10/14/2019

Մարզխորհրդի հերթական նիստը

Մարզխորհրդի հերթական նիստը

Ապրիլի 26-ին Սյունքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ մարզխորհրդի նիստ, որը վարում էր մարզպետ Վահե Հակոբյանը:

Մարզի սոցիալ-տնտեսական վիճակի եւ Սյունիքի մարզպետի 2016թ. գործունեության մասին ներկայացրեց մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռուդոլֆ Սարգսյանը: Կատարված աշխատանքների, մարզի վիճակի ընդհանուր համապատկերին մարզում շարունակում է գերակա խնդիր մնալ զբաղվածության, նոր աշխատատեղերի ստեղծման եւ բնակչության բարեկեցության աճի ապահովումը: Բանախոսը նաեւ նշեց, որ զգալի աշխատանքներ են իրականացվում Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների նորաստեղծ հիմնադրամի միջոցներով, այն է՝ հասարակական տրանսպորտի գործունեության սուբսիդավորում, դպրոցաշինական ծրագրերի իրականացում, բազմաբնակարան շենքերի տանիքների եւ վերելակների նորոգում, բակերի կառուցապատում եւ խաղահրապարակների ստեղծում, ապրիլյան պատերազմում նահատակված սյունեցիների ընտանիքներին ամենամսյա նպաստի տրամադրում, մարզամշակութային տարբեր միջացառումների անցկացում եւ այլն: Ասվածին մարզպետը հավելեց, որ Կապանի օդանավակայանի կառուցապատման եւ վերականգնման աշխատանքները նույնպես իրականացվում են հիմնադրամի միջոցներով, իսկ 2017թ. կատարվելիք աշխատանքների մասին հետագայում ավելի մանրամասն կներկայացվի:   

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման՝ 2017թ. առաջին եռամսյակի արդյունքների եւ խնդիրների մասին խոսեց մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Սուսաննա Դավթյանը: Նա ներկայացրեց 2017թ. առաջին եռամսյակի համայնքային բյուջեների կատարման ընթացքի ընդհանուր պատկերը, այն է՝ համայնքների 2017թ. բյուջեներով նախատեսվել են 4 մլրդ 636 մլն 469,7 հազար դրամ եկամուտներ, այդ թվում՝ սեփական եկամուտներ՝ 1 մլրդ 566 մլն 264,7 հազար դրամ: Եռամսյա ժամանակահատվածում նախատեսված 308 մլն 990,7 հազար դրամի դիմաց սեփական եկամուտների փաստացի հավաքումը կազմել է 354 մլն 92,9 հազար դրամ կամ նախատեսվածի 114.6%-ը, որ 2016թ նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 15 մլն 391,3 հազար դրամով, սեփական եկամուտների աճը կազմել է 4,5%:

Ս.Դավթյանը նշեց, որ չնայած արձանագրված դրական ցուցանիշներին, այնուամենայնիվ նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտների հավաքման նվազ աճ է արձանագրվել մարզի 40 համայնքում: Վարչության պետը ներկայացրեց նաեւ առանձին եկամտատեսակների գծով մարզի համայնքների բյուջեների ընդհանուր պատկերը:

Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու խնդիրները: Տարեսկզբից կատարված գույքագրման, անասնապահության եւ հողօգտագործման բնագավառներում հաշվառման աշխատանքների արդյունքներից նկատվում է թե՛ խոշոր եւ թե՛ մանր եղջերավոր անասունների գլխաքանակի, ինչպես նաեւ աշնանացան, գարնանացան մշակաբույսերի ցանքատարածությունների, բազմամյա տնկարկների նվազում: Շարունակվում են պարարտանյութերի, սերմացուների՝ մարզ ներկրման, ինչպես նաեւ մկների դեմ պայքարի աշխատանքները: Սկսվել են նաեւ ՀՀ կառավարության կողմից սուբսիդավորված վարկերի տրամադրման, լիզինգային եղանակով գյուղտեխնիկայի եւ գյուղգործիքների ձեռքբերման աշխատանքները: Ի դեպ, տվյալ համայնքի գյուղացիական տնտեսություններին տրամադրվող սուբսիդավորված վարկերի չափի վերաբերյալ հարց բարձրացրեց Տաթեւ բազմաբնակավայր համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը: Իսկ ոռոգման ջրի մատակարարման վերաբերյալ հարց հնչեցրեց Շաքե համայնքի ղեկավար Վահան Ղազարյանը:

Գյուղվարչության պետը տեղեկացրեց նաեւ, որ մարզի անասնահության հակահամաճարակային կայուն իրավիճակ ապահովելու, ինչպես նաեւ բնակչության ու կենդանիների շրջանում ընդհանուր վարակիչ հիվանդությունները կանխարգելելու նպատակով «Գյուղացիական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակներում սկսվել են բրուցելյոզի, դաբաղի, սիբիրախտի, նոդուլյար մաշկաբորբի, խշխշան պալարի ախտորոշիչ եւ կանխարգելիչ միջոցառումները: Յայլաղային շրջանում անասունների տեղաշարժի ժամանակ հնարավոր վարակներից զերծ մնալու համար այս տարի նախատեսվում է ուժեղացված հսկողություն սահմանել սահմանային այն հատուկ կետերում (Գորիսում՝ 2, Կապանում՝ 2), որտեղով կատարվելու է անասնահոտերի ու նախիրների շարժը: Ի դեպ, յայլաղների ոչ պատշաճ օգտագործման վերաբերյալ իր մտահոգությունը հայտնեց Գորայք խոշորացված համայնքի ղեկավար Առուստամ Առուստամյանը, իսկ Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը նշեց, որ Մեղրու տարածաշրջանում նույնպես կան ազատ արոտավայրեր, որոնք կարող են օգտագործել անասնատերերը: 

Մսամթերքի վաճառքի կետերում ուժեղացված հսկողություն սահմանելու համար մարզի քաղաքներում ստեղծվել են փորձաքննության լաբորատորիաներ:

Մարզի համայնքներում իրականացված իրավական եւ մասնագիտական (վարչական)  հսկողության արդյունքների մասին ներկայացրեց ՏԻ եւ ՀԳՄՀ վարչության պետ Սեյրան Ավետիսյանը: 2017թ. առաջին եռամսյակում ուսումնասիրություններ են իրականացվել մարզի վեց համայնքում (Աճանան, Արծվանիկ, Նորաշենիկ, Ներքին Խոտանան, Շիկահող, Գորիս): Վարչության պետն ըստ բնագավառների ներկայացրեց այն հիմնական բացթողումներն ու խախտումները, որոնք արձանագրվել են ուսումնասիրված համայնքներում: Ի դեպ, 2016թ. երրորդ եւ չորրորդ եռամսյակում իրականացվել են վարչական հսկողության աշխատանքներ մարզի 13 համայնքում (Չափնի, Սեւաքար, Տանձավեր, Օխտար, Անտառաշատ, Սպանդարյան, Կարճեւան, Թասիկ, Լծեն, Նորավան, Վաղատին, Որոտան եւ Տոլորս):

Մարզպետը նշեց, որ բոլոր համայնքներում կանցկացվի համապատասխան աուդիտ եւ առաջարկեց կարճ ժամկետում վերացնել առկա թերությունները եւ օրենքի սահմաններում գործունեություն ծավալել:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: