10/21/2019

Միասին՝ հանուն Քաջարանի

Միասին՝ հանուն Քաջարանի

(Հարցազրույց Քաջարան քաղաքային համայնքի ղեկավարի թեկնածու Մանվել Փարամազյանի հետ)


 Սեպտեմբերի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կանցկացվեն նաեւ Քաջարան քաղաքային համայնքում:

Քաջարանը ոչ սովորական համայնք է. այնտեղ է գտնվում Հայաստանի Հանրապետության ամենախոշոր գործարաններից մեկը՝ լեռնահանքային արդյունաբերության հայաստանյան հսկան՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը, որտեղ աշխատում է համայնքի ընտրողների մեծ մասը: «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը կողմնակից է բացառապես գործող օրենսդրությանը համահունչ գործելակերպին, թեկնածուների միջեւ՝ հավասար պայմաններով ընտրապայքարին, ազատ եւ արդար ընտրություններին:

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը, որպես մարզի խոշորագույն տնտեսվարող, շահագրգռված է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում՝ համարելով դա իր գլխավոր առաքելություններից մեկը: Այդ իրողությունը ենթադրում է համայնքային իշխանության եւ ՓԲ ընկերության ղեկավարության սերտ համագործակցություն: Դա է պահանջում համայնքի բնակչության շահը:

Եվ այսպես՝ Քաջարան քաղաքը պատրաստվում է ընտրելու իր հերթական, ավելի ստույգ՝ 8-րդ քաղաքապետին: 58-ամյա Քաջարանի քաղխորհրդի գործկոմի նախագահներ ու քաղաքապետներ են եղել Վոլոդյա Ալեքսանյանը (1960-65թթ.), Գառնիկ Հովհաննիսյանը (1965-71թթ.), Արտաշես Պետրոսյանը (1971-84թթ.), Ալյոշա Ավանեսյանը (1985-86թթ.), Սամվել Խաչատրյանը (1986-96թթ.), Ժորա Հովսեփյանը (1996-2002թթ.) եւ Վարդան Գեւորգյանը (2002-2016թթ.):

2002 թվականից (14 տարի) համայնքը գլխավորած Վարդան Գեւորգյանը չի առաջադրել իր թեկնածությունը:

Ինքնառաջադրվել ու որպես համայնքի ղեկավարի թեկնածու են գրանցվել Մանվել Վրեժիկի Փարամազյանը եւ Սպարտակ Սամվելի Սողոմոնյանը, երկուսն էլ՝ անկուսակցական:

Մանվել Փարամազյանը Քաջարանի քաղաքապետարանի իրավաբանն է, Սպարտակ Սողոմոնյանն էլ աշխատում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունում՝ մեխանիկ:

Քաղաքում տիրող նախընտրական տրամադրությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ քաջարանյան ընտրությունների առաջատարը Մանվել Փարամազյանն է, որի հետ եւ անցկացրել ենք մեր զրույցը:


- Պարո՛ն Փարամազյան, Դուք Սյունիքի հասարակական-քաղաքական կյանքում նոր դեմք եք, շատերին՝ անծանոթ, ուստի եւ փորձեք համառոտ կենսագրությամբ ներկայանալ ընթերցողին:

- Ծնվել եմ Քաջարան քաղաքում, որտեղ եւ ստացել եմ նախնական կրթությունս, 1995-2000թթ․ սովորել եւ ավարտել եմ Գորիսի «Սյունիք» ինստիտուտի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2007-2012թթ.՝ ՌԴ Օմսկի Ֆ.Մ.Դոստոեւսկու անվան պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի հեռակա ուսուցման բաժինը՝ ստանալով իրավաբան-իրավագետի որակավորում: Ծառայել եմ ՀՀ զինված ուժերում: 1994-1995թթ․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ հանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասում աշխատել եմ փոխարկիչի մեքենավար: 2002-2003թթ․ եղել եմ Քաջարան համայնքի ավագանու անդամ: 2003 թվականից առ այսօր աշխատում եմ Քաջարանի քաղաքապետարանում՝ գլխավոր իրավաբան:

- 58-ամյա քաղաք՝ ավանդույթներով հարուստ, մտավորական խավի տեսանելի ներկայությամբ, հանքարդյունաբերական հսկա կոմբինատի ներկայություն, մոտ 8 հազար բնակչությամբ համայնք, ե՛ւ մարզում, ե՛ւ հանրապետությունում քաղաքն ըստ պատշաճի ներկայացնելու անհրաժեշտություն… Արդյո՞ք այդ ամենը ռիսկ, համարձակություն չի պահանջում եւ Ձեզ չի վախեցնում, թե՞ անհրաժեշտ ներուժ տեսնում եք Ձեր մեջ:

- Իրավացի եք, Քաջարանն իր պատմությամբ, կենսագրությամբ, տնտեսական ու մարդկային ռեսուրսների հզորությամբ իսկապես ներկայանալի քաղաք է մարզում եւ ողջ հանրապետությունում: Վստահ եմ, որ իմ ներուժն ու հնարավորությունները կներեն այդպիսի քաղաքի ներկայանալի քաղաքապետը լինելու եւ քաղաքը հավուր պատշաճի ներկայացնելու համար: Իսկ ավելի պարզ՝ ես գործի մարդ եմ եւ տրամադրված եմ գործնականորեն:

- Փաստորեն Դուք կփոխարինեք Վարդան Գեւորգյանին, ում հետ, ի դեպ, 13 տարի աշխատել եք: Ընդունված կարգ է այսպիսի մի հարցի արծարծումը. ինչպե՞ս եք գնահատում նրա՝ մոտ 14 տարվա գործունեությունը քաղաքապետի պաշտոնում:

- Վարդան Գեւորգյանն իսկապես երկար է պաշտոնավարել, աշխատել է իր կարողությունների չափով, քաջարանցիները տեսնում ու գնահատում են արվածն ու չարվածը, սակայն դեռեւս բազում չլուծված խնդիրներ կան:

- Քիչ առաջ հիշատակեցինք Քաջարան քաղաքի առանձնահատկություններից մեկը. քաղաքում է տեղակայված «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը: Նորություն ասած չենք լինի, եթե վերհիշենք, որ 2014թ.-ից փաստորեն նոր ժամանակներ են սկսել այդ ընկերությունում: Նոր ղեկավարության, նոր աշխատաոճի մասին հանրային կարծիքը, խոստովանենք, ոչ միանշանակ է: Կուզենայինք Ձեր կարծիքն իմանալ:

- Իմ կարծիքով նոր ղեկավարության աշխատաոճում միահյուսված են ժամանակակից եւ ավանդական հարաբերությունների, մոտեցումների լավագույն դրսեւորումները, իրենց գործում արհեստավարժ մասնագետներ են, կարճ ժամանակահատվածում նվաճել են քաղաքի բնակչության, կոմբինատի աշխատավորության համակրանքը, տրամադիր են աջակցելու, նպաստելու քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը, պարզապես քաղաքապետը պետք է կարողանա ստեղծել առողջ համագործակցություն՝ ի բարօրություն Քաջարանի ու քաջարանցիների:

- Ձեր պատասխանից կարո՞ղ ենք ենթադրել, որ համայնքապետարան-կոմբինատ սերտ համագործակցության համար բոլոր հիմքերը կան եւ Դուք, ընտրվելու դեպքում, պատրաստ եք, համայնքի ղեկավարի լիազորությունների շրջանակներում, ապահովել այդ համագործակցությունը:

- Անշուշտ:

- Թերթի այս համարում մենք կներկայացնենք Ձեր նախընտրական ծրագիրը, որում, բնականաբար, բազում հարցերի պատասխան ենք գտնում: Եվ, այդուհանդերձ, որո՞նք են Քաջարան քաղաքի առջեւ ծառացած հիմնահարցերը:

- Հիմնահարցերը բազմազան ու բազմաբնույթ են, դրանք ես փորձել եմ խմբավորել ըստ ոլորտների:

. Քաղաքի անբարեկարգ ճանապարհներն ու մայթերը, որոնց բարեկարգման գործընթացը «ԶՊՄԿ» ՓԲԸ ղեկավարության աջակցությամբ արդեն սկսվել է:

. Քաղաքի խմելու ջրի խնդիրը. ջրի բնական պաշարներով հարուստ մեր քաղաքի բնակչությունը ապահովված չէ որակյալ խմելու ջրով. ջրամբարների մաքրությունը, ջուրը ֆիլտրող սարքավորումները բարվոք վիճակում չեն գտնվում, խնդիրը հատկապես բարդանում է տեղումների ժամանակ, արդյունքում ունենում ենք ավազախառը պղտոր ջուր:

. Հիմնավոր բարելավման կարիք ունեն զոհված ազատամարտիկների սուրբ գերեզմանները եւ հուշահամալիրը, քանի որ ներկայիս վիճակը չի արտահայտում այն խորը հարգանքն ու երախտագիտությունը, որ մեր համաքաղաքացիները տածում են իրենց կյանքը հանուն հայրենիքի խոնարհած հերոս հայորդիների նկատմամբ:

. Քաղաքն ունի կոմունալ ծառայությունների, աղբահանության հետ կապված լուրջ խնդիր. կեղտոտ բակերը, փողոցները, չդատարկված աղբարկղերը հակասանիտարական վիճակ են ստեղծում քաղաքում, նաեւ ճնշող տպավորություն, հուսահատության զգացում առաջացնում բնակչության մեջ:

. Քաղաքային պուրակների, զբոսայգիների, կանաչապատ տարածքների ստեղծման, բարեկարգման, պահպանման խնդիրը, բնակչության տարբեր տարիքային խմբերի, սոցիալական շերտերի զբաղվածության, ժամանցի կազմակերպման հնարավորության անհրաժեշտությունը:

. Դպրոցահասակ երեխաների ամառային հանգստի եւ ժամանցի կազմակերպման հիմնախնդիրը: Այսօր շատ ծնողներ չունեն ժամանակ եւ միջոցներ՝ կազմակերպելու իրենց երեխաների ամառային հանգիստը: Ի՞նչն էր խոչընդոտում վերագործարկելու «Գանձասար» ճամբարը եւ վերականգնելու երեխաների ճամբարային հանգստի գեղեցիկ ավանդույթը: Հաճելիի եւ օգտակարի այս համադրումը մեծ ջանքեր եւ միջոցներ չի պահանջի քաղաքապետարանից, սակայն մեծ չափով կթեթեւացնի դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների հոգսն ու մտահոգությունը՝ կապված իրենց երեխաների ամառային հանգստի, ժամանցի, առողջության եւ զբաղվածության հետ:

Քաղաքում առկա են բազում այլ մեծ ու մանր խնդիրներ, որոնց լուծումը մեծ ջանքեր չի պահանջում՝ որոշ փողոցների լուսավորությունը, բարձրահարկ շենքերի վերելակները, կանաչապատ տարածքների բիզնես նպատակներով օգտագործումն առանձին անհատների կողմից, քաղաքի բարոյահոգեբանական մթնոլորտը, կյանքի միօրինակությունը, լճացումն ու առօրյա ձանձրույթը:

- Համաձայն ենք Ձեր նկատառումներին, բայց, եթե կարելի է, մի փոքր ավելի հանգամանալից խոսեք համայնքի բնապահպանական վիճակի եւ դրա բարելավման վերաբերյալ Ձեր պատկերացումների մասին:

- Քաջարանում ապրում են մեր ընտանիքները, մեր մերձավորները, բնականաբար մենք չենք կարող անտարբեր լինել նրանց առողջության ու կյանքի նկատմամբ, բայց իրավիճակի չափազանցությունն ու գույների խտացումը նույնպես ընդունելի չեն. յուրաքանչյուր արդյունաբերական քաղաքում կան բնապահպանական խնդիրներ, սակայն այդ նույն արդյունաբերությունը լուծում է սոցիալ-տնտեսական զարգացման, բնակչության կենսամակարդակի ապահովվածության խնդիրները, այսինքն՝ կշեռքի նժարին դրվում է գործազրկությո՞ւն, աղքատության բարձր ցուցանի՞շ, մաքուր էկոլոգիա՞, թե՞ աշխատանքային ապահովվածություն, բարձր կենսամակարդակ, համեմատաբար խնդրահարույց էկոլոգիա… Այնուամենայնիվ նախընտրական իմ ծրագրում ես ներառել եմ քաղաքի էկոլոգիական վիճակի բարելավման հիմնախնդիրը, մասնավորապես, փողոցների եւ պուրակների կանաչապատում, ծառատունկ, միջշենքային տարածքների կանաչապատում եւ բարեկարգում, մանկական զբոսայգու վերականգնում, ինչպես նաեւ պետության կողմից, միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող բնապահպանական ծրագրերի մշակում եւ իրականացում:

- Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Քաջարան քաղաքում գործում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը, որն արդեն իսկ մի քանի լուրջ նախաձեռնությունների հեղինակ է, նաեւ քաղաքի հետ կապված: Մենք ենթադրում ենք, որ այդ հիմնադրամի հետ սերտ համագործակցության անհրաժեշտություն կլինի:

- Այո, «ԶՊՄԿ» բարեգործական հիմնադրամը հանդես է գալիս սոցիալ-տնտեսական, առողջապահական, կրթական, սպորտային ոլորտների հովանավորությամբ ու բարեգործական նախաձեռնություններով, լուծում քաղաքի համար կարեւոր նշանակություն ունեցող բազմաթիվ խնդիրներ:

- 2004թ. տարեվերջին, երբ մասնավորեցվեց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերությունը, ինչ-ինչ խնդիրներ առաջացան ընկերության եւ համայնքային իշխանության միջեւ, նկատի ունենք հատկապես սոցիալական նշանակության օբյեկտների ճակատագիրը: Սկզբից քաղաքապետարանը պայքարում էր դրանք վերցնելու համար, հետո ասացին՝ ոչ, չենք ուզում, որովհետեւ դրանց պահպանությունն արդեն իսկ խնդիր է:

Հետաքրքիր է, հարթվեցի՞ն այդ խնդիրները, թե՞ ոչ: Մի բան գիտենք՝ նախադպրոցական ուսումնական հաստատությունները, մշակույթի կենտրոնը եւ մարզասրահն այսօր լիարժեք գործում են, ինչը շատ կարեւոր է այս պարագայում:

- Հիշատակված կողմերի նախկին փոխհարաբերությունների վերաբերյալ դատողություններ անելն իմ իրավասությունների մեջ չի մտնում, նաեւ անիմաստ եմ համարում: Կարող եմ խոսել ներկայի եւ ապագայի մասին. ներկայումս երկուստեք հակված ենք համագործակցության, ոչ թե երկպառակության, երկու կողմերի համար վարկաբեկող, ջլատիչ պայքարի՝ հանուն գերիշխանության կամ այլ ամբիցիաների: Կարեւոր է, որ նշված օբյեկտները ծառայեն քաղաքին եւ նրա բնակչությանը:

- Մենք քիչ առաջ արծարծեցինք համայնքի բնապահպանական վիճակին առնչվող հարցը: Բայց կա հարց, որ միշտ էլ զարմացրել է:

Տեսեք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը բնապահպանական հարկերի առումով էլ առաջին տեղերից մեկն է զբաղեցնում, բայց համայնքային իշխանությունը ոչ միշտ է կարողանում համապատասխան ծրագիր մշակել եւ պետության բնապահպանական վճարներից (որպես ազդակիր համայնք) միջոցներ բերել քաղաք: Ինչպե՞ս հասկանալ:

- Արդեն ասացի, որ իմ ծրագրերում այդ դրույթները ներառված են:

- Քաջարանը, ինչպես նշեցինք, ավանդույթներ ունեցող քաղաք է, որոնցից մեկն էլ քաղաքի տոնն է, որ նշվում է ամեն տարի օգոստոսի 21-ին: Հաշվի է առնվել հանգամանքը, որ 1958թ. օգոստոսի 21-ին, Հայկական ՍՍՌ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով, Քաջարանը դասվեց ՀՍՍՌ շրջանային ենթակայության քաղաքների շարքը: Այս տարի այդ տոնը չնշվեց, գոնե հետագայում կվերականգնվի՞ այդ տոնը:

- Իհարկե, մենք մտադիր ենք վերականգնել եւ պահպանել բոլոր գեղեցիկ ավանդույթները:

- Երիտասարդների զբաղվածության, նրանց ազատ ժամանցի, հանգստի, մշակութային եւ մարզական կյանքի աշխուժացման, մի խոսքով, նրանց հարազատ համայնքում պահելու հետ կապված ի՞նչ ծրագրեր ունեք:

- Քաղաքում գործում են «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության մարզադահլիճն ու մշակույթի պալատը՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով, սպորտային եւ մշակութային միջոցառումներով: Ոլորտի խնդիրները մշտապես ընկերության ղեկավարության ուշադրության կենտրոնում են, այնուամենայնիվ երիտասարդության հիմնախնդիրները՝ ժամանցի, զբաղվածության, կադրերի աճեցման, աշխատանքի տեղավորման, իմ նախընտրական ծրագրերում հրատապ եւ կարեւորագույն հարցերի շարքում են:

- Ձեր խոսքը Քաջարան քաղաքի ընտրողներին առաջիկա ընտրությունների առիթով:

- Ընտրողներին խնդրում եմ ակտիվ մասնակցել ընտրություններին, դրսեւորել ազատ կամարտահայտում, հավատալ իմ նախընտրական խոստումներին ու ծրագրերին, իրենց վստահության ձայնով հնարավորություն ընձեռել դրանք իրականություն դարձնելու, Քաջարանը դարձնել առավել ծաղկուն, ժամանակակից քաղաք: Գործենք միասին՝ հանուն Քաջարանի:

- Ձեզ՝ հաջողություններ, Ձեր ծրագրերին՝ իրականացում:

Հարցազրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: