10/21/2019

«Եվրատեսիլ-2017» մրցույթին Հայաստանը կներկայացնի ծագումով կապանցի Արծվիկ Հարությունյանը

«Եվրատեսիլ-2017» մրցույթին Հայաստանը կներկայացնի ծագումով կապանցի Արծվիկ Հարությունյանը

«Եվրատեսիլ-2017» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ Արծվիկ Հարությունյանը ծնվել է 1984թ. հոկտեմբերի 21-ին Կապանում: 1989թ. Արծվիկի ընտանիքը տեղափոխվում է ՌԴ` Մոսկվա: Մաթեմատիկական ուղղվածություն ունեցող դպրոցում ուսում ստանալուց հետո Արծվիկն իր կրթությունը շարունակել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում` փորձելով իր ապագան կապել հոգեբան-լոգոպեդի մասնագիտության հետ: Դրան զուգահեռ նաեւ փորձել է իր ներուժը դրսեւորել բազում այլ ասպարեզներում, սակայն երաժշտությունը «հաղթանակել» է:

Արծվիկը երգ-երաժշտության նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել դեռ վաղ մանկության տարիքից` հարուցելով ընտանիքի անդամների զարմանքն ու հիացմունքը: Սակայն այս հարցում որոշիչ է դառնում 1992 թվականը, երբ պատահաբար հեռուստատեսությամբ դիտած «Թիկնապահը» ֆիլմը եւ «ծանոթությունը» Ուիթնի Հյուսթոնի հետ ստիպում է Արծվիկին հասկանալ, որ իր ապագան անխուսափելիորեն կապված է լինելու երաժշտության հետ: Այնուամենայնիվ, տվյալ ասպարեզում գործունեություն ծավալելու համարձակություն Արծվիկը ձեռք է բերում տարիներ անց միայն:

2012թ. Արծվիկը դառնում է «Jazz Parking» նախագծի անդամ: Նույն թվականին հաջողությամբ մասնակցում է նաեւ միջազգային «The Voice» նախագծի ռուսական տարբերակին:

Կարճ ժամանակահատվածում Արծվիկը հասցնում է ճանաչում ձեռք բերել եւ սիրվել ոչ միայն Ռուսաստանում, այլեւ՝ Հայաստանում: Ստեղծագործական բուռն ընթացքը ստիպում է երկրպագուներին պարբերաբար նոր երգերով ու կատարումներով ներկայանալ, որոնց շարքում ինչպես ժողովրդական եւ գուսանական մի շարք երգեր են («Դու իմ մուսան ես», «Թամամ աշխարհ», «Արի, արի»), այնպես էլ՝ էստրադային («Why», «No fear», «I Say Yes», «Сестры по духу») եւ այլն: Արծվիկը մասնակցում է համերգների եւ երաժշտական փառատոնների ոչ միայն Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այլեւ՝ Հայաստանում:

Թեեւ Արծվիկը միշտ էլ փորձել է ամուր կապ ստեղծել հայրենիքի հետ, այնուամենայնիվ, հենց 2016թ. է որոշում կայացնում վերադառնալ Հայաստան եւ մասնակցել 1-ին ալիքի «Դեպի եվրատեսիլ» համահայկական երաժշտական նախագծին: Պատճառներից մեկն էլ այն էր, որ Արծվիկը միշտ էլ ցանկացել է Հայաստանը ներկայացնել երգի համաեվրոպական մրցույթին, ու հայաստանյան մրցույթը լավագույն հարթակն էր, որն Արծվիկը որոշեց բաց չթողնել: Ողջ նախագծի ընթացքում ստանալով ժյուրիի եւ հեռուստադիտողների կողմից ամենաբարձր միավորները եւ վայելելով երկրպագուների սերը՝ Արծվիկը հնարավորություն է ստանում մայիսին Հայաստանը ներկայացնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում կայանալիք «Եվրատեսիլ-2017»-ին: Ողջ նախագծի ընթացքում Արծվիկին աջակցել է թիմի ղեկավար, «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Genalogy» խմբի անդամ Եսայի Ալթունյանը:

Հ.Գ. Արծվիկ Հարությունյանը կներկայանա «Fly with me» երգով: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին եւ 13-ին Կիեւում: Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում:

Պատրաստեց ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: