10/14/2019

Կապանի լեռնահարստացման կոմբինատն ընդլայնում է հանրության հետ երկխոսության գործիքակազմը

Կապանի լեռնահարստացման կոմբինատն ընդլայնում է հանրության հետ երկխոսության գործիքակազմը

Հարցազրույց «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանի հետ


Արդեն մեկ տարի է, ինչ Կապանի լեռնահարստացման կոմբինատի սեփականատերը ռուսաստանյան «Պոլիմետալ»-ն է: Նոր սեփականատերը, բնականաբար, կոմբինատը կառավարում եւ շրջապատի հետ կոմբինատի հարաբերությունները համակարգում է իր կանոններով ու սկզբունքներով: Մեր ընթերցողին այս համատեքստում թերեւս առավել հետաքրքրում է, թե ինչ նոր մոտեցումներ կան հարակից համայնքների հետ առողջ երկխոսություն ծավալելու եւ փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու տեսանկյունից, ինչ է արվել այդ ուղղությամբ եւ ինչ է նախատեսվում տեսանելի ապագայում: Այդ հարցերի շուրջ զրույցի հրավիրեցինք ընկերության գլխավոր տնօրենի՝ հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության գծով տեղակալ Վահրամ Ավագյանին:


- Պարոն Ավագյան, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, կարելի է ասել, Կապանի գլխավոր գործատուն է: Կապան քաղաքում եւ մերձակա գյուղերում քիչ ընտանիքներ կան, որոնք առնչություն չունեն այս ձեռնարկության հետ: Դա պարտավորեցնում է ունենալ հանրության հետ փոխգործակցության արդյունավետ մեխանիզմներ: Ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում եւ ի՞նչ գործիքներ է կիրառում ընկերությունը հանրության հետ մշտական ու անկեղծ գործակցություն ապահովելու համար:

- «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ-ն «Պոլիմետալ» խմբի անդամ է եւ առաջնորդվում է խմբի որդեգրած ու գործունեության բոլոր տարածքներում կենսագործվող սկզբունքներով: Գործունեության տեղեկատվական թափանցիկությունը, մեր համոզմամբ, ժամանակակից գործարարության անքակտելի ատրիբուտ է, նախապայման: 2016թ. վերջին Կապանի ԼՀԿ-ում ներդրվել է շահագրգիռ կողմերի հետ փոխգործողության կանոնակարգ: Դա համալիր փաստաթուղթ է, որը համակարգում է հարակից համայնքների ազգաբնակչության, հասարակական կազմակերպությունների եւ ընդհանրապես ընկերության գործունեության հետ առնչվող որեւէ շահ կամ հետաքրքրություն ունեցող բոլոր անձանց հետ ընկերության փոխհարաբերությունները: Կանոնակարգով սահմանված են նաեւ շահագրգիռ հանրության հետ փոխգործողության կոնկրետ գործիքներ՝ տեղեկատվական կենտրոնը, Կապանի քաղաքապետարանում եւ հարակից համայնքների վարչական շենքերում տեղեկատվական ու հետադարձ կապի ցուցատախտակները եւ հետադարձ կապի արկղերը, միասնական հեռախոսահամարը եւ միասնական էլեկտրոնային հասցեն, որոնք նշված են նաեւ ցուցատախտակներին, նախատեսվում է հարցախույզների անցկացում, շահագրգիռ հանրության ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներ եւ այլն:

- Այդ ցուցատախտակներն, իհարկե, նկատել ենք, դրանք փակցված են քաղաքապետարանի եւ վարչական շենքերի առավել տեսանելի ու շահեկան մակերեսներին: Սակայն տեղեկատվական գերարագ հոսքերի, համացանցի դարաշրջանում որքանո՞վ է արդյունավետ իրազեկման այդ միջոցը:

- Արձագանքելով մակերեսների շահեկան լինելու մասին ակնարկին՝ նախ նշեմ, որ մինչեւ համայնքների վարչական շենքերում իրազեկման եւ հետադարձ կապի միջոցներ տեղակայելն այդ գաղափարը ներկայացրել ենք համայնքների ղեկավարներին եւ մանրամասն քննարկել նրանց հետ: Նախաձեռնությունը ողջունել եւ իրագործմանն ամեն կերպ աջակցել են բոլոր համայնքների ղեկավարները: Ակնհայտ է համայնքների ղեկավարների կողմից այն բանի արժեւորումը, որ մեր նախաձեռնությունն առաջին հերթին հենց համայնքի շահերից է բխում:

Իհարկե, արդյունավետության եւ օպերատիվության տեսանկյուններից ցուցատախտակները չեն կարող մրցակցել համացանցի եւ տեղեկատվության այլ թվային կրիչների հետ, սակայն մենք խնդիր ունենք ընդգրկելու շահագրգիռ հանրության բոլոր տարրերին: Իսկ հատկապես գյուղական համայնքներում, ինչպես գիտեք, մեծ թիվ են կազմում մարդիկ, ովքեր հնարավորություն չունեն համացանցից կանոնավոր օգտվել եւ նույնիսկ նման հմտություններ չունեն: Միեւնույն ժամանակ ընկերությունը կանոնավոր մշտադիտարկում եւ թարմացնում է ցուցատախտակների տեղեկատվությունը, վերցնում հետադարձ կապի արկղերի պարունակությունը:

- Ինչպե՞ս են շահառուներն ընդունում այդ նորամուծությունը, ի՞նչ հարցեր եք ավելի շատ ստանում, կա՞ն դեպքեր, երբ հարցումը վերաբերում է այնպիսի բանի, որ հրապարակման ենթակա չէ, կամ պատասխան են պահանջում այնպիսի ժամկետում, որ հնարավոր չէ ապահովել:

- Իրազեկման եւ հետադարձ կապի միջոցներ ընկերությունում գործել են նաեւ մինչ «Պոլիմետալի»-ի կողմից ձեռք բերումը: Մասնավորապես՝ ընկերությունում նաեւ նախկինում է գործել համապատասխան կառուցվածքային ստորաբաժանում՝ հասարակայնության հետ կապերի բաժին, որը կոորդինացրել է հանրության հետ փոխգործողությունը եւ այդ թվում՝ համակարգել նաեւ տեղակատվական կենտրոնի աշխատանքը: Մենք մաքուր թղթից չենք սկսել, այլ՝ ձգտել ենք պահպանել արդեն արվածի դրական կողմերը եւ զարգացնել եղածը «Պոլիմետալ»-ի սկզբունքներին համահունչ: Շահառուների հանրությունն, ըստ ամենայնի, ներդրված նոր համակարգն ընկալում է որպես ընկերության հետ երկխոսության հնարավորությունների բնական էվոլյուցիա, ոչ թե որպես հեղափոխական նորամուծություն:

Ուրախությամբ կարող եմ ընդգծել, որ շահագրգիռ հանրությունն այս համակարգը չի ընկալում իբրեւ բացառապես օգնության խնդրանքներ կոմբինատին ներկայացնելու միջոց, թեեւ դրանք, իհարկե, քիչ չեն: Ստանում ենք նաեւ շահագրգիռ տեղեկատվական հարցումներ, համագործակցության առաջարկներ եւ այլն:

Մենք ցանկացած պարագայում պատասխանում ենք շահագրգիռ կողմի հարցմանը: Այնպիսի դեպքերում, երբ հարցումը ենթադրում է առեւտրային գաղտնիքի հրապարակում, մեր տրամադրած տեղեկատվության մեջ պահպանում ենք գործունեության թափանցիկության եւ անհրաժեշտ գաղտնիության ողջամիտ հավասարակշռություն: Ինչ վերաբերում է ժամկետներին. ձգտում ենք պատասխանել նվազագույն ժամկետներում եւ պատասխանի պատրաստման համար օբյեկտիվորեն պահանջվող ժամանակից ավելի չենք ուշացնում մեր արձագանքը:

- Ի՞նչ նոր քայլեր եք պատրաստվում անել, որոնք կնպաստեին հանրության հետ Ձեր երկխոսության զարգացմանը:

- Առաջիկայում նախատեսում ենք կազմակերպել հանդիպումներ շահագրգիռ կողմերի տարբեր խմբերի հետ: Հանդիպումները կազմակերպվելու են պարբերաբար՝ միտված լինելով ընդգրկելու հանրության հնարավորինս լայն շրջանակներ: Այս հարցում եւս ակնկալում ենք համայնքների ղեկավարների աջակցությունը, մասնավորապես՝ շահագրգիռ կողմերի պատշաճ ներգրավվածություն եւ մասնակցություն ապահովելու մասով:

- Ի՞նչն է ստիպում շահույթ հետապնդող կազմակերպությանը միջոցներ ծախսել հանրության հետ երկխոսության մեխանիզմներ ներդնելու եւ դրանք աշխատեցնելու ուղղությամբ, ի՞նչ կերպ կարող են այդ ծախսերը հատուցվել:

- «Պոլիմետալ»-ը տարածաշրջանում երկարաժամկետ տնտեսական ծրագրեր ունի, իսկ երկարաժամկետ հեռանկարում ոչ ոք չի կարող արդյունավետ տնտեսվարել մի սոցիալական միջավայրում, որն իրեն խորթ է, որի հետ չի երկխոսում եւ չի ձգտում փոխըմբռնման:  Գործունեության տարածքի համայնքների հետ հարաբերություններում սոցիալապես պատասխանատու գործելակերպը, ընկերությանը դիմելու, պատասխան ստանալու հնարավորության ապահովումը, բաց եւ թափանցիկ գործունեությունը, ծրագրեր կազմելիս համայնքի կարիքներն ու մոտեցումները հաշվի առնելը՝ որպես շահագրգիռ հանրության հետ աշխատանքի գործուն մեխանիզմներ, մեզ համար նույնքան կարեւոր են, որքան արտադրության գերժամանակակից միջոցներ ներդնելն ու շրջակա բնական միջավայրի համար անվտանգ արտադրություն կազմակերպելը:

Զրույցը՝ ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: