10/21/2019

Լույս՝ թունելի վերջում

Մանուչար Միքայելի Մկրտչյանը 2005 թվականից Սառնակունք համայնքի ղեկավարն է: Մի քանի օրից Սպանդարյան, Սառնակունք, Ծղուկ, Գորայք համայնքները՝ միավորված մի համայնքի մեջ, անց կկացնեն նոր, խոշորացված համայնքի ավագանու եւ համայնքի ղեկավարի ընտրություններ: Մեր հանդիպումը Սառնակունքի համայնքի արդեն նախկին ղեկավարի եւ նոր՝ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար իր թեկնածությունն առաջադրած Մանուչար Մկրտչյանի հետ նպատակ ուներ պարզելու, թե համայնքի համար ինչ է արել տասը տարուց ավելի համայնքը ղեկավարած անձնավորությունը, ինչ կարծիք ունի նա համայնքների միավորման (խոշորացման) մասին, ինչպես է պատկերացնում նոր համայնքի զարգացման հեռանկարը եւ բազմաթիվ այլ հարցեր:

Մասնագիտության ընտրության օրից (ավարտել է Երեւանի գյուղատնտեսական ինստիտուտի մեխանիզացիայի ֆակուլտետը) նա իր կյանքն ընդմիշտ կապել է գյուղի հետ: Ցածր ձայնով թվարկում է՝ այդ տարիներին կառուցվել է խմելու ջրի ներքին ցանցը, որի շնորհիվ համայնքի բոլոր տներն ապահովված են խմելու ջրով, իսկ խմելու ջրի առկայությունը հնարավորություն է տալիս լուծելու կենցաղային շատ հարցեր, բացվել եւ գործում է մանկապարտեզը, կառուցվել է հանդիսությունների սրահ՝ բոլոր հարմարություններով: Արածը հնարավորություն է տվել նրան, ինչպես ասում են, բաց ճակատով թեկնածությունն առաջադրել խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Անելիքներն ավելի շատ են, քան արվածը: Դրանք էլ է թվարկում: Պատկերացում ունի նաեւ դրանցից շատերի իրականացման ուղիների մասին, բայց շտապել պետք չէ, ամեն ինչ իր հերթին:

Ասում են՝ առաջին տպավորությունը ճիշտ է լինում եւ որոշիչ: Մեր հանդիպման առաջին րոպեներից սկսած եւ ամբողջ զրույցի ընթացքում իմ մտորումների հետին պլանում մի սեւեռուն միտք էր պտտվում. ինչքան կշահեր հայ գյուղը, եթե նրա ղեկավարները լինեին Մանուչար Մկրտչյանի նման արհեստավարժ, նաեւ հայրենի եզերքը, նրա մարդկանց սիրող ղեկավարներ: Այո, այս անհատը գյուղին, գյուղացուն խիստ նվիրված, նրա հոգսերը ճանաչող, նաեւ դրանց լուծման ճանապարհներն իմացող մեկն է:

Համայնքի խոշորացման գործընթացը մեր հասարակությունը միանշանակ չի ընդունում, թերահավատները քիչ չեն, որովհետեւ այդ թերահավատների տառապանքը, ինչպես ասում են, փորձ ունի: Խորհրդային տարիներին էլ մի քանի գյուղի տնտեսություն արհեստականորեն միավորեցին եւ ստեղծեցին մի պետական տնտեսություն (սովխոզ), որի արդյունքում կենտրոն գյուղը գոյատեւեց, իսկ մնացած գյուղերը՝ քայքայվեցին, մարդաթափվեցին:

Իրենց պարագայում Մանուչար Մկրտչյանը մտավախություն չունի, որովհետեւ այստեղ չորս համայնքի միավորումը մնացածների համեմատ ակնհայտ առավելություններ ունի: Թվարկում, հիմնավորում է դրանք: Նախ՝ բոլոր չորսն էլ գտնվում են հանրապետության ամենակարեւոր մայրուղու վրա: Դա մատչելի տրանսպորտային կապ է, նաեւ յուրահատուկ շուկա: Անկախացումից հետո տարածքի պետական ֆոնդի հողերը (Սյունիքի մարզի ամառային արոտների մեծ մասը) վերաբաշխվել են Սիսիանի համայնքների միջեւ: Այսպես. Սառնակունքն ուներ 4000 հա հողատեսք, այսօր այն մեծացել է երեք անգամ՝ հասնելով 12 000 հա-ի: Եթե հաջողվեր այդ տարածքների թեկուզ մեկ երրորդը նույնիսկ ամենաէժան գնով վարձակալության տալ, ապա դա զգալիորեն կհամալրեր համայնքի բյուջեն: Բայց առայժմ պահանջարկը քիչ է. դա լուծելի հարց է, եւ սերտորեն կապված է անասնապահական մթերքների, հատկապես կաթի եւ մսի գնման հետ: Եթե կաթ ու միս գնող կազմակերպությունները բարեխղճորեն կատարեն իրենց պարտականությունները, ապա Գորիսի կամ տարածաշրջանի այլ համայնքների ֆերմերները հաճույքով արոտներ կվարձակալեն այդտեղ՝ իմանալով, որ իրենց արտադրած կաթն ու միսը հենց տեղում էլ իրացվելու են: Բայց «Աշտարակ կաթը», որ կաթի հիմնական գնորդն է, ամիսներով ուշացնում է վճարումը:

Երկրորդ՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման շնորհիվ համայնքի ֆինանսական հնարավորությունները բազմապատկվում են, որոնք խելացիորեն տնօրինելու դեպքում մի քանի տարվա մեջ հնարավոր կլինի լուծել չորս գյուղի՝ տասնյակ տարիներ շարունակ անլուծելի թվացող բազում հարցեր (խմելու, ոռոգման ջրատարների վերակառուցում, նորերի կառուցում, փողոցների արմատական բարեկարգում, գիշերային լուսավորության անցկացում եւ այլն): Բավական է ասել, որ Ամուլսարի մոտ 1000 հա մակերեսի վարձակալության դիմաց Գորայքի համայնքը տարեկան ստանում է 121 մլն դրամ, որը համայնքի խոշորացումից հետո համաչափորեն կօգտագործվի գյուղերի հոգսերը թեթեւացնելու համար:

Իսկ ամենակարեւորն աշխատատեղերի ստեղծման հարցն է: Մեր զրուցակիցը քաջատեղյակ է, այսօր Գորայքից 30 հոգուց ավելի մարդիկ մշտական աշխատանք ունեն: Հանքավայրում մյուս համայնքներից էլ աշխատողներ կան: Այս թվերը տարին տարուն աճելու են: Իսկ դա նշանակում է, որ գյուղում հարսանիքներ են լինելու, երեխա է ծնվելու, դպրոցը փակվելու վտանգից զերծ է մնալու, գյուղը շնչելու, ապրելու է… Եվ դա միայն Գորայքին չի վերաբերում:

Առաջիկայում խոշորացող համայնքը մնացած գյուղական համայնքների համեմատ մի այլ պատճառով էլ է շահեկան վիճակում կհայտնվի: Հանրապետության տնտեսության մեջ ապագայում զգալի ներուժ ունեցող սուբյեկտներից երկուսը գտնվելու են այդ համայնքի վարչական տարածքում: Ամուլսարի մասին ասացինք, երկրորդը Սառնակունքի տարածքում կառուցվող ջերմակայանն է: Սկսվել են հորատման աշխատանքները, ծրագրված է մոտ 1500 մետր խորությունից կհանվի մոտ 200 աստիճանի ջրային գոլորշի, որի միջոցով էլ կգործարկվի ջերմակայանը: Ջրային գոլորշին հնարավոր կլինի օգտագործել նաեւ ջեռուցման նպատակներով:

Նոր ձեւավորվող այս համայնքի բնակավայրերը գտնվում են ծովի մակերեւույթից 2000 մ եւ ավելի բարձրության վրա: Այստեղ առաջին ձյունն իջնում է սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբներին, իսկ մայիսին դաշտերի մեծ մասը դեռ ծածկված է լինում սպիտակ սավանով:

Փաստորեն ջեռուցման սեզոնը տեւում է ութ ամիս, հավանաբար ավելի երկար, քան Սիբիրում: Վառելափայտ օգտագործելը թանկ, շատ թանկ հաճույք է: Փրկության է հասնում աթարը: Ծրագրի իրականացման բարեհաջող ելքի դեպքում կվերանան մայրուղու երկայնքով շարված աթարի փոքրիկ դեզերը, իսկ գոմաղբը գյուղացին կօգտագործի որպես պարարտանյութ:

Այսօր համայնքի վեց անդամ այստեղ մշտական աշխատանք ունի: Հաջորդ տարի այդ թիվը կբազմապատկվի:

Մեր զրույցի ընթացքում շատ հարցերի անդրադարձանք: Հրաժեշտից առաջ խնդրեցինք կարծիք հայտնել իր մրցակցի եւ համայնքի ղեկավար ընտրվելու նրա հնարավորությունների մասին: Ահա թե ինչ ասաց.

- Առուստամն իմ լավ ընկեր-բարեկամն է: Եթե ընտրությունների արդյունքում ինքը հաղթի, շնորհավորողների մեջ առաջինը ես եմ լինելու:

Գորայքում էլ Առուստամ Առուստամյանի հետ զրույցն ավարտելու վրա նրան էլ խնդրեցինք երկու խոսք ասել Մանուչար Մկրտչյանի մասին: Հետդարձի ճանապարհին Մանուչարին չհանդիպեցինք, եւ, բնականաբար, իր մրցակցի կարծիքը չկարողացանք փոխանցել նրան: Հիմա դա անում ենք լրագրային այս հոդվածի միջոցով: Իսկ այդ կարծիքը կարծես Մանուչարի խոսքերի հայելային արտացոլումը լիներ:

Երկու թեկնածուն էլ թունելի վերջում լույս են տեսնում:

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: