09/23/2019

Մհեր Պոլոսկովն առայժմ չի պատրաստվում Քաջարանի կոմբինատի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել հանրությանը

Մհեր Պոլոսկովն առայժմ չի պատրաստվում Քաջարանի կոմբինատի ֆինանսական հաշվետվությունները ներկայացնել հանրությանը

Ս.թ. հունիսի 29-ին «Սյունյաց երկիրը» դիմում էր հղել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին՝ տրամադրելու ընկերության ֆինանսական հաշվետվությունը որոշակի ժամանակաշրջանի համար՝ հիմք ընդունելով «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի պահանջները:

Սակայն օրինական այդ պահանջը մերժվել է, ինչի մասին իմանում ենք «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲԸ իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պ.Խաչատրյանի պատասխանից՝ ուղղված «Սյունյաց երկիր» թերթի խմբագրին: Պատասխանում մասնավորապես նշվել է. «Ինչ վերաբերում է «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի վկայակոչմանը, ապա տեղեկացնում ենք, որ նշված նորմը սահմանում է ֆինանսական հաշվետվությունների հրապարակման պահանջները, որոնք չեն կարող մեկնաբանվել որպես հարցումների հիման վրա տեղեկատվություն տրամադրելու պարտականություն»:

Ելնելով ընկերության իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պ.Խաչատրյանի պատասխանից եւ հաշվի առնելով հասարակական հետաքրքրությունն ու հանրային շահերի պաշտպանությունը՝ թերթի խմբագրությունը նոր դիմում է հղել Մհեր Պոլոսկովին, որը ներկայացնում ենք ստորեւ:

«Սյունյաց երկիր»

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովին
հասցե՝ Լեռնագործների փող. շենք 18, ք. Քաջարան

պատճենը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ
իրավաբանական դեպարտամենտի ղեկավար Պ. Խաչատրյանին  

Հարգելի պարոն Պոլոսկով

Ի պատասխան Ձեր կողմից ներկայացված 12.07.2017թ. թիվ 390 գրության՝ տեղեկացնում ենք, որ «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքը սահմանում է կազմակերպության պարտավորությունը՝ հրապարակելու քննարկվող տեղեկատվությունը։ Այդուհանդերձ, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից պարտադիր հրապարակման ենթակա ֆինանսական հաշվետվությունները հնարավոր չի եղել գտնել։ Ուստի սույնով խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե որտեղ են հրապարակված 2009 թվականից մինչ օրս կազմված ֆինանսական հաշվետվությունները, ինչպես նաեւ 2009 թվականից մինչեւ 2014 թվականն ընկած հաշվետու ժամանակաշրջանի համար աուդիտորական եզրակացությունները եւս։

Հարգանքով՝
Սամվել Ալեքսանյան
«Սյունյաց Երկիր» թերթի
խմբագիր

3.08.2017 թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: