07/02/2020

Հովիկ Ալեքսանյան. «Ոսկե մեդալակիրների թվով հանրապետությունում Սյունիքի մարզն առաջատար է»

Հովիկ Ալեքսանյան. «Ոսկե մեդալակիրների թվով հանրապետությունում Սյունիքի մարզն առաջատար է»

2016-17 ուստարվա նախօրեին անցած ուստարին ամփոփել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը:


- Պարո՛ն Ալեքսանյան, ներկայացրեք, խնդրեմ, նախորդ ուստարվա ձեռքբերումները թվային ընդհանուր պատկերով:

- 2015-16 ուստարում մարզում եղել է 1325 շրջանավարտ, որից 775 հոգի մասնակցել է միասնական քննություններին եւ ընդունվել բարձրագույն ուսումնական հաստատություն: Մարզի՝ ոսկե մեդալի 34 թեկնածուից 32 հոգի ստացել է այն (նախորդ ուստարում՝ 21 հոգի)՝ հանրապետությունում դառնալով առաջատար. 14 հոգի ոսկե մեդալի արժանացավ Սիսիանի ավագ դպրոցից, 12 հոգի՝ Գորիսի ավագ դպրոցներից, 1 հոգի՝ Ագարակի միջնակարգ դպրոցից, 1 հոգի՝ Կապանի թիվ 10 միջնակարգ դպրոցից, 3 հոգի՝ Խնձորեսկի միջնակարգ դպրոցից, 1 հոգի՝ Ակների միջնակարգ դպրոցից: Մարզի աշակերտները հաջողությամբ են հանդես եկել նաեւ առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում. 46 մրցանակակիր ունեցանք, որից՝ 26 դիպլոմ: Դիպլոմակիր են դարձել նաեւ Սառնակունքի (երկու դիպլոմ), Խնձորեսկի (մեկ դիպլոմ), Աճանանի, Գորայքի եւ Անգեղակոթի միջնակարգ դպրոցներից (մեկական գովասանագիր): Ուրախալի է, որ վեց աշակերտ հանրապետական օլիմպիադայում տարբեր առարկաներից գրավեց առաջին մրցանակային տեղ: Երկար ընդմիջումից հետո մաթեմատիկայից Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի աշակերտը գրավեց երկրորդ մրցանակային տեղ՝ մրցելով Երեւանի ֆիզմաթ դպրոցի աշակերտների հետ: Սա նույնպես ձեռքբերում է, նաեւ ուսուցչական լավագույն աշխատանքի արդյունքը: Մրցանակների թվով առաջատար էր Կապանի թիվ 2 ավագ դպրոցը: Նշեմ, որ, ճիշտ է, հանրապետությունում ընդհանուր առմամբ նվազել է բուհ ընդունվողների թիվը, բայց այս տարի մեր մարզում 100 հոգով աճել է այդ ցուցանիշը: Մեծացել է տեղի բուհերի նկատմամբ հետաքրքրությունը: Նախնական տվյալներով առաջին դասարան ընդունվողների թիվը 1622 է՝ անցյալ ուստարվա 1632-ի դիմաց: Ընդհանուր առմամբ, մեր ենթակայության դպրոցներում նախորդ ուստարում 14428 աշակերտ էր, իսկ մարզում՝ 16431, այս ուստարում, նախնական տվյալներով, տարբերությունն այդքան էլ մեծ չի լինի:

- Փաստորեն, տվյալներից կարող ենք արձանագրել, որ Կապանի ավագ դպրոցներից ոսկե մեդալակիրներ չկան: Ինչո՞ւ:

- Կապանում, կարծես թե, քիչ չէ գերազանցության մեդալին կարեւորություն չտվողների թիվը: Բացի դրանից՝ ավագ դպրոցներում պատճառաբանում են նաեւ, որ հիմնական դպրոցներից գերազանցության վկայականով չեն գալիս: Այստեղից էլ կարելի է եզրակացնել, որ դպրոցների միջեւ համագործակցության խնդիր կա: Կապանում, կարծես, հիմնական, միջնակարգ եւ ավագ դպրոցների միջեւ կապն ամուր չէ, բայց բարձր արդյունքներ գրանցելու ներուժ կա: Զարմանալիորեն Մեղրու դպրոցներում նույնպես առանձնակի բարձր արդյունքներ չեն արձանագրվում:

- Վերոնշյալ փաստերից մարզում բուհ ընդունվողների թվի ավելացումը, իհարկե, ոգեւորիչ է, բայց փորձը ցույց է տալիս, որ բարձրագույն կրթությամբ շատ երիտասարդներ անգործ են մնում կամ էլ ստիպված կատարում են ոչ մասնագիտական աշխատանք:

- Ցավալի է, բայց փաստ, որ այսօր բարձրագույն կրթությամբ երիտասարդների մեծ մասն աշխատանքի խնդիր ունի: Սա, նախեւառաջ, պայմանավորված է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակով: Մյուս կողմից էլ, եթե, ասենք, մեծ թվով տնտեսագետներ, օտար լեզվի մասնագետներ, իրավաբաններ ունենք, փոխարենը լավ արհեստավորներ չունենք: Ուստի եւս մեկ անգամ շեշտեմ այն փաստը, որ մասնագիտություն ընտրելիս նախեւառաջ հաշվի առնեն երկրի տնտեսության պահանջարկը: Բնավ պարտադիր չէ, որ բոլորը բուհ ընդունվեն եւ հետո անգործ մնան, կարող են նաեւ միջին մասնագիտական հաստատություններում ստանալ անհրաժեշտ մասնագիտություն, որի պահանջարկն իսկապես հանրապետությունում կա: Մեկ այլ կողմից էլ նայելով հարցին՝ պետք է արձանագրենք, որ այդ թիվը մարզում կրթության որակի բարձր մակարդակը հավաստող ցուցանիշներից է:

- Գալիք ուստարում մարզում փակվող դպրոցներ կա՞ն:

- Մարզում 2016-17 ուստարում փակվող դպրոցներ չկան, բայց կան դպրոցներ, որտեղ հաճախում է 3 կամ 4 երեխա: Ցավալիորեն արձանագրենք, որ գյուղական մի շարք դպրոցներում առաջին դասարան հաճախող երեխաներ չկան այս ուստարում: Փոխարենը Սիսիանի եւ Գորիսի գիշերօթիկ դպրոցները, Կապանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնը վերակազմակերպվելով կդառնան գնահատման եւ աջակցման կենտրոններ:

- Հիմնականում ո՞ր առարկաների ուսուցիչների թափուր տեղեր կան:

- Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես մարզում մաթեմատիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա, ֆիզիկա առարկաների ուսուցիչների խիստ կարիք կա:

- 2016-17 ուստարվանից մարզի բոլոր դպրոցներն անցնում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համընդանուր կրթական համակարգին: Արդյո՞ք պատրաստ են դրան մարզի դպրոցները:

- Հանրապետությունում առաջին անգամ 2016-17 ուստարվանից մարզի բոլոր դպրոցները կիրականացնեն կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համընդհանուր կրթություն: Իհարկե, գործընթացը լի է բազում խոչընդոտներով, բայց մեր դպրոցների տնօրենները եւ ուսուցիչներն անցել են համապատասխան վերապատրաստման դասընթացներ եւ, համոզված եմ, բավականին կարճ ժամանակահատվածում շատ դժվարություններ կհաղթահարվեն: Հաշվի առնելով տարբեր դասընթացների, սեմինարների եւ ժողովների ժամանակ մեր ուսուցիչների ու տնօրենների ակտիվությունը, տեղեկացվածությունը, ինչ-որ առումով նաեւ որոշակի փորձը՝ որոշեցին մեր մարզում առաջինը ներառել կրթական այդ համակարգը: Հիմնականում ուսուցիչները շատ չեն դժգոհում, նրանց մտահոգում է նաեւ իրենց վարձավճարը, որն այս դեպքում նախորդից պետք է տարբերվի: Դժվարություններից մեկն էլ նախադեպը չունենալն է, եւ այդ առումով պատասխանատվությունը մեծ է, քանի որ հետագայում մեր փորձն այլ դպրոցների համար կդառնա ուղղորդող: Ուսուցման կազմակերպման համար դպրոցում կլինի նաեւ ուսուցչի օգնականի հաստիք. չափազանց կարեւոր է աջակցման կենտրոնների դերը: Լուրջ խնդիրներից է երեխաների կրթության առանձնահատուկ կարիքների գնահատման համար ծնողների համաձայնությունը, որը պարտադիր է:

- Նոր ուստարվա նախօրեին կարո՞ղ  եք նշել հատկապես այն կարեւոր խնդիրները, որոնք ողջ տարվա ընթացքում կլինեն ձեր ուշադրության կենտրոնում:

- Ինչպես արդեն նշեցի, այս ուստարվա դժվարություններից է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համընդհանուր կրթության անցնելը, ինչի կայացման համար լուրջ աշխատանքներ պետք է իրականացնեն թե՛ կրթության վարչությունը, թե՛ դպրոցները: Հաջորդ կարեւոր խնդիրը նախորդ տարիներին ձեռք բերած հաջողությունները պահպանելն ու զարգացնելն է: Օրակարգային հարցերից է նաեւ որոշ դպրոցների, հատկապես Տոլորսի, Սպանդարյանի դպրոցների, ինչպես նաեւ Դաստակերտի դպրոցի տանիքի վերանորոգումը: Ուրախությամբ նշենք, որ Ագարակի միջնակարգ դպրոցի նոր մասնաշենքն արդեն պատրաստ է, ավարտվել է նաեւ Մեղրու թիվ 1 դպրոցի շինարարական աշխատանքների՝ այս տարվա համար նախատեսված փուլը: Կապանի թիվ 7 հիմնական դպրոցի նոր շենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքներն ընթացքի մեջ են. սեպտեմբերի 1-ին այդ դպրոցի աշակերտները կհաճախեն իրենց դպրոց, քանի դեռ չեն սկսվել շինարարական բուն աշխատանքները, ուսուցման գործընթացը կկազմակերպվի հին շենքում:

- Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրությունը մեծ աղմուկ է առաջացրել, եթե կարելի է՝ պարզաբանեք, թե իրականում ի՞նչ է կատարվել:

- Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն է ընտրվել Արթուր Մնացականյանը, բայց քանի որ մրցույթի անցկացումը բողոքարկվել է, նախարարությունում ստեղծվել է համապատասխան հանձնաժողով, որ զբաղվում է այդ խնդրի ուսումնասիրությամբ: 

Նշեմ, որ այս ուստարում մարզի որոշ դպրոցներում տնօրենների փոփոխություններ են տեղի ունեցել. Օխտարի միջնակարգ դպրոցում տնօրեն է ընտրվել Վարդան Ստեփանյանը, Գորիսի թիվ 5 հիմնական դպրոցում՝ Արեւիկ Մաքունցը, Գորիսի թիվ 6 հիմնական դպրոցում՝ Աշոտ Գեւորգյանը, Խոզնավարի եւ Սյունիքի միջնակարգ դպրոցներում տնօրենի պաշտոնակատարներ են նշանակվել Վոլոդյա Զախարյանը եւ Լիլիթ Առաքելյանը:

- Նախորդ ուստարում նախատեսվում էր մարզում անցկացնել կրթության որակի ուսումնասիրման համար տեսչական ստուգումներ, որ ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգվեցին: Այս ուստարում կիրականացվի՞ նման ստուգում:

- Այս տարվա հոկտեմբերին նախատեսվում է մարզպետարանի կրթության վարչության ենթակայության 150 եւ ավելի աշակերտ ունեցող, ինչպես նաեւ որոշ գյուղական դպրոցներում՝ ընտրությամբ, անցկացնել տեսչական ստուգումներ, որ վերջին 20 տարում չէին իրականացվել: Նպատակը՝ ստուգել դպրոցների կրթական մակարդակը՝ հիմքում դնելով հայոց լեզու, մաթեմատիկա, ռուսաց լեզու եւ պատմություն առարկաների դրվածքը, այդ առարկաներից աշակերտների գիտելիքները եւ այլն:

- Ձեր խոսքը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ:

- Շնորհավորում եմ բոլորին նոր ուստարվա առթիվ, մաղթում հաջողություններ: Սեպտեմբերի 1-ն ինձ համար ծանր եւ պատասխանատու աշխատանքներ սկսելու մեկնարկն է ազդարարում եւ, համոզված եմ, բոլոր դպրոցներն էլ այդ օրը երեխաների համար տոն դարձնելու  թեկուզ սահմանափակ միջոցներ ունեն. չէ՞ որ յուրաքանչյուր աշակերտ, նոր ուստարում դպրոց մտնելով, ակնկալում է նորություն տեսնել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: