09/23/2019

Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների դեմ արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը

Գլխավոր դատախազից խնդրում են պարզել՝ արդյոք բնապահպանների դեմ արշավը կազմակերպել է Սյունիքի մարզպետը

Բնապահպան Արթուր Գրիգորյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, մասնավորապես, խնդրելով պարզել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առնչությունը հասարակական կազմակերպությունների եւ անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման եւ տարածման հետ:

Գրիգորյանը ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել է իր վարկածն ապացուցող հետյեւալ հանգամանքները.

Փաստ 1.
2016թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը խոսել է «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին՝ նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաեւ «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով:

Հակոբյանը, ով մինչեւ մարզպետ նշանակվելը հանդիսացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության ադմինիստրատիվ տնօրեն եւ նույն ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, մարզպետ նշանակվելուց հետո, իր պաշտոնեական լիազորություններն անցնելով, «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրել է մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնդրամին:

Ներկայացված փաստի հիման վրա անհրաժեշտ է քրեաիրավական գնահատական տալ մարզպետի եւ մասնավոր առեւտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքների օրինականությանը եւ այդ ընթացքում պաշտոնեական լիազորություններն անցնելով գույքային վնաս պատճառելու փաստերին: Մասնավորապես, ի՞նչ հետեւանքներ են առաջացել երկու հիմնադրամների միջեւ ոչ բանկային ֆինանսական փոխանցումներ կատարելու դեպքում, կամ ի՞նչ իրավական հիմքերով են իրականացվել մարզպետի նշած գործարքները եւ ի՞նչ չափի հնարավոր գույքային վնաս է պատճառվել պետությանը կամ կազմակերպություններին դրա հետեւանքով:

Հաշվի առնելով, որ իր տարեվերջյան հաշվետվության ընթացքում մարզպետ Հակոբյանը մի քանի անգամ մատնանշում  է իր կնոջ կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության գործունեության մասին, անհրաժեշտ է պարզել, թե արդյո՞ք մարզպետ Հակոբյանը չի օգտագործել իր պաշտոնեական դիրքը «Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» կամ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամի» ֆինանսական միջոցներն անձնական կամ խմբային շահերի սպասարկման համար օգտագործելու նպատակով: Կից ներկայացվող նյութերից հետեւում է, որ այդ միջոցները կարող էին ուղղակի դիտավորությամբ օգտագործվել այլ կազմակերպությունների եւ անձանց դեմ՝ վերջիններիս վարկաբեկող հոլովակների պատրաստման եւ տարածման, համակարգչային (հաքերային) հանցագործությունների կատարման համար՝ ելնելով անօրինական խմբային շահերից եւ կոռուպցիոն բնույթի այլ նպատակններից:

Փաստ 2.
2017թ. ապրիլի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (այսուհետ՝ ԱՃԹՆ) գործընթացի շրջանակներում տեղի է ունեցել Բազմաշահառու խմբի (այսուհետ՝ ԲՇԽ)  քաղաքացիական հասարակության խմբակցության նիստ, որի ընթացքում «Հասարակության ձայն» (Civil Voice) հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Համբարձումյանը ներկայացրել է փաստաթղթերի պատճեններ, որոնց համաձայն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը մոտ 200 միլիոն դրամ է փոխանցել Կապան քաղաքում գործող մի քանի հասարակական կամակերպությունների՝ իր գործունեության համար հանրային աջակցություն ապահովելու նպատակով: Տրամադրված պատճենների զննությունից առաջանում են կասկածներ, որ դրանք կարող են կեղծված լինել: Մինչ օրս չեն ներկայացվել տրամադրված պատճենների բնօրինակները:

Ներկայացված փաստաթղթերից մեկում նշված է 81 միլիոն դրամի փոխանցման մասին, որի մասին նշված է նաեւ 2016թ. նոյեմբերի 25-ին «ֆեյսբուք» սոցիալական ցանցի փակ խմբում տեղադրված անիմացիոն հոլովակում:

Նկարագրված փաստական հանգամանքները ստեղծում են հիմքեր ուրվագծելու անձանց շրջանակը, որոնց մասնակցությամբ իրականացվող քննչական եւ այլ դատավարական գործողությունների միջոցով կարող է բացահայտվել հասարակական կազմակերպություններին եւ անհատ անձանց վարկաբեկող հոլովակի ստեղծմանը մասնակցած սուբյեկտներին եւ դրանում Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի ֆինանսական, կազմակերպչական եւ այլ ներգրավվածությունը՝ իր լիազորություններն անցնելով:

Փաստ 3.
Նույն նիստի ընթացքում Արթուր Համբարձումյանի ներկայացրած տեղեկատվության համաձայն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից Կապանում գործող հասարակական միավորումներին ուղղված ֆինանսական փոխանցումների վերաբերյալ փաստաթղթերն իրեն է տրամադրել «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության գործընկեր «Հանրային դիվանագիտություն» (Paradiplomacy) հասարակական կազմակերպությունը (նիստն ամբողջությամբ տեսաձայնագրվել է):

ՀՀ արդարադատության նախարարության՝ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով 2017թ. մարտի 24-ից սկսած  «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության նախագահը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի կինը՝ Էլիզբեթ Պետրոսյանն է: 2017թ. ապրիլի 5-ին թարմացված տվյալների համաձայն՝ նույն ընկերության վեբ-կայքի համար որպես ադմինիստրատիվ եւ տեխնիկական կոնտակտ է նշված տիկին Պետրոսյանը: Մինչ ապրիլի 5-ի փոփոխությունը «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության վեբ-կայքի ադմինիստրատիվ եւ տխնիկական կոնտակտ էր նշված «Հասարակության ձայն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Բաբկեն Հարությունյանը, ինչը վկայում է այս երկու հասարակական միավորումների գործառնական փոխկապակցվածության մասին:

Նշված փաստաթղթերն Էլիզաբեթ Պետրոսյանին կարող էր տրամադրել միայն գործարքի երկու կողերից մեկը: Կան հիմնավոր կասկածներ պնդելու, որ մարզպետ Հակոբյանը, անձնական եւ խմբային շահերից ելնելով, կատարել է մարզպետի լիազորությունների հետ անհամատեղելի արարք՝ իր հետ փոխկապակցված անձանց միջոցով հաշվեհարդար տեսնելով հասարակական-բնպահպանական գործունեությամբ զբաղված անհատների եւ կազմակերպությունների հետ: Նշված արարքն էական վնաս է պատճառել հասարակական կազմակերպություններին եւ պետությանը: Նախ, քաղաքացիական հասարակության գործունեությանը վարչական մարմնի միջամտության պատճառով անհնարին է դառնում ԱՃԹՆ-ին անդամակցելու՝ Հայաստանի հետագա հնարավորությունը, եւ Հայաստանը զրկվում է այդ նախաձեռնությանն անդամակցելու պայմանով միջազգային ֆինանսական աջակցությունից: Երկրորդ, մարզպետի հետ փոխկապակցված այլ սուբյեկտների ձեռքով նպատակամղված վարկաբեկվում են մարզպետի համար անհաճո հասարակական կազմակերպություններն ու հանրային գործունեությամբ զբաղվող անձիք՝ էական վնաս պատճառելով վերջիներիս հեղինակությանը:

«Ամփոփելով նշված փաստական հանգամանքները՝ գտնում եմ, որ հանցագործության մասին ներկայացված հաղորդման շրջանակներում անհրաժեշտ է պարզել Սյունիքի մարզպետ Վահե Ալբերտի Հակոբյանի կապը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության եւ դրան կից բարեգործական հիմնադրամի, ինչպես նաեւ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի» շրջանակներում իրականացված ֆինանսական գործարքների հետ: Պարզել անձնական եւ խմբային շահերից ելնելով՝ վերը նշված հիմնադրամների միջոցների օգտագործման հնարավոր փաստերը՝ իր կնոջ կողմից ղեկավարվող հասարակական կազմակերպության եւ դրա հետ փոխկապակցված այլ կազմակերպությունների եւ անձանց միջոցով:

Թվարկված գործողություններն անհամատեղելի են մարզպետի պաշտոնեական լիազորությունների հետ եւ առաջացրել են հանրային սուր լարվածություն: Ելնելով գործի դրվագներից՝ խնդրում եմ հաղորդման քննությունն ուղարկել ըստ ենթակայության: Անհրաժեշտության դեպքում պատրաստ եմ տրամադրել գործի վարույթի համար կարեւոր լրացուցիչ նյութեր», - նշել է Գրիգորյանը:

asekose.am

2017-08-01

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: