10/22/2019

Կապանցի Մհեր Արզումանյանը նահատակվեց Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս

Կապանցի Մհեր Արզումանյանը նահատակվեց Արցախի Հանրապետության սահմանները պաշտպանելիս

Ապրիլի 28-ի լուսաբացը կրկին բացվեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս եւս մեկ հայորդի զոհ տալու գույժով: Ինչպես նշված է ՊԲ պաշտոնական հաղորդագրության մեջ, ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:

Մհեր Արզումանյանը ծնվել է Կապանի Առաջաձոր գյուղում եւ հաճախել Աճանանի միջնակարգ դպրոց: Ինչպես տեղեկացրեց Առաջաձորի գյուղապետ Դավիթ Մովսեսյանը, հայրը 1988թ. էր գաղթել Առաջաձոր, ամուսնացել, եւ Մհերը բազմազավակ ընտանիքի չորորրդ զավակն էր: Երեք եղբայրը ծառայել են հայոց բանակում, քույրը դպրոցահասակ է: Եղբայրներից երկուսն արդեն կազմել են ընտանիք, ունեն զավակներ, բայց սոցիական ծանր պայմաններում են ապրում: Տանը ոչ ոք չի աշխատում, զբաղվում են տնամերձի մշակմամբ: Ի դեպ, Դավիթ Մովսեսյանի տեղեկացմամբ՝ նրանք սեփական տուն չունեն եւ ներկայումս բնակվում են նախկինում անասնապահական տնտեսությամբ զբաղվող անհատի տանը, ում համար ժամանակին աշխատում էին: Տեղեկացանք նաեւ, որ եղբայրներից մեկը դիմել էր կոմբինատում աշխատանքի տեղավորման համար, բայց դեռեւս այդ հարցը չի լուծվել, իսկ մյուս եղբայրը ցանկանում էր պայմանագրային զինծառայող դառնալ, ինչը, կարծում ենք, ստեղծված իրավիճակում քիչ հավանական է:

Դավիթ Մովսեսյանը հուսով է, որ բարերարների միջոցով հնարավոր կլինի լուծել այդ ընտանիքի գոնե բնակարանի հարցը: 

Ապրիլի 29-ին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգեհանգստյան կարգ կատարվեց տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանի մասնակցությամբ, իսկ ապրիլի 30-ին Բաղաբուրջի հուշահամալիրում մայր հողին հանձնեցին ծառայության ժամկետը կիսած Մհեր Արզումանյանի աճյունը, ով միացավ այն բազում հայորդիներին, ովքեր հայրենիքի զոհասեղանին են դրել իրենց կյանքը՝ բռնելով հավերժի ճամփան:

Ինչպես նշեց Կապանի զինկոմ, փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը. «Մեր պատերազմը դեռեւս չի ավարտվել, եւ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես պետք է պատրաստ լինենք դիմակայելու թշնամու ամեն մի սադրանքի: Հակառակորդի հանդեպ հաղթանակ կարող ենք տանել նախեւառաջ մեր միասնականության, միմյանց հանդեպ հարգանքի եւ իրար նեցուկ լինելու շնորհիվ»:

Մհեր Արզումանյանը Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: