10/21/2019

Բնապահպանական շաբաթօրյակներն ավանդույթ կդառնան

Բնապահպանական շաբաթօրյակներն ավանդույթ կդառնան

Կապանի լեռնահարստացման կոմբինատում օգոստոսի 22-ից 29-ն անցկացվել է բնապահպանական շաբաթօրյակ, որին մասնակցել է ձեռնարկության 13 ստորաբաժանում:
Սեպտեմբերի 5-ին կոմբինատում տեղի ունեցավ շաբաթօրյակի շրջանակում անցկացված միջոցառումների արդյունքների ամփոփում: Կոմբինատի նյութատեխնիկական մատակարարման գծով գլխավոր տնօրենի տեղակալ Մաքսիմ Կարմալիցինն ամփոփմանը նվիրված բացման խոսքում նշեց, որ «Պոլիմետալ» ընկերությունում գործում է բնապահպանական կառավարման համակարգ: Այն շուտով ներդրվելու է Կապանի լեռնահարստացման կոմբինատում եւ միտված է շրջակա միջավայրի մաքրության պահպանման բարելավմանը եւ աշխատանքի անվտանգության առումով ձեռնարկության աշխատակիցների պատասխանատվության զգացումի բարձրացմանը: «Պոլիմետալ» ընկերության ձեռնարկություններում պարբերաբար անցկացվում են բնապահպանական միջոցառումներ՝ աշխատակիցների եւ բնակչության մասնակցությամբ, մասնավորապես շաբաթօրյակներ, ծառատունկեր, բնապահպանական մրցույթներ, վիկտորինաներ, այլ միջոցառումներ: Մ.Կարմալիցինը երախտագիտություն հայտնեց կոմբինատի աշխատակիցներին շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցելու համար եւ համոզմունք հայտնեց, որ բնապահպանական շաբաթօրյակներն ավանդույթ կդառնան:

Ձեռնարկության բարեկարգմանը եւ սանմաքրման աշխատանքներին լավագույնս մասնակցության համար պատվոգիր եւ տորթ հանձնվեց հարստացուցիչ ֆաբրիկայի կոլեկտիվին, հաջորդ տեղերը գրավեցին կոմբինատի աշխատանքի պաշտպանության եւ արտադրական անվտանգության բաժինը եւ կոմպրեսորային ու օդափոխության տեղամասը: Մրցույթի արդյունքներով լավագույն աշխատակիցներ են ճանաչվել փականագործ Նորիկ Վարդանյանը, ստորգետնյա աշխատանքի օգնական-բանվոր Մհեր Գեւորգյանը, էներգամեխանիկական ծառայության էլփականագործ Հրայր Թումանյանը, ովքեր պատվոգիր եւ հուշանվեր ստացան:

«Մանկական ամառային ճամբար-2016»-ի մասնակից երեխաների շրջանում Կապանի լեռնահարստացման կոմբինատի կողմից հայտարարվել էր մրցույթ՝ «Մաքուր պահենք բնությունը» խորագրով, որին ներկայացվեց 46 աշխատանք: Լավագույնը ճանաչված չորս աշխատանքի հեղինակները խրախուսվեցին:

«Մենք առաջին անգամ ենք ձեռնարկությունում անցկացնում նման շաբաթօրյակ եւ հաճույքով կկազմակերպենք հաջորդ տարիներին եւս: Նման միջոցառումները «Պոլիմետալ» ընկերության բնապահպանական համակարգի կառավարման մաս են կազմում, որում մենք սկսում ենք ներգրավվել: Յուրաքանչյուր աշխատակից ձեռնարկության հետ հավասար պատասխանատվություն է կրում աշխատավայրում եւ շրջակա միջավայրի համար առհասարակ, ինչպես նաեւ այն տարածքի, որտեղ բնակվում եւ աշխատում է», - միջոցառման ավարտին ասել է Կապանի լեռնահարստացման կոմբինատի բնապահպանական բաժնի ղեկավար Տարոն Նավասարդյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: