10/14/2019

Բաց պարապմունք «Ֆիզկուլտուրա» առարկայից

Բաց պարապմունք «Ֆիզկուլտուրա» առարկայից

Դպրոցական միջոցառումներ ասելիս սովորաբար առաջին հայացքից պատկերացնում ենք գրական-երաժշտական համադրույթներ, բայց Սյունիքի միջնակարգ դպրոցում ապրիլի 28-ին «Ֆիզկուլտուրա» առարկայից կազմակերպված բաց պարապմունքը, կարծեք, այդ կարծրատիպը կոտրեց:

Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Լիլիթ Առաքելյանը, այսօր կրթության բնագավառում իրականացվող փոփոխությունները ոչ միայն առնչվում են բնագիտական, տեխնիկական, հումանիտար առարկաներից գիտելիքների ուսուցման գործի կատարելագործմանը, այլեւ ֆիզկուլտուրային, երեխաների առողջ ապրելակերպին:

«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության տրամադրած մոտ 600 հազար դրամ արժողությամբ դպրոցի համար ձեռք բերված մարզական գույքով բաց պարապմունքի ընթացքում աշակերտները ցույց տվեցին իրենց կարողություններն ու հմտությունները, կարճ ժամանակահատվածում սովորած վարժությունները, որոնց կատարումներն ընդմիջվում էին երկրորդ դասարանի աշակերտուհի Իննեսայի ցուցադրած գեղարվեստական մարմնամարզության համարներով:

Միջոցառմանը ներկա էին նաեւ «Կապանի ԼՀԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը, գլխավոր տնօրենի տեղակալ Վահրամ Ավագյանը, հասարակայնության հետ կապերի եւ սոցիալական քաղաքականության բաժնի պետ Գայանե Թադեւոսյանը: Ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Ուշկովը նախ շնորհակալություն հայտնեց հրավերի, աշակերտների ցուցադրական վարժությունների համար, այնուհետեւ նշեց. «Անզեն աչքով անգամ կարելի է տեսնել մարզադահլիճում առկա խնդիրները, որոնք պետք է վերացնել միգուցե ոչ անմիջապես, բայց աստիճանաբար: Հնարավորության սահմաններում մենք նույնպես կփորձենք մեր ներդրումն ունենալ մատաղ սերնդի հատկապես առողջ ապրելակերպի զարգացման, դպրոցում առկա խնդիրների լուծման գործում»:

Ուսուցչի օրինակը տեսական գիտելիքներ մատուցելուց առավել արդյունավետ է, ուստի հատկապես տպավորիչ էին դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Նորայր Սահակյանի՝ ակրոբատիկայից ցուցադրած վարժությունները: Նա նույնպես շնորհակալություն հայտնեց կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովին՝ ցուցաբերած աջակցության, իսկ դպրոցի տնօրենին՝ հետեւողականության համար:

««Առողջ մարմնում՝ առողջ հոգի» կարգախոսով առաջնորդվելու դեպքում կունենանք առողջ հասարակություն, ուստի դասի նպատակն էր ցույց տալ դպրոցում ֆիզկուլտուրան բարձր մակարդակի հասցնելու անհրաժեշտությունը: Համոզված եմ՝ ձեռք բերված մարզագույքի առկայության պարագայում ուսուցչին ավելի մեծ հնարավորություններ ենք տալիս՝ երեխաների ֆիզիկական պատրաստվածությունը կատարելագործելու, բացթողումները լրացնել համար», - նշեց Լիլիթ Առաքելյանը, ով իրենց խնդրանքին ընդառաջ գնալու համար շնորհակալություն հայտնեց կոմբինատի տնօրենությանը՝ համոզմունք հայտնելով, որ հետագայում իրենց համագործակցությունը շարունակական բնույթ կունենա:

Նշենք նաեւ, որ մինչ միջոցառումը դիտելը Դմիտրի Ուշկովը ծանոթացավ դպրոցի պայմաններին, առկա խնդիրներին, որոնք հիմնականում առնչվում են համապատասխան գույքի ձեռքբերմանն ու շինության վերանորոգմանը: 

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: