01/27/2020

Մայրաքաղաքցի գունաթափ տիկինը չի դադարում ձեռքերը տաքացնել Սյունիքի հոգսերի վրա

Մայրաքաղաքցի գունաթափ տիկինը չի դադարում ձեռքերը տաքացնել Սյունիքի հոգսերի վրա

(պատասխան խոսքի իրավունքով)

Մի արատավոր ու մերժելի երեւույթ է մեզանում ուրվագծվել-հաստատվել վերջին տարիներին՝ հենց որ Սյունիքին առնչվող վիճահարույց ինչ-որ հարց է արծարծվում մամուլում կամ հանրային այլ հարթակում, անմիջապես լսում ենք «Հայելի» կոչվող կայքի ծիվ-ծիվը…

Գուցե եւ բնական համարվեր նման պահվածքը, միգուցե եւ քաղաքացիական դիրքորոշման պարզ դրսեւորում որակվեր այդ ամենը, եթե… Եթե Սյունիքում որոշակիորեն չիմանային, որ լրատվամիջոց կոչվածի պատասխանատուն սյունիքյան կլաններից մեկի մայրաքաղաքային երբեմնի սովորական ու փնթի սպասավորն է: Եթե չիմանային, որ կայքն ու գրեթե համանուն հեռուստահաղորդաշարը տարիներ շարունակ հարատեւել են այս կողմերի թերմացքով, ինչի դիմաց մարզի մասին պարբերաբար զազրախոսություն է սփռվել եւ սփռվում…

Մինչդեռ, թվում է, Սյունիքի մասին Երեւանից դատողություններ անելու, սյունիքյան ընթացքին գնահատական տալու, ինքնակոչ իրավարարի դեր ստանձնելու համար հարկավոր է առնվազն հանրության մեջ բարոյական, անաչառ, անշահախնդիր լրագրողի ու լրատվամիջոցի փոքր-ինչ ընկալում ունենալ, հարկավոր է մի փոքր ավելի լավ շպարվել՝ սեփական պրիմիտիվությունը եւ միջակությունը ծածկելու համար, ինչը չի հաջողվի տվյալ կայքին:

Հիմա էլ, ըստ էության, պետք չէր այլեւս ցամաքած առվի փոխարեն նոր ստնտու փնտրել՝ Սյունիքի մասին նոր վայրահաչություններ տարածելու գնով:

Մի անգամ ենք այդ տիկնոջը հանդիպել՝ Ստեփանակերտում՝ մեկ-երկու բառով հակադարձել «Սյունյաց երկիր» թերթի հասցեին արտահայտած նրա ոչ հարգալից խոսքին. փուլ եկավ եւ արտասվելով հեռաձայնեց ինչ-որ մեկին, բայց այդ մեկը կարծես չկարողացավ մխիթարել նրան:

Տարիներ են անցել, բայց «Սյունյաց երկիր» թերթը, առիթ-անառիթ, նրա ուշադրության դաշտում է:

Նրա համար այդ թեման առավել ցանկալի է դառնում, երբ կողքից պատվիրատու է հայտնվում:

Չգրեինք Սյունիքի բուժհաստատությունների մասին՝ հայտնի տեղից պատվեր չէին տա. մենք դա կանխատեսել էինք եւ մայիսի 17-ին Սյունիքի մարզպետին հղած (դեռեւս չհրապարակված) դիմումում զգուշացրել այդ մասին:

Ինչեւէ, մի քանի օր առաջ՝ մայիսի 25-ին, հրապարակեցինք մի հոդված, որով փորձեցինք առողջապահության նախարարի ուշադրությունը հրավիրել մարզի բուժհաստատություններում վերջին ամիսներին կատարվող կադրային փոփոխությունների վրա: Առանց չափազանցության՝ հազարավոր մարդիկ ծանոթացան այդ նյութին, որոնց մեծագույն մասը, դատելով արձագանքներից, ոչ միայն տեղին համարեց այդ ամենի մասին բարձրաձայնելը, այլեւ՝ ուշացած:

Արձագանքեց նաեւ «Հայելին», արձագանքեց յուրովի՝ գոյություն չունեցող չափորոշիչներով, հնաբույր տրամաբանությամբ: Եվ այդ ամենը՝ սկսած վերնագրից. «Նախկինի ու ներկայի միջեւ պատերազմի հետեւանքները»:

Իհարկե, ներկա ու նախկին մարզպետների միջեւ ոչ մի պայքար էլ չկա Սյունիքում ու չի էլ եղել, դա բոլորն են տեսնում:

Հիմա Սյունիքում այլ բանի համար են կռվում, այլ ճակատում ու այլ դերակատարներով, որ խոսակցության առանձին նյութ է:

Մյուս կողմից՝ դժվարությամբ է կայանում կամ գրեթե չի կայանում այլեւս ոչ նոր մարզպետը, որը գաղտնիք չէ:

Իսկ դրա համար հանրությանը պետք է «օբյեկտիվ» պատճառներ մատնացույց անել, որին առավել սովոր է հանրության ականջը: Ամենահարմարն այդ տեսակետից նոր եւ նախկին մարզպետների միջեւ պայքարի պատրանք ստեղծելն է, ինչի առաքելությամբ էլ մեր մրոտված «Հայելին» մեջլիս է դուրս եկել, ինչի համար էլ հնաբույր եւ հնամաշ, երեւակայական դատողություններ է խզբզում:

Առաջին հայացքից թվում է, թե «Հայելին» մեր հեղինակած հոդվածն է քննարկում, բայց շրջանցում է հոդվածում բարձրացված հարցերն ու իր քիմքին հաճո իրականության տեսիլք ստեղծելու վարժանք անում: Իսկ իրականությունն այն է, որ գործող մարզպետի կողմից նշանակված տնօրեններն են ամիսներ անց նույն մարզպետի կողմից (առանց պատճառաբանության) ազատվել աշխատանքից, որ տեղական կարող ուժերին անտես անելով՝ դրսից են հիվանդանոցների ղեկավարներ հրավիրվել՝ առանց մրցույթի:

Մեր հոդվածը, վերջին հաշվով, պատրվակ էր, որպեսզի «Հայելին» հերթական անգամ կեղտաջուր թափի Սյունիքի վրա:

Երեւույթի անբարոյականությունն ավելի է փայլատակում, երբ իմանում ենք, որ գործի գլուխ կանգնած է մեր մարզի տեղը նույնիսկ քարտեզի վրա չիմացող, ինքն իրենով լցված ոմն պչրուհի:

Դա ստիպում է մեզ վերստին հայտարարել՝ այս կողմերում այդ տիկնոջն ու նրա կայքին ամենեւին էլ լուրջ չեն վերաբերվում: Մեզ համար ինքը կիսագրագետ եւ անհիմն նյութեր թողարկող, շինծու հեռուստահաղորդումներ սփռող, մայրաքաղաքային սովորական միջակություն է՝ իրական Հայաստանից ու հատկապես մարզերի իրականությունից անտեղյակ:

Միանգամից ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ուրթերում բնակվելն անգամ նրա աղավաղված դեմքին դրական ոչ մի շտրիխ չի ավելացնում:

Տվյալ հրապարակմամբ «Հայելին», ըստ պատվիրատուի առաջադրանքի, մի խնդիր էլ է դրել իր առջեւ՝ անել այնպես, որ «Սյունյաց երկիր» թերթն այլեւս չփորձի մտնել սյունիքյան հիմնախնդիրների մեջ: Եվ, իր պատկերացմամբ, գտել է ուղին…

Ո՞վ է առողջապահության նախարարի պաշտոնակատարին հղած դիմումի հեղինակը:

Հա՜… «նույն խմբագիրն է, ով մի առիթով Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանին համեմատել է Քրիստոսի հետ, իրեն էլ՝ առաքյալի»: Ահա ով է նամակի հեղինակը…

Այդ միտքը, մի փոքր ձեւափոխված, նույն կայքն արտահայտել էր ամիսներ առաջ եւս: Արձագանքեցինք՝ չտպագրեցին, թեեւ գործող օրենսդրությունը մեզ պատասխան խոսքի իրավունք է վերապահել: Հիմա ստիպված ենք արձագանքել նորից: Հետո կարող են մեզ դատի տալ՝ ԱԺ հանձնաժողովի նախագահ եղբայր ունեն, փաստաբանների գրասենյակ ունեն, հովանավորներ ունեն, կայուն դիրքեր ունեն՝ մի ոտքով իշխանության մեջ են, մյուս ոտքով՝ ընդդիմության:

Երկու ճանապարհ կա. Անժելա Թովմասյանը կամ պետք է ներկայացնի քաղվածք (տողացի, բառացի) իմ խոսքից եւ հաստատի, որ նման համեմատություն ենք արել, կամ էլ ստիպված կլինենք այսուհետ նրան ընկալել իբրեւ սովորական կուրտիզանուհի: Կամ ասվածն ապացուցել եւ հաստատել, կամ ստանալ վաստակավոր կուրտիզանուհու պատվավոր կոչում…

Վերջում մայրաքաղաքցի գունաթափ տիկնոջն անկեղծ խորհուրդ պիտի մեկնեմ՝ պետք չէ Սյունիքը դիտարկել իբրեւ բուրումնավետ արոտավայր՝ սեփական ախորժակին կուշտություն տալու համար:

Գոնե ուշացումով արժեր հրաժարվել հաց վաստակելու անբարո եւ անփառունակ այդ կերպից, այլապես պատվերով կատարված ամեն քայլդ՝ քեզ հասկանալի լեզվով, պատասխանի կարժանանա: Եվ պետք չէ չափից ավելի վեր-վեր թռչել քո դեպուտատով, քո փաստաբաններով, քո հովանավորներով, մռխկած ու քաղհանի կարոտ քո սֆաթով…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: