամանակ այդքան կորուստ չէինք տա, բայց հակառակորդն օգտագործեց անօդաչու թռչող սարքեր, ինչը նորություն էր հայ-ադրբեջանական հակամարտության ողջ ընթացքում: Դրա «հակաթույնը» տղաները չունեին, անտեղի զոհեր ունեցանք. սա է տխրեցնողը: Կարող եմ ասել, որ զոհվածների հարազատները եւս այն գիտակցումն ունեն, որ այսօրվա պատերազմը տարբերվում է 1990-ականների պատերազմից. նկատի ունեմ Ադրբեջանի՝ նորագույն ռազմական տեխնիկայով զինված լինելը: Բոլոր առումներով նոր իրավիճակ էր ռազմադաշտում: Բայց, ինչպես երեւում է այժմ, տղաները հարմարվել են այդ ամենին՝ ե՛ւ սահմանների պահպանության, ե՛ւ իրենց անձի անվտանգության հարցերն արդեն լուծված են:

- Այսօր ապրիլի 11-ն է, տեղյակ ենք, որ Դուք մշտական կապի մեջ եք Սյունիքից սահման մեկնած կամավորական ջոկատների հրամանատարների հետ, խնդրում ենք ներկայացնել մեր ջոկատների վիճակը:

- Օրվա մեջ մի քանի անգամ կապ է լինում տղաների հետ, նրանց ոգին ու տրամադրությունը տեղն է, Սյունիքի կամավորները պաշտպանում են երկու թեւ՝ 6-րդ պաշտպանականի ընդհանուր հրամանատարն Աշոտ Մինասյանն է՝ փորձառու, մարտական ճանապարհ անցած հրամանատար, 7-րդ-ի հրամանատարը գնդապետ Մելիքսեթ Պողոսյանն է՝ առավել քան փորձառու մի զինվորական, ումից շատերը պիտի սովորեն ռազմական գործը: Այսօր նրանց ղեկավարությամբ պաշտպանական գործեր են արվում, ամրացվում խրամատները, դրանք մի օրվա համար չեն:

1990-ական թվականներին սյունեցի ազատամարտիկները հիմնականում հարավային թեւում են եղել, ամեն քար ու թփի ծանոթ էին, սակայն քանի որ այսօր գտնվում են հյուսիսային թեւում, տղաներին մեկ-երկու օր էր անհրաժեշտ, որ իրավիճակին ծանոթանային ու ամբողջովին տիրապետեին, ինչն արդեն հետեւում է: Այսօր ոչ մի խնդիր չի ծագում նրանց կողմից մարտական առաջադրանքները կատարելիս:

Նոր հերթափոխը պատրաստ է, բայց քանի որ այդ մասին ընդհանուր հրաման պիտի լինի, սպասում ենք դրան: Այսօր հեռաձայնել ենք, որ տղաների հագուստի հարցն էլ լուծվի, հրաման լինելու դեպքում հերթափոխի գործընթացը մի քանի ժամվա ընթացքում կլուծենք: Մեր բոլոր գործողությունները համաձայնեցնում ենք ՀՀ պաշտպանության նախարարության եւ ԼՂՀ պաշտպանության բանակի հետ, ոչ մի խնդիր չունենք:

- Ապրիլի 3-ը միասնության, համախմբության օր էր, բոլորս ականատես եղանք համերաշխության մի յուրահատուկ դրսեւորումի…

- Այդ օրվան դեռ շատ ենք անդրադառնալու, ադրբեջանցիների նախաձեռնած լայնածավալ հարձակումը եւ մեր ժողովրդի արձագանքը, համախմբումը, պատրաստակամությունը՝ կանգնել ժամկետային զինծառայողների կողքին, դեռ երկար են հիշվելու: Կուզեի մեր ժողովրդին երախտագիտություն հայտնել այդ ինքնաբուխ արձագանքի համար, չափազանց հուզիչ էր համախմբումը, չկային տարաձայնություններ, քաղաքական կուսակցությունները մի բռունցք էին դարձել: Արցախ-Հայաստան-Սփյուռք ավելի համախմբվեցին մի դրոշի ներքո: Մեր հաջողության գրավականը հենց դրա մեջ էր: Եվ այդ ամենի համար խոնարհվում եմ բոլորի առջեւ՝ ծերունու, երիտասարդի, երեխայի, բոլոր, բոլորի: Շատերը գուցե չէին պատկերացնում, որ ազգովին կարող ենք նման ձեւով համախմբվել: Կարծում էին՝ ոմանք կարող էին ինչ-ինչ առիթներով նեղացած լինել, բայց… Փառք ու պատիվ Արցախյան պատերազմում կռվածներին, ովքեր մի ձգտում ու նպատակ ունեին՝ հնարավորինս շուտ հասնել ռազմաճակատ: Բոլորն էլ քաղաքականությունից վեր կանգնեցին, խնդիրը միայն սահմանների պահպանությունն էր: Հավատացնում եմ՝ ե՛ւ Ռուսաստանից, ե՛ւ այլ գաղթօջախներից շատ տղաներ ինքնաթիռով հասան Հայաստան ու մեկնեցին ռազմաճակատ:

- Եվ ինչո՞վ էր պայմանավորված, որ գլխավորեցիք երկրապահ կամավորականների Սյունիքի ջոկատը:

- Նախ՝ ԵԿՄ Սյունիքի կազմակերպության նախագահն եմ՝ մի կողմ դնելով հանգամանքը, որ Սյունիքի մարզպետն եմ, նաեւ հայ մարդ եմ ու մարտական փորձ ունեցող, եւ պարտավորված զգացի իմ ձեռքը վերցնել այդ նախաձեռնությունը: Միայն տղաներին առաջնագիծ ուղարկելը չէր խնդիրը, այլ նաեւ նրանց ապահովումը հանդերձանքով ու զենքով, տեղավորելը եւ այլն:

- Դուք առաջին իսկ օրը մոբիլիզացիոն աշխատանքների հետ մեկտեղ զբաղված էիք այսպես ասած թիկունքով, Ձեր առաջին հանձնարարություններից մեկը մարզի բոլոր քաղաքապետարաններում, գյուղապետարաններում, խոշոր կոլեկտիվներում հերթապահության կազմակերպումն էր:

- Մինչեւ այժմ այդ հերթապահությունը կա: Միաժամանակ՝ քաղաքապետարաններում ձեւավորված են հանձնաժողովներ, որոնք զբաղված են իրավիճակից բխող խնդիրների լուծմամբ՝ զոհվածների հուղարկավորություններ, հիվանդների տեղավորում, օգնության կազմակերպում…

- Եվ այդ նույն օրը մարզում մի շարժում սկսեց, ինչպես նաեւ ամբողջ հանրապետությունում, աջակցել կամավորականներին…

- Մինչեւ հիմա այդ շարժումը շարունակվում է, չնայած, որ մի քանի օր առաջ դպրոցներում արգելեցի երեխաներից, ծնողներից գումար հավաքելը: Դպրոցահասակ երեխայից գումար պահանջելը, թեկուզ սահմանի պահպանության համար, հարիր չէ մեր օրերի համար: Եթե ֆինանսական խնդրի անհրաժեշտություն լինի, գիտենք՝ ում դիմել, իհարկե, հանձնաժողովների միջոցով համակարգելով ու հաշվառելով հանգանակված միջոցները: Բանն այն է, որ յուրաքանչյուրը հետաքրքրված է, թե իր ներդրած գումարը նպատակային օգտագործվե՞ց, թե՞ ոչ: Միշտ մտածել եմ, որ հանգանակված գումարների հանդեպ զգույշ պիտի լինել:

- Կամավորականների շարժումը մարզպետարանի կողմից նախաձեռնվա՞ծ երեւույթ էր, թե՞ ժողովրդի սրտաբուխ նախաձեռնության դրսեւորում:

- Դա սրտաբուխ երեւույթ էր, թեպետ ասենք, երբ ապրիլի լույս 2-ի գիշերն իմացանք հակառակորդի հարձակման մասին, կապ հաստատեցինք ՀՀ պաշտպանության նախարարի հետ, ով էլ հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում հրաման լինելու է, հետո նախարարն ասաց, որ իսկապես կամավորների կարիք կա, եւ ԵԿՄ տարածաշրջանային կառույցների ղեկավարներին անհապաղ փոխանցեցի, որ կազմ ու պատրաստ լինեն: Այսպես ասած՝ ժողովրդի ստրաբուխ շարժումը եւ կազմակերպչական պահն էլ մեկտեղվեցին:

- Եվ մի բան էլ նկատվեց. առաջնագիծ գնալը հայրենասիրական զգացմունքի դրսեւորում էր, բայց ըստ էության պատերազմի բովով անցած տղաներն էին, որ առաջինը զենք վերցրին նորից:

- Այո, առաջինն Արցախյան պատերազմի հաղթանակը կռողներն էին՝ մերօրյա ազատամարտի մասնակիցները, որոնց ուսերին մեծ պարտավորվածություն կար վերստին կանգնելու սահմանին: Նրանք այն ժամանակ էլ են կամավոր եղել, առաջին դեպքում էլ որեւիցե մեկի կողմից հրաման չի եղել, եւ այն ժամանակ այնպես չէր, որ որեւէ մեկը հրաման տար: Հայրենասիրությունն անթեղված էր մեր ժողովրդի մեջ, բավական էր մի կայծ, որ նորից այն բռնկվի:

- Այս վերջին երկու-երեք օրը հատկապես Կարմիր խաչի օժանդակությամբ զոհվածների, անհետ կորածների մարմինների փոխանակման, զոհվածների ճանաչման գործընթաց է տեղի ունենում: Ի՞նչ կասեք այդ առումով:

- Նախ՝ տեղեկացնեմ, որ Կարմիր խաչին, որպես միջնորդ կազմակերպություն, ադրբեջանցիները չեն ընդունում: Հրադադարն Ադրբեջանի նախաձեռնությունն էր, որովհետեւ մեկ օր շարունակ Ադրբեջանի իշխանությունը խնդրում էր, որ կրակը դադարեցվի՝ ելնելով իրավիճակից եւ տեսնելով իրենց կողմից զոհերի քանակը, կռվողների շարքերում տիրող խուճապը: Զոհվածների դիերը ռազմադաշտից հանելը եւ փոխանականությունն իրենց նախաձեռնությունն էր:

- Իսկ զոհվածների մեջ Սյունիքից կա՞ն, թե՞ ոչ:

- Այս պահի դրությամբ եթե լիներ, ես կիմանայի, բայց նման տեղեկություն չունեմ, մոտ ժամերս ավելի հստակ կլինի՝ կա՞ն, թե՞ չկան:

- Կուզեինք իմանալ վիրավորների վիճակի մասին, քանզի այդպիսիք հաստատ ունենք:

- Ունենք երկու ծանր վիրավոր, մեկը՝ Կապանից՝ երիտասարդ երկրապահներից, մյուսը Սիսիանի Սպանդարյան գյուղից է՝ Վարազդատը: Կապանցին խրամատում է վիրավորվել, ականանետից, վիճակը կայուն է, բայց ծանր: Վարազդատը վիրավորվել է անօդաչու սարքի հարվածից, երկու անգամ վիրահատել են, յոթ օր անցել է վիրահատելուց հետո, ինչը հույս է ներշնչում, որ դրական տեղաշարժ կլինի:

- Մի սրտաբուխ նախաձեռնություն էլ մարզում այն էր, որ մարդիկ հերթ էին կանգնում արյուն հանձնելու համար:

- Ասեմ, որ ամենուր՝ հանրապետության արյան հանձման կայաններում, հերթեր էին գոյացել: Մարդիկ մտածում էին, որ եթե չեն կարողանում առաջնագիծ գնալ, գոնե այդպիսով օգտակար լինել կռվող տղաներին: Արժանին պիտի մատուցել բոլորին, ովքեր զենքը վերցրին եւ մեկնեցին ռազմաճակատ, ովքեր արյուն հանձնեցին, ովքեր օգնություն ցուցաբերեցին…

Կրկնում եմ՝ համերաշխության մի աննախադեպ մթնոլորտ էր ստեղծվել. չկար իշխանություն-ընդդիմություն հակադրությունը, նեղացած, չարացած մարդ չկար, բոլորը-բոլորը մի դրոշի տակ էին: Տեսանք նաեւ սփյուռքի մեր հայրենակիցների համախմբումը, թե ինչ հանրահավաքներով էին դատապարտում Ադրբեջանի ագրեսիան, որոշները եկան մայր հայրենիք եւ մեկնեցին Արցախ: Արցախի հյուրանոցներում, ինքս եմ ականատես եղել, տեղ չկար: Կռվել ցանկացողներից ոմանք մնացին ռեզերվում: Այդպիսի իրավիճակ էր…

- Այժմ, երբ հարաբերական անդորր է տիրում, մամուլում փորձում են ամփոփումներ անել, բացթողումներ նշել դիվանագիտական, ռազմաքաղաքական ոլորտներում եւ այլն: Ի՞նչ եք կարծում, ամփոփելու, դասեր քաղելու խնդիր ունե՞նք այսօր, թե՞ այդ ամենը թողնենք հետագա օրերին:

- Կարծում եմ՝ դրա ժամանակն էլ կգա: Այս համատեքստում ուզում եմ նշել, որ հանրապետության նախագահը դիվանագիտական դաշտում ճշգրիտ քայլեր ձեռնարկեց: Եվ համաշխարհային հանրությանը հասու եղավ Ադրբեջանի ագրեսիան: Կային պետություններ, իհարկե, որ կատարվածի առիթով երկակի չափանիշներ էին կիրառում, բայց կային նաեւ այնպիսիք, որ դատապարտում էին Ադրբեջանի նախահարձակումն ու կանգնում Արցախի կողքին:

- Այս ամենով հանդերձ ի՞նչ կուզենայիք փոխանցել Սյունիքի բնակչությանը:

- Ես ընդամենն ուզում եմ բոլոր սյունեցիներին շնորհակալություն հայտնել, խոնարհվում եմ բոլորի առջեւ, որովհետեւ սյունեցիները մեկ անգամ եւս իրենց դրսեւորեցին որպես հայրենապաշտ, նվիրյալ ժողովուրդ, եւ եթե վաղը, Աստված մի արասցե, թշնամին նորից մեզ պատերազմի մեջ ներքաշի, համոզված եմ, կտուժի, քանզի մեր ժողովուրդն առավել քան պատրաստ է, իսկ զինվորները՝ մարտականորեն տրամադրված:

Զրույցը՝ ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: