01/23/2020

Լեոնիդ Գրիգորյան. «Ամեն ինչ ռազմաճակատի համար»

Լեոնիդ Գրիգորյան. «Ամեն ինչ ռազմաճակատի համար»

Ապրիլյան իրադարձությունների հետ կապված Կապանի տարածաշրջանից մեկնած առաջին կամավորական ջոկատին հերթափոխելու, բանակում տիրող իրավիճակի եւ հետագա անելիքների մասին է զրույցը Կապանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանի հետ:


- Ապրիլի 3-ին Կապանից մեկնած կամավորական ջոկատի հերթափոխի մասին ի՞նչ տեղեկություններ կան:

- Հերթափոխի գործընթացը կազմակերպել են Կապանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ եւ ԵԿՄ Կապանի մասնաճյուղը՝ Մանվել Օհանյանի ղեկավարությամբ: Հաշվի առնելով, որ արդեն բավական ժամանակ է անցել կամավորների՝ մարտական գործողությունների գոտում գտնվելու օրից, կենցաղային պայմաններից, հոգեվիճակից ելնելով՝ կազմակերպիչները նպատակահարմար համարեցին հերթափոխ կազմակերպել: Մարդիկ պիտի հանգստանան՝ անհրաժեշտության դեպքում դիրքեր վերադառնալու համար: Ապրիլի 10-ին կամավորների մեկ խումբ, քաղաքապետի գլխավորությամբ, մեկնեց Մարտակերտ, բայց, իմ տեղեկություններով, ԼՂՀ-ում առաջացած որոշ խնդիրների հետեւանքով մասամբ է թույլատրվել կատարել հերթափոխ: Թե ինչպիսի խնդիրներ են առաջացել այնտեղ, ես տեղյակ չեմ: Կամավորների ճակատ մեկնելը զինկոմիսարիատում հրամանային փաստաթղթերով ձեւակերպված գործընթաց չէ:

- Ո՞րն է այս օրերին զինկոմիսարիատի դերակատարությունը:

- Զինկոմիսարիատը մարտական բարձր պատրաստվածության աստիճանի է բերված եւ կատարում է հանրապետական զինկոմիսարիատի գլխավոր շտաբի հանձնարարականները՝ մարդկային, տրանսպորտային ռեսուրսների հետ կապված: Նաեւ կամավորական խմբավորումների կազմավորման գործում մասնագիտական աջակցություն ենք ցուցաբերում: Բոլորս տեղյակ ենք, որ Կապանն ապրիլյան իրադարձությունների հետեւանքով երեք զոհ եւ չորս վիրավոր տվեց: Մեզ հանձնարարված էր զոհվածների ընտանիքներին աջակցություն ցուցաբերել, պատշաճ մակարդակով կազմակերպել նրանց թաղման արարողությունը:

- Կապանի տարածքային զինկոմիսարիատը պահեստազորից մա՞րդ է զորակոչել:

- Դրանք գաղտնի տվյալներ են եւ հրապարակման ոչ ենթակա: Միայն կարող եմ ասել, որ մեր զինկոմիսարիատն այս պահի դրությամբ բոլոր հանձնարարականները կատարել է 100%-ով:

- Որքանով տեղյակ ենք, պաշտոնական զորահավաքի հրաման չի եղել:

- Զորահավաքի հրաման չի եղել, չի էլ լինելու, որովհետեւ հակառակորդը Հայաստանի Հանրապետության վրա չի հարձակվել: Բայց մենք, անկախ որոշ մարդկանց ստեղծած խոչընդոտներից, համապատասխան կառույցների եւ նրանց ղեկավարների միջոցով կատարում ենք մեզ տրված հանձնարարականները:

- Առաջին օրերի ակտիվությամբ շարունակվո՞ւմ է կամավորների ցուցակագրումը:

- Այս պահին նույնպիսի ակտիվությամբ չի կատարվում ցուցակագրում, բայց առաջին օրերին ցուցակագրված բավականին շատ կամավորներ ունենք: Նույնիսկ մասնագիտությամբ բուժքույր երեք աղջիկ է ներկայացել զինկոմիսարիատ՝ անհրաժեշտության դեպքում ռազմաճակատ մեկնելու համար:

- Այս օրերին եղե՞լ եք մարտական դիրքերում:

- Ցանկություն եմ ունեցել մեկնել դիրքեր, սակայն վերադասից համապատասխան թույլտվություն չեմ ստացել:

- Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը:

- Ես արդեն 22 տարի է՝ իմ ելույթներում, ամենօրյա զրույցներում նշում եմ, որ մենք այս օրվան հանդիպելու ենք: Երանի սխալված լինեի, բայց… Մենք պիտի ավելի զգոն լինենք. հայ ժողովուրդը միշտ էլ պատերազմական վտանգի առաջ է եղել: Մենք այլ ճանապարհ չունենք, պիտի պատերազմ լինի, որպեսզի կարողանանք մեր ճանապարհն անցնել: Ամեն ինչ առաջին հերթին բանակի ու ռազմաճակատի համար պիտի լինի: Ցավալի մի իրողություն եւս կա. մարդիկ կան, ովքեր իրենց կյանքն են տալիս հանուն հայրենիքի, իսկ ոմանք նույնիսկ իրենց մեքենան հարկ եղած դեպքում պատրաստ չեն ծառայեցնել հանուն հայրենիքի: «Ամեն ինչ ռազմաճակատի համար» կարգախոսով պիտի առաջնորդվել…

- Որպես ռազմական բնագավառի գործիչ՝ կարո՞ղ եք ասել, թե որքանով էինք մենք պատրաստ ստեղծված իրավիճակին:

- Պատրաստ էինք մեր ուժերի, հնարավորությունների եւ հասկացողության չափով, բայց պիտի պատրաստ լինեինք դրա կրկնապատիկի չափով: Եթե ճանապարհ ես գնում, պիտի նաեւ այդ ճանապարհն անցնելու երկրորդ տարբերակն էլ ունենաս: Մեր զինվորները, սպայական անձնակազմն արժանի հակահարված են տվել հակառակորդին, փառք ու պատիվ նրանց: Միշտ էլ նման տղաների շնորհիվ  է կերտվել մեր ազգի ճակատագիրը: Նրանք զոհվել են, բայց մեկ քայլ անգամ չեն նահանջել: Չնայած հակառակորդն առաջին օրերին որոշակի հաջողություն է գրանցել, բայց դա հաղթանակ չի կարելի համարել: Երբ մի ամբողջ բանակ հարձակվում է մեկ կետի վրա եւ որոշակի հաջողություն գրանցում, դա դեռ հաղթանակ չէ: 18-ամյա մեր զինվորի քայլերն ինձ չեն զարմացնում. դեռեւս 1992-94թթ. պատերազմի ընթացքում եմ համոզվել նրանց խիզախության, մարտական ոգու ու պատրաստականության մեջ: Պարզապես անհրաժեշտ են խելացի ու պատրաստված հրամանատարներ մեր զինվորների ներուժը ճիշտ ու նպատակային օգտագործելու համար: Այսօրվա մեր կատարածը վաղը չի երեւալու, դրա պտուղները կքաղենք 15-20 տարի հետո:

- Փաստորեն 18-ամյա զինվորի պատրաստականության նկատմամբ ունեցած մտավախությունն ի չիք դարձավ:

- Երբեւէ համաձայն չեմ եղել այն կարծիքին, թե այսօրվա զինվորը պատերազմական իրավիճակում չի կարողանա ճիշտ կողմնորոշվել, եւ վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ չեմ սխալվել: Ես համաձայն չեմ եղել նաեւ այն հարցադրումին, որ եթե պատերազմ լինի, ո՞վ է մեկնելու ռազմաճակատ: Այսօր ավելի շատ մարդ է մեկնել ռազմաճակատ, քան 90-ականների պատերազմի ժամանակ: Ոտքի է կանգնել ողջ հայ ժողովուրդը: Նա, ով ինչ-ինչ խնդիրների պատճառով չի կարողացել մեկնել մարտի դաշտ, նույնիսկ արտասվել է՝ ասելով՝ ես պետք եմ բանակին:

- Կամավորների պատրաստվածությունն արդյո՞ք անհրաժեշտ մակարդակի վրա է. չէ՞ որ նրանցից շատերը երկար տարիներ է՝ ռազմական գործի հետ որեւէ առնչություն չեն ունեցել:

- Մարտի դաշտ մեկնած կամավորներն արդեն իսկ պատերազմի բովով անցել են եւ քաջ գիտակցում են՝ ինչ ասել է պատերազմ: Իմ կարծիքով՝ Կապանից մեկնած կամավորները պիտի հարավարեւելյան ուղղության պաշտպանությանը մասնակցեին, քանի որ տեղանքին քաջ ծանոթ են, գիտեն, թե հակառակորդը հնարավոր որ ուղղություններով կարող է դիվերսիոն գործողություն ծավալել եւ այլն: Բայց սա միայն իմ կարծիքն է, հրամանատարությունը որտեղ նպատակահարմար է գտնում, այնտեղ էլ պիտի ուղարկի կամավորական ջոկատներին: Ինչ վերաբերում է զորահավաքային գործընթացի կազմակերպմանը, ապա այս հարցը վերանայման եւ լուրջ փոփոխությունների կարիք ունի: Կոնկրետ պատերազմական իրավիճակում բանակը համալրելու ձեւաչափը պիտի փոխենք: Ես կարծում եմ, որ իրենց ցանկությամբ հավաքագրված մարդկանց հետ համապատասխան պայմանագրային պարտավորությունների շրջանակներում պիտի պարբերաբար աշխատանքներ կատարել՝ նրանց ապահովելով համապատասխան միջոցներով: Այդ մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է համապատասխան կուրսեր անցնեն եւ ամեն վայրկյան, անկախ գտնվելու վայրից, կարգավիճակից, պատրաստ լինեն մարտական գործողությունների:

- Արդյո՞ք 1990-ականների պատերազմը եւ ներկայիս մարտական գործողությունները կարելի է նմանեցնել:

- Միանշանակ ոչ: Իմ կարծիքով՝ մեզ արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: 1982թ.-ից ռազմական բնագավառում գործունեություն եմ ծավալել, եւ իմ փորձն ինձ թույլ է տալիս գալ նման եզրահանգման: Առհասարակ հասարակության մեջ պետք է ձեւավորվի ռազմական մտածողություն: Չի կարելի մարդուն ոչնչով չապահովել, բայց փոխարենն ինչ-որ բան պահանջել: Մարդը չպիտի ծառայի կոնկրետ անհատների գնահատականներին արժանանալու համար, այլ պիտի ծառայի սերունդներին օրինակ դառնալու գիտակցումով: Անհատական մոտեցումներն ընդմիշտ պիտի վերանան:

- Ձեր ամփոփիչ խոսքը:

- Իմ կարծիքով՝ բոլորս պատրաստ ենք թշնամու հերթական ոտնձգությանն անհրաժեշտ հակահարված տալու: Ժողովուրդը հասկանում է ձեռք բերածի արժեքը եւ չի ուզում կորցնել այն, ինչ արդեն ունի: Նա պատրաստ է զոհվել, բայց ապահովել Արցախի պաշտպանությունն ու անվտանգությունը: Իսկ որպես զինկոմ՝ կոչ եմ անում մարդկանց հատկապես պատերազմական իրավիճակում կատարել մեր կողմից տրված հանձնարարականները: Եթե որեւէ մեկը թերանում է այս օրերին իր պարտավորությունները կատարելու մեջ, ապա համարձակվում եմ կասկածի տակ դնել նրա ինքնությունն ու ազգային պատկանելությունը: Բոլորս պիտի թիկունքից նեցուկ լինենք ճակատին, յուրաքանչյուրս կատարենք մեր պարտավորությունները, որ կարողանանք ապահովել մեր երկրի  հետագա զարգացման ընթացքը:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: