07/02/2020

Վահե Հակոբյան. «Մեզ համար ավելի մեծ արժեք, քան ընտրողների կամքն է, չկա եւ չի կարող լինել»

Վահե Հակոբյան. «Մեզ համար ավելի մեծ արժեք, քան ընտրողների կամքն է, չկա եւ չի կարող լինել»

(«Սյունյաց երկիր» թերթի հարցին պատասխանում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վահե Հակոբյանը)

2016թ. սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունները եւ դրանց շուրջ զարգացումները շարունակում են մնալ սյունիքյան հանրության ուշադրության կենտրոնում:

Ընտրողներին հետաքրքրող հարցերից մեկն էլ, ինչպես եւ ակնկալվում էր, մարզի խոշորագույն տնտեսվարող սուբյեկտի՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ղեկավարության վերաբերմունքն է առաջիկա ընտրություններին եւ հատկապես համայնքների ղեկավարների առաջադրված թեկնածուներին:

Շրջանառվող իրարամերժ կարծիքների տիրույթից դուրս գալու, ինչպես եւ ընկերության դիրքորոշումը հստակեցնելու համար զրուցեցինք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի 1-ին տեղակալ Վահե Հակոբյանի հետ:


- Պարոն Հակոբյան, մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին, մարզի մի շարք համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Անկասկած, դա պետական եւ քաղաքական կարեւոր նշանակության իրադարձություն է, ինչի համար էլ այս օրերին տեղի է ունենում ուժերի դասավորում, վերադասավորում… Եվ, բնականաբար, տարբեր ուժերի կամ թեկնածուների կողմից շահարկվում է նաեւ «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության դիրքորոշումը: Նախընտրական նման զարգացումները, անշուշտ, սպասված էին, քանզի տեղական ինքնակառավարման մարմինների նախորդ ընտրությունների ժամանակ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը սատարել է այս կամ այն թեկնածուին՝ դրանով իսկ կանխորոշելով ընտրությունների ելքը՝ արժեզրկելով ընտրողների ազատ կամարտահայտության նշանակությունն ու հանրության կարծիքը:

Ելնելով վերը շարադրվածից, ինչպես եւ հնարավոր շահարկումներն ու թյուրիմացությունները բացառելու նպատակով կուզենայինք հստակեցնել Ձեր դիրքորոշումն առաջիկա ընտրությունների վերաբերյալ:

- «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը մարզի համայնքներում, այդ թվում՝ Կապան մարզկենտրոնում, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի որեւէ կոնկրետ թեկնածուի չի աջակցում՝ նկատի ունենալով նաեւ, որ ընտրական գործընթացներին միջամտելն ու առնչակից լինելն իր գործառույթների մեջ չեն մտնում:

Ընկերությունը, բնականաբար, կողմնակից է բացառապես գործող օրենսդրությանը համահունչ գործելակերպին, թեկնածուների միջեւ՝ հավասար պայմաններով ընտրապայքարին, ազատ եւ արդար ընտրություններին:

Մեզ համար ավելի մեծ արժեք, քան ընտրողների կամքն է, չկա եւ չի կարող լինել:

«Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, որպես մարզի խոշորագույն տնտեսվարող, աներկբա կերպով, շահագրգռված է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Եվ իր գլխավոր առաքելություններից մեկը հենց դա է համարում: Այդ ճանապարհին համագործակցում եւ համագործակցելու ենք համայնքների ընտրյալ ղեկավարների հետ:

Մի խոսքով՝ ժողովրդի ընտրյալը մեր ընտրյալն է:

Այդ հավատամքով ու սկզբունքով էլ առաջնորդվում ենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման ու անցկացման՝ պետական կարեւորության ներկայիս միջոցառման ընթացքում:

Բարի ընտրություններ բոլորիս:

Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: