09/23/2019

Գեւորգ Ասատրյան. «Մեղրավետ Սյունիքում առաջնահերթ երկու խնդիր ունենք՝ մեղվաբույծների միավորում եւ մեղրի իրացման կազմակերպում»

Գեւորգ Ասատրյան. «Մեղրավետ Սյունիքում առաջնահերթ երկու խնդիր ունենք՝ մեղվաբույծների միավորում եւ մեղրի իրացման կազմակերպում»

Արամազդից արեւմուտք ձգվող լեռան փեշին՝  Այրի գետի ձախակողմյան վտակների վերին հոսանքում, փռված Նժդեհ գյուղը (Սոֆուլու), մեր լեռնաշխարհի բնակավայրերին բնորոշ գեղեցկությամբ եւ կուսականությամբ, մի փոքրիկ թաղամաս է հիշեցնում: Ու այդ «թաղամասի» մերձակայքում գտնվող մեղվանոցում օրը մեղրաբույր է, մեղրանույշ:

Գեւորգ Ասատրյանի մեղվանոցն է, որտեղ մեղուների իսկական «խրախճանք» է, մեղվի բզզոց, ու օրվա մեջ ծորում է մեղրը՝ արար աշխարհին պատմելով մեղրաքամի ասքը: Մեղրաքամ է այնտեղ, մեղրաքամի լեգենդն է հյուսվում այնտեղ... Ու Գեւորգ Ասատրյանն է (Սիսիանի բանկային համակարգի վաստակաշատ վետերան այրը)՝ բարեկամներով ու մերձավորներով… Տղամարդիկ «զրահաբաճկոնով» են: Նրանք փեթակներից հանում են մեղրի շրջանակները: Կողքի քարե շինության մուտքի մոտ աթար է վառվում՝ ծխահարույց:

- Կրակ ենք վառել, որ մեղուները չմտնեն ներս, - ասում է  Գեւորգը՝ «գլխավոր» մեղվաբույծը: Այստեղ նրան այդպես  են կոչում:

Դռան պահակի դեր խաղացող ծխամշուշից չվախեցող մեղուներ էլ կան. մի քանի խելառ մեղուներ «սողոսկել» են ներս: Նրանցից մեկն էլ նստել է «գլխավոր» մեղվապահի ուսին:

- Չի խայթի, - ասում է Գեւորգը: Ու պատմում է, որ իրենց գերդաստանում հարգի է մեղվաբույծի գործը: Երբ փոքր էր, հաճախ էր գնում մեղվանոց, ուր ուսուցիչ հայրը խնամում էր սեփական մեղվափեթակները: Հետո մեղուների բզզոցը Գեւորգի համար դարձավ հաճելի երաժշտության նման մի բան…

- Մեղուներ պահողներ շատ կան, - շարունակում է նա, - բայց ոչ բոլորն են մեղվաբույծներ՝ բառի իսկական իմաստով: Իսկական մեղվաբույծը պայքարում է  մեղուների հիվանդությունների դեմ, օրինակելիորեն կազմակերպում  մեղուների խնամքն ու պահպանությունը: Այսօր սկսել ենք մեղրաքամը, ավարտելուց հետո պիտի պայքար սկսենք վարրատոզ հիվանդության դեմ, որպեսզի եկող տարի հիվանդություն  չունենանք, որ եկող տարվա լավ բերքի  համար երաշխիք ունենանք:

- Անցած տարի բերքն առատ  էր, 1000 կգ մեղր ունեցանք, ու թե այս տարի 400 կգ էլ մեղր ստանանք, փառք կտանք Աստծուն, - ասում է Անահիտ Մուշեղյանը:
 

Հարցական նայում են Գեւորգին՝ «խելքի ծովին», իսկ Գեւորգը շարունակում է:

- Հունիսը լավ ամիս էր, անձրեւ եկավ,  հուլիսը մեղրաբեր չէր, չոր եղանակ էր, ամսի 5-ից մեղուները բերք չէին բերում… Մեղվաբուծությունը պատվաբեր ու շահութաբեր գործ է,  անբարենպաստ տարում անգամ, եթե փեթակները ոսկուց պատրաստես նույնիսկ, ոչ միայն ինքնարժեքը կհանի, այլեւ շահույթ կունենաս: Դա միայն իմ կարծիքը չէ, ժողովուրդն է ասում:

Մեղվաբույծների սովորությունն է՝ միշտ դժգոհում են՝ տարին անբարենպաստ էր, բերք չտվեց մեղուն, բայց…

Դրա համար էլ ասացի՝ մեղու պահողներ շատ կան, բայց միշտ չէ, որ նրանք մեղվաբույծ են: Գորիս-Երեւան մայրուղուն մոտ մեղվի փեթակներ են շարել, նրանք չեն գիտակցում, որ դրանով իսկ վնասում են մեղուներին: Իսկական մեղվաբույծը նման բան թույլ չէր տա…

Իսկ նրա ուսին նստած մեղուն «վայրէջք» կատարեց՝ «նեղացած»  Գեւորգի անտարբերությունից: Մեղրահոտ շենքում ճնճղուկների մեղույշ «խրախճանք» է նաեւ, թեեւ ուշադրության պակասից չեն «նեղվում»: Նրանք իրենց ձագերի համար դրսից կեր են բերում, կերակրում նրանց: Եվ մարդկանց ներկայությունն իրենց «թագավորությունում», առանձնապես հոգս չի պատճառում: Ճնճղուկի մի փոքրիկ ձագ, երեւի մեղրի համից գայթակղվեց եւ մոտեցավ մեղրի բիդոնին, ուր որ է... Աշխատող կանանցից մեկը բռնեց ու տարավ նրան իր բույնը, ասելով՝ մեր ճնճղուկն է:

Մեղրաքամը դժվար գործ է, օգնող է պետք, այստեղ են ասել՝ մի ձեռքը ծափ չի տա: Դրա համար էլ բարեկամ ու մերձավոր կանայք օգնության են հասել տղամարդկանց: Նաթելան է՝ Սիսիանի ինքնապաշտպանական ջոկատի հանրահայտ հրամանատար Հովիկ Ազոյանի այրին, Անահիտը, Գրետան, Կարինեն… Նաթելան մեղրն է քամում, Անահիտը շրջանակներից մեղրի սերն է հավաքում,  Գրետան ու Կարինեն էլ... Ամեն մեկն իր գործն ունի: Այս կանայք Սիսիանում հարգանք ու պատիվ ունեն, կենսագրություն ունեն, անցած ճանապարհ ունեն: Աշխարհի տակն ու գլուխն իմացող մարդիկ են նրանք, աշխարհի անցուդարձին լավ քաջատեղյակ: Ու նաեւ լավ փիլիսոփայում են: Նաթելան թե՝ խելոք մարդու բան է մեղու պահելը: Անահիտն էլ թե՝  ուսուցիչներն են հիմնականում մեղու պահում: Այս գործում խիղճ ու ազնվություն է պետք: Կողքից մեկն էլ թե (չեմ հիշում՝ կանանցից ով էր)՝ մեղուն էլ առողջ հարաբերություններ է սիրում, պիտի նրա հետ ազնիվ լինել:

- Ճիշտ է ասում, - Գեւորգն է, - մեղուները միշտ կազմակերպված են, սիրում են կարգ ու կանոն, մաքրություն: Այդտեղ յուրաքանչյուր մեղու լավ գիտի իր գործը:  Ամեն փեթակ  ունի իր «հետախույզները», նրանք թռչում են այս ու այն կողմ՝ տեղեկատվություն բերում ծաղկառատ տարածքների մասին: Փորձը ցույց է տվել, որ Եռաբլրի տարածքը շատ հարմար է առատ ու որակյալ բերք ստանալու համար: Այդտեղ ուրցն է շատ, եւ ուրցի բումունքն է իշխողը:

- Տարբեր գույների ու համերի մեղր կա, ինչո՞վ եք դա բացատրում, - հարցնում ենք Գեւորգին:

- Դա կախված է  նրանից, թե մեղուներն ինչ ծաղկից են նեկտար հավաքում:

- Իսկ ինչպե՞ս իմանալ, թե որ մեղրն է անարատ. այս հարցը տվել ենք շատ մեղվաբույծների: Հարցին պատասխանելիս, ինչպես ժողովուրդն է ասում, նրանք քարով-քոլով են ընկնում ու կոնկրետ ոչինչ չեն ասում:

- Անարատ մեղրը  եւ  սառչում է, եւ չի սառչում:  Ինչքան մեղրի բյուրեղները խոշոր են, այնքան դրա մաքրության աստիճանն ավելի բարձր է:

Գեւորգի պատասխանից էլի ինչ որ բան հասկացանք մեղրի անարատության մասին. գոնե բյուրեղները մեզ կհուշեն մեղրի որակի մասին:

Գեւորգը շատ է  սիրում խոսել մեղվաբուծության նրբությունների մասին: Շատ խոսելն  իր պատճառն ունի. մեղվապահությունը ոչ միայն նրա տարերքն է, այլեւ նա լավ ուսումնասիրել է եւ ասում է.

- Գիտե՞ք, շատ հետաքրքիր  է մեղուների վարքագիծը: Բնության մեջ սովորաբար մայրերն են կերակրում ձագերին, իսկ մեղուների մոտ ճիշտ հակառակն է՝ ձագերն են կերակրում մայրերին:

Բնականաբար, խոսում ենք նաեւ խնդիրների մասին:

- Սյունիքում մեղվաբուծությունն օգտավետ ճյուղ է, հատկապես՝ Սիսիանում: Սակայն ոչ բոլորն են կարողանում բնության ընձեռած հնարավորությունները ճիշտ օգտագործել՝ առատ մեղր ստանալու համար: Որովհետեւ նրանք չգիտեն, թե որտեղ կարելի է փեթակները տեղադրել, որ ծաղիկներն են մեղրաշատ եւ այլն: Սա շատ պարզունակ բան է, որ ասացի:  Ես մեղու պահողներին առաջարկել եմ միավորվել, ստեղծել ընկերություն:  Մի քանի հոգի եկան, մեկ-երկու անգամ հավաքվեցինք եւ՝ վերջ: Այնինչ, կարելի է համագործակցել միմյանց հետ,  լավ փորձն ուսումնասիրել, միասին լուծում տալ խնդիրներին, կստեղծեինք  մեղրի որակը ստուգող լաբորատորիա: Ժամանակին ես ստեղծեցի, բայց կարճ  կյանք ունեցավ, չկարողացա մինչեւ վերջ իմ ուժերով պահել: Առաջարկեցի նաեւ մեղրի ընդունման կետ ստեղծել: Այդ ճանապարհով բոլորն իրենց մեղրը հեշտությամբ  կիրացնեին: Չհամաձայնվեցին: Ինքս իրացման խնդիր չունեմ, ունեմ կայուն հաճախորդներ, մինչեւ սեպտեմբեր իմ մեղրը սպառված-վերջացած է լինում, ոչ մի գրամ վաճառքի համար մեղր չեմ ունենում: Մնացածների մասին եմ մտածում, ուզում եմ, որ նրանք էլ իրացման խնդիր չունենան: Ասողին լսող է պետք: Եթե չեն ուզում առաջ գնալ, ինչ անեմ՝ իրենց մեղքն իրենց վիզը: Նույնիսկ հուշել եմ՝ 100 կամ 200 գրամանոց տարաների մեջ մեղրը լցրեք, թուղթ կպցրեք վրան եւ գրեք ձեր հեռախոսահամարն ու այդ մեղրը վաճառքի հանենք խանութներում: Եթե գնորդը հավանեց այդ 100 կամ 200 գրամ մեղրը, նա անպայման կզանգահարի ձեզ եւ արդեն դուք կունենաք ձեր կայուն հաճախորդները: Այս գործում ինձ համար ուրախալին այն է, որ երիտասարդությունը հետաքրքրվում է մեղվաբուծությամբ, շատ երիտասարդներ ուզում են շարունակել ավագների գործը: Ահա Գեւորգ Թորոսյանը, օգոստոսի 5-ին Սիսիանում ցանկանում է մեղրի տոն կազմակերպել:  Սա շատ ուրախալի փաստ է, գոնե այս կերպ մեղր արտադրողներն ասպարեզ դուրս կգան, շուկա մտնելու հնարավորություն կունենան: Գեւորգը փորձում է նաեւ մեղրի ընդունման կետ ստեղծել: Երիտասարդին պետք է ոգեւորել, աջակցել, կանգնել կողքին, գուցե այս անգամ հնարավոր լինի փոխել մեղվաբույծների գիտակցությունը, բարձրացնել նրանց գիտելիքների մակարդակը: Ես իմ մեղուների համար հիվանդությունների պայքարի միջոցառումներ եմ ձեռնարկում, հարեւանս՝ ոչ: Այդ դեպքում եւ ես եմ վնաս կրում, եւ հարեւանս, որովհետեւ իմ առողջ մեղուները թռչում են հարեւանիս հիվանդ  մեղուների տարածք ու վարակը բերում իմ մեղվանոց:

- Գեւորգ ջան, միայն էդ չի, - ասում է Գրետան, - ցերեկվա ժամին հարեւանդ սրսկում է կարտոֆիլի ցանքերը եւ դրանից  մեր մեղուները սատկում են: Ասում ես՝ հարեւան ջան, սպասեիր  արեւն անցներ, հետո սրսկեիր կամ ինձ զգուշացնեիր, ես  փեթակների դռները կփակեի ու մեղուն կմնար ներսում, դուրս չէր գա: Եվ ինչ է պատասխանում՝ քոնը քո մեղուն է, իմն էլ իմ կարտոֆիլն է: Դե արի ու նրան հասկացրու նաեւ, որ իմ մեղուն նրա կարտոֆիլին օգուտ է տալիս՝ փոշոտելով: Էհ, աշխարհ է, ինչքան մարդ, այնքան խելք ու գործելակերպ…

Մենք հրաժեշտ ենք տալիս բարիք արարող մարդկանց եւ վերադարձի ճանապարհ բռնում: Իսկ ձորում մեղրը դեռ քամվում է,  ձորում ոսկեգույն մեղրն է ծորում եւ ձորում օրն  իր երգն ունի: Եվ անանուն մի մեղեդի ծորում է օրվա մեջ՝ ձորը լցնելով աշխարհը շենացնող  հրաշք ակնթարթներով:

                                                                                                        Ալվարդ Մեսրոպյան
    
Հ.Գ. Հրաժեշտից առաջ մեղրաքամի մասնակիցները, մի փոքր դադար առնելով, զրույցի բռնվեցին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանի հետ: Ինչն էր զարմանալի. գրեթե յուրաքանչյուրը քաջատեղյակ էր թերթի հրապարակումներին, թերթում բարձրացված հարցերին, արտահայտված մտահոգություններին:

Հետաքրքիր այդ զրույց-բանավեճից հետո վերստին համոզվեցի, որ «Սյունյաց երկիր» թերթի տպագիր տարբերակը յուրօրինակ  եւ ակտիվ լսարան ունի մեզանում: Համոզվեցի կրկին, որ Սիսիանի տարածաշրջանում նույնպես «Սյունյաց երկիրը» սպասված է…

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: