09/23/2019

Ինչ եղավ ինձ հետ՝ ձեզ հետ էլ է պատահել

Ինչ եղավ ինձ հետ՝ ձեզ հետ էլ է պատահել

Իմ զրույցի թեման շատերին ծանոթ, հավանաբար նաեւ նրանց մտքում անընդհատ պտտվող միտք է, բայց քչերն են դրան կարեւորություն տալիս կամ էլ համարձակություն ունենում այդ մասին բարձրաձայնել: Երկու ձեւն էլ ինձ համար վաղուց հաղթահարված արգելքներ են, բայց, անկեղծ, չգիտեմ խոսքս որտեղից սկսել: Դժվարությունը հենց դա է, թե չէ շարադրելը, մտքերս արտահայտելը, իրոք, դյուրին է…

Այս թեմայով որոնումներս հասցրին մի հին, ծանոթ սյուժեի: Հեղինակին չեմ կարողանում հիշել, բայց ասեմ, որ բերվող սյուժեն իմը չէ:

Պատմությունն ահա այսպիսին է: Թշնամու կողմից պաշարված քաղաքում սով է սկսվում, բայց ոչ ոք չի մտածում քաղաքը հանձնելու մասին: Կռվում, դիմադրում են, մարտերից ազատ պահերին էլ խումբ-խումբ հավաքվում, բարձրաձայն մտածում ուտելիքի մասին՝ իմանալով նաեւ, որ անընդհատ շաքար ասելով բերանը չի քաղցրանում: Պաշարվածների մեջ միայն մի հոգի է իրեն զուսպ պահում, ոչ մի խմբի հետ չի նստում-վեր կենում, առավել եւս չի խոսում ուտելու, ուտելիքի մասին: Պաշարումը շարունակվում է, իսկ պաշարվածների շարքերը նոսրանում են՝ մի մասը թշնամիների գնդակից է ընկնում, մյուս մասը՝ սովից: Մի օր էլ նկատում են, որ իրենց զուսպ ընկերը չկա: Փնտրում են ամենուր ու գտնում մի անկյունում՝ մեռած, ծնկներին՝ օրագրի նմանվող տետր՝ լցված բոլոր այն ուտեստների անունների գրառմամբ, որոնց մասին ընկերներն անընդհատ խոսում էին: Բոլորը խոսում էին, իսկ նա մտապահում էր, հետո, երբ մենակ էր մնում՝ գրի առնում…

Ես հիմա փորձում եմ գրի առնել մի բան, որի մասին մտածում ենք, երբեմն նաեւ մեր փոքր շրջապատում այդ մասին բարձրաձայնում, մտքեր փոխանակում, բայց խուսափում հրապարակավ արտահայտվել՝ ի՞նչ կմտածեն:

Հաճախ ենք լսում, նաեւ օգտագործում հայրենիքի, պետության  նկատմամբ ունեցած պարտքի մասին: Չգիտեմ, ուրիշների մոտ ինչպես է, բայց վերջին տարիներին իմ պատկերացումն ակնարկված հասկացությունների վերաբերյալ արմատապես փոխվել է: Ընդունում եմ, որ մեր երկրի բոլոր քաղաքացիների նման ինքս էլ հայրենիքի, պետության հանդեպ որոշակի պարտականություններ ունեմ, որոնք պարտավոր եմ սրբորեն կատարել: Դրանք հայրենիքի պաշտպանությանը, նրա բարգավաճմանն ուղղված քայլերն են, բայց դրանք ոչ մի կապ չունեն «պարտք» հասկացության հետ: Իմ՝ բավականին առաջացած տարիքից նայելով տեսնում եմ, որ ունեցած հնարավորությունների սահմաններում ավելի շատ տվել եմ նրան (հայրենիքին), քան նրանից վերցրել, ստացել: Ես պետությանը, հայրենիքին պարտք չեմ, չեմ հիշում, որ ինչ-որ բան վերցրած եւ վերադարձրած չլինեմ: Ինչ որ նա ինձ տվել, մի բան էլ ավելի՝ հետ է ստացել: Գիտեմ՝ ընդդիմախոսներ շատ կունենամ: Նրանք առաջինը մատնացույց կանեն իմ, իմ նմանների ստացած կրթությունը, այն էլ՝ անվճար: Այո, իմ սերունդն անվճար կրթություն է ստացել, բայց պետությունն այդ կրթությունը մեզ տվել է իր շահերից ելնելով: Բոլոր հասարակարգերն էլ պայմաններ են ստեղծում, որպեսզի իրենց քաղաքացիները համապատասխան հմտություններ ձեռք բերեն՝ դրանք երկրին ծառայեցնելու համար: Խորհրդային տարիներին կրթություն ստացած մասնագետներին պետությունը վճարում էր այնքան, որ նրանք գոյություն ունենան: Ո՞ր ուսուցիչը, բժիշկն ու ինժեները (ճարտարագետը) կարող էր իր աշխատավարձի խնայողություններով ավտոմեքենա կամ բնակարան գնել: Իսկ շա՞տ բան է փոխվել այսօր: Իհարկե, ոչ: Նույն սանդն է, նույն ջուրը: Մեր երկրի տասնյակ հազարավոր ուսուցիչներից կամ բժիշկներից քանի՞ հոգի կարող են իրենց աշխատավարձի խնայողություններով կյանքում գոնե մեկ անգամ  հանգստանալ արտերկրում: Իհարկե՝ ոչ մեկը: Իսկ եթե եզակիներին էլ հաջողվել կամ հաջողվում է, ապա մեզ նմանները չեն կարող գնալ այդ ճանապարհով: Ասացեք, խնդրեմ, ո՞վ է ում պարտք, մե՞նք պետությանը, թե՞ պետությունն իր քաղաքացիներին: Ես չեմ էլ ջանում համոզել որեւէ մեկին, որ նա պարտք չէ պետությանը: Այդպիսիք քիչ չեն, բայց ես եւ ինձ նման տասնյակ հազարավորներն այդպիսի պարտք չունեն:

«Պարտք». այս բառի բովանդակությունը հասկանալու համար բացում եմ Է.Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ը եւ կարդում. «մեկից փոխարինաբար վերցված դրամական գումար կամ որեւէ այլ բան, որ վերցնողը պարտավոր է որոշ ժամանակում վերադարձնել կամ որեւէ ձեւով հատուցել»: Բառարանում այս բառի այլ բացատրություններ էլ կան, բայց դրանք իրենց մեջ հիմնականում փոխաբերական իմաստ են պարունակում (օրինակ, քննության պարտք, որդիական պարտք, ամուսնական պարտք եւ այլն): Իմ եւ պետության միջեւ նման հարաբերություններն իրոք եղել են: Խորհրդային տարիներին մեր համեստ միջոցներով ընտանիքի երեք երեխայի անունով նպատակային ավանդներ ենք ունեցել՝ մեր եւ պետության միջեւ պայմանավորվածություն է եղել ավանդ դրված գումարը հետ ստանալ երեխաների 16 տարին լրանալուն պես: Երեխաներիս 30-ը վաղուց է լրացել, սակայն խորհրդային երկրի իրավահաջորդ նոր իշխանությունը մոռացել է, որ ինքը պարտք ու պարտականություն ունի: Դժբախտաբար վերեւում ասվածը դաս չի եղել ինձ համար: Նմանատիպ մի գործարք էլ նոր իշխանության հետ եմ ունեցել: Ընկեր-բարեկամների սեփականություն երեք մեխանիզմ գրավ դնելով (տարեկան 20 տոկոս դրույքով) 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի վարկ եմ վերցրել: Իսկ թե այդ վարկը ստանալու ընթացքում որքան եմ ծախսել՝ կիմանան այդ ճանապարհով անցածները: Չեմ երկարացնում: Չկարողացա ժամանակին ամբողջությամբ մարել պարտքս: Բանը հասավ օրենքին: Իսկ օրենքում գրված էր՝ կամ ես տոկոսներով մարում եմ պարտքիս մնացորդը, կամ էլ բանկն աճուրդի է հանում գրավադրված մեխանիզմները: Որեւէ մեկից օգնություն չէի ակնկալում, իսկ Աստված էլ մոռացել էր խեղդվող անհավատիս հետեւից նավակ ուղարկել: Ցավը տերն է տանում:

Պետությունից վերցրած մի քանի հարյուր դոլարի պարտքս մարելու համար ստիպված վաճառեցի իմ եւ երեխաներիս միակ սեփականությունը՝ բնակարանը: Ոչ ոք ձեռք չմեկնեց, ոչ-ոք չփորձեց խանգարել:

Միայն տարիներ անց արյունակից բարեկամներիցս մեկն ասաց՝ այդպես էլ չհասկացա, թե ինչու վաճառեցիր բնակարանդ: Ցանկացա պատասխանել հայտնի արտահայտությամբ, որ չհասկացողների համար հարեւան շրջանում դպրոց են բացել, մեկ էլ մտածեցի՝ միեւնույն է, չի հասկանա:

Այսպես ավարտվեց իմ եւ իմ պետության միջեւ պարտք ու պահանջի երկրորդ արարը: Պարտքս կատարելուց հետո առաջին անգամ հանգիստ քնեցի: Դա մինչեւ այժմ շարունակվող մղձավանջի առաջին օրերն էին: Հայտնի բան է, որ դժբախտությունը մենակ չի գալիս: Բնակարանիս հետ կորցրեցի շատ բան, իսկ առաջին հերթին՝ աշխատանքս: Մնացած դժվարությունները մաթեմատիկական ֆունկցիոնալ կապի մեջ են այս երկուսից: Օր օրի գնացող-եկողներս պակասեցին: Շատ արագ ակնհայտ դարձավ, որ ընկերներիցս շատերն ուղղակի սեղանակիցներս են եղել: Դա առաջինը նկատեց հնգամյա որդիս՝ ասելով, որ մեր տունը «փիս» տուն է: Մոր հարցին, թե ինչո՞ւ է «փիս տուն», պատասխանեց՝ որովհետեւ «ուրիշ մարդիկ չեն գալիս»: Որդուս «փիս տուն» բնորոշումն այլեւս մնաց մեր չունեցած օճորքի տակ:

Ժամանակը հոսում, գնում է՝ իմ շրջապատից պոկում, տանում երեկվա ընկերներիս, որոնցից շատերին նույնիսկ սրտակից-մտերիմ էի հաշվում: Ինձ հետ մնացին միայն նրանք, ովքեր վաղուց չկան, ժամանակից շուտ գնացին:

Սա մի պատառիկ է իմ կյանքից, բայց կյանքի նման պատառիկները շատ են: Բոլոր բանական էակներն իրարից տարբերվում են իրենց եզակիությամբ, ինչպես մարդկանց մատնահետքերը, բայց այդ էակներն իրենց ճակատագրով, իրենց ապրած կյանքով նաեւ իրար նման են այնքան, որ նրանցից մեկի հետ կատարվածը, թվում է, թե քեզ հետ նույնպես պատահել է: Այս մտքերս նույնիսկ գրագողության տպավորություն կարող են թողնել. այն ինչ եղել է ինձ հետ, ձեզ հետ էլ է պատահել:

Բայց դե ամեն ինչ չէ, որ այնքան մռայլ է: Տխուր, երբեմն նույնիսկ շատ տխուր բաների մեջ լույսի շող է երեւում: Մեկ էլ կլսես, որ այս կամ այն երկրում ահաբեկչություն է կատարվել, կամ մոլորակի այս կամ այն անկյունում տարերային աղետ է եղել՝ մարդկային զոհերով, որին շատ արագ արձագանքում է տվյալ տարածքում մեր երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը՝ հայտարարություն տարածելով առ այն, որ զոհերի մեջ հայեր կամ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել: Սիրտդ փառավորվում է, զգում ես, որ մեր երկրի քաղաքացի լինելը թանկ կարգավիճակ է, նրա մասին էլ են հոգում ու մտածում:

Բա՞…

ՌԵԴԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: