10/21/2019

Ծառատունկ Վահանավանքում

Ծառատունկ Վահանավանքում

Ապրիլի 25-ին Վահանավանքի տարածքը համալրվեց նորանոր տնկիներով: Միջոցառումը նախաձեռնել էր «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի մասնաճյուղը: Ինչպես տեղեկացրեց մասնաճյուղի տնօրեն Գարիկ Միրզոյանը, անտառը ոչ միայն հատելու համար է, այլեւ պարբերաբար այնտեղ անհրաժեշտ է անտառապատման աշխատանքներ իրականացնել: Տնկիները տրամադրել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ-ն, ինչի համար Կապանի անտառտնտեսության տնօրենը շնորհակալություն հայտնեց ընկերության տնօրեն Մհեր Պոլոսկովին, ինչպես նաեւ բնապահպանության բաժնի պետ Հասմիկ Մկրտումյանին: «Տարածքի ընտրությունը պատահական չէր. խորհրդակցելով մասնագետների հետ՝ ընտրեցինք համայնքին մոտ եւ անտառամերձ տարածք, ինչպես նաեւ հաշվի առնելով Վահանավանքի պատմամշակութային դերը, տուրիզմի կենտրոն լինելը», - տեղեկացրեց Գարիկ Միրզոյանը եւ հավելեց, որ նախանցյալ տարի նույնպես կազմակերպվել էր ծառատունկ, եւ հաջողության դեպքում միջոցառումը շարունակական բնույթ կունենա:

ԶՊՄԿ-ի տնկարանից տրամադրված 400 տնկին (վայրի տանձենի, խնձորենի, սալորենի, դեկորատիվ ծառատեսակներ) նախքան տնկելն օրհնեց Վահանավանքի նորակարգ հոգեւոր հովիվ տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը, ով պատվիրեց սրբությամբ պահել եւ պահպանել մայր բնությունը՝ Աստծո ստեղծագործությունը: Ի դեպ, առաջին տնկին տնկելու պատիվը տրվեց քահանային: Այնուհետեւ ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վարչության աշխատակիցները, Սյունիքի ԵԱՀԿ ծրագրերի իրականացման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաեւ ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի ուսանողներն ու Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի աշակերտներն անցան տնկիները մայր հողում դնելու գործին: Ինչպես նշեցին հրշեջ փրկարարները, նրանց աշխատանքը միայն անտառում հրդեհը մարելը չէ, այլեւ նոր ծառեր տնկելը:

Գարիկ Միրզոյանի խոսքով՝ մենք պարտավոր ենք ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել անտառի պահպանմանը, իսկ նոր տնկած ծառերի խնամքը կիրականացնեն անտառտնտեսության աշխատակիցները, ինչպես նաեւ ցանկալի կլիներ, որ Վահանավանքի յուրաքանչյուր այցելու ստանձներ այդ գործի իր բաժինը:

Գարիկ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց նաեւ «Վոլվար» ՍՊ ընկերության տնօրեն Վոլոդյա Թումանյանին՝ ծառատունկի մասնակիցներին սննդամթերքով ապահովելու համար:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: