09/23/2019

Սեւադա Իվանյան. «Հողօգտագործման հարցում մեզանում հետաքրքրությունը նվազում է, ինչը պետք է մտահոգի պատկան մարմիններին»

Սեւադա Իվանյան. «Հողօգտագործման հարցում մեզանում հետաքրքրությունը նվազում է, ինչը պետք է մտահոգի պատկան մարմիններին»

«Սերմերի գործակալություն»  ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցը տեղակայված է Սիսիանում: Այն  շատ կարեւոր գործառույթ ունի եւ նպաստում է մարզի  գյուղատնտեսության զարգացմանը, օգնում գյուղացիական տնտեսություն վարողներին՝ հողից առավելագույնը ստանալուն: Այն մարզի հացահատիկային, բազմամյա, կերային, հատիկաընդեղենային մշակաբույսերի  սերմացուների լաբորատոր ստուգմամբ է հիմնականում զբաղվում: Այսինքն՝ այստեղ ստուգվում են սերմացուների ծլունակությունը, մաքրությունը, վնասակար մոլախոտերի առկայությունը, ցանքի համար պահանջվող սերմացուի քանակն է նաեւ որոշվում եւ այլն: Ի դեպ, լաբորատոր քննության ենթարկվող սերմացուի քանակը երկու կիլոգրամից  չպետք է պակաս լինի: Հակառակ դեպքում տվյալները ճշգրիտ չեն ստացվում: Լաբորատոր ստուգումից հետո տրվում է համապատասխան վկայական, որը սերմացուն պահանջվող ստանդարտին համապատասխան լինելու հավաստագիրն է, եւ  գյուղացիական տնտեսություն վարողը կարող է հանգիստ սերմը պահ տալ հողին ու ակնկալել երաշխավորված բերք:

Սերմացուն ստանդարտներին չհամապատասխանելու դեպքում վկայական չի տրվում:

Մեր հարցին, թե գյուղացիական  բոլոր տնտեսություններն են, արդյո՞ք, սերմացուն լաբորատոր ստուգման բերում, կառույցի ղեկավար Սեւադա Իվանյանն ասում է.

- Ցավոք, ոչ բոլորն են գիտակցում դրա կարեւորությունը: Գյուղացին ասում է՝ բերքատվությունը ցածր է: Նույնիսկ ինքնարժեքը չի հանել: Ինչո՞ւ, օրինական հարց է առաջանում: Ահա հենց այդտեղ է թաղված շան գլուխը: Իսկ այդ ինչուն մեզ համար պարզ է. նա սերմացուն լաբորատոր ստուգման չի ենթարկել, ցանել է ցածր ծլունակությամբ օժտված սերմացու կամ այն եղել է ոչ մաքուր, սերմի չափաքանակը ճիշտ չի որոշվել եւ այլն: Երբ գյուղացու մտածելակերպը փոխվի, եւ նա իմանա, որ այս կառույցն անհրաժեշտություն է, նա կգա ստուգելու սերմի որակը: Մեզ հետ լավ համագործակցում են մարզի  Խնձորեսկ, Տեղ, Հարթաշեն բնակավայրերի, Արծվանիկի, Նորաշենիկի, Դավիթ Բեկի եւ Սիսիանի համայնքների գյուղացիական տնտեսություն վարողները:

- Գուցե գյուղացու համար դժվա՞ր է  տասնյակ կիլոմետր ճանապարհ կտրել, հասնել այստեղ, չէ՞ որ դա ժամանակի եւ ֆինանսների հետ է կապված նաեւ, - հարցնում ենք նրան:

- Դժվարություն չեմ տեսնում: Համայնքի ղեկավարը կարող է գյուղացիական տնտեսություն վարող բոլոր մարդկանցից վերցնել նրանց կողմից հողի ցանքի համար նախատեսված սերմացուից նմուշներ՝ 2 կգ չափով, եւ բերել այստեղ: Գյուղացին ինչո՞ւ պետք է նեղվի  թե՛ ֆինանսապես, թե՛ հեռավորության պատճառով: Ուղղակի գյուղացու հոգեբանությունը, գիտակցությունը պետք է փոխվի, նա պետք է հասկանա, որ հողից լավ բերք ստանալու ճանապարհն այստեղով՝ այս կառույցով է անցնում: Ինչ վերաբերում է պետական ծրագրով հատկացված սերմացուներին, որի հետ վերադարձման համար գյուղացին պայմանագիր ունի, դրանք պարտադիր կերպով պետք է լաբորատոր ստուգման ենթարկվեն, ունենան լաբորատոր վկայական: Այլապես նման սերմացուն պետությունը չի վերցնում:

Սեւադա Իվանյանն այդ ամենն ասում է  ոչ միայն որպես տվյալ կառույցի ղեկավար, այլեւ որպես գյուղացիական տնտեսություն վարող՝ ֆերմեր: Նա 200 հա արտ է վարում-ցանում-հնձում: Ու միշտ՝ բարձր բերք ստանում հեկտարից, նաեւ՝ բարձրորակ սերմացու: Իսկ սերմացուն վատ գին չունի՝ առաջին վերարտադրության սերմացուի մեկ կիլոգրամն այս տարի, օրինակ, արժե 170 դրամ:

Ապրանքային ցորենի գնի հարցում դեռեւս որոշակիություն չկա:

- Լավ բերք տալիս է առաջին վերարտադրության սերմացուն, - ասում է Սեւադան, - անջրդի հողերից  հեկտարից երբեմն ստացվում է 30-32 ց բերք, դա գերազանց ցուցանիշ է: Իսկ դա նաեւ  մարզային այս կառույցի շնորհիվ է ստացվում, որովհետեւ սերմացուները լաբորատորիայում նախապես ստուգվել եւ հետո են պահ տրվել հողին:

Սեւադա Իվանյանը մտահոգություն էլ ունի. 2015 թ. համեմատությամբ 2016-ին  մոտ ութ հազար հեկտարով կրճատվել է հացահատիկային մշակաբույսերի՝ ցանքի տակ դրվող հողատարածքների քանակը մարզում. դա լուրջ նահանջ է: Առհասարակ՝ հողօգտագործման հարցում մեզանում հետաքրքրության նվազում է նկատվում, ինչը պետք է մտահոգի պատկան մարմիններին:

Երկրի պարենային անվտանգութունն ապահովող գործոններից մեկն էլ ցանքատարածությունների ավելացումն է եւ ոչ թե կրճատումը: Սա պետք է քննարկման առարկա դառնա՝ դրանից բխող մրջոցառումների ձեռնարկմամբ:

Հողը… Հողը տուն պահող է, երկիր պահող: Թե անմշակ  մնաց հողը, այն ոչ միայն երես կթեքի հողվորից, այլեւ...

«Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի սյունիքյան կառույցը տարիների ընթացքում նաեւ ուշագրավ փորձ է կուտակել սերմերի փորձարկման ուղղությամբ: Այսօր էլ ՊՈԱԿ-ի փորձադաշտերում հացահատիկային մշակաբույսերի ութ սորտի սերմացու է փորձարկվում: Ըստ նրա՝ փորձարկումից հետո է միայն երաշխիք տրվում մեր տարածաշրջանում դրանք ներդնելու համար:

Սեւադա Իվանյանի բնութագրմամբ՝ տարին այնքան էլ սովորական չէ: Արտառոցն այն չէ, որ շոգ եղանակի հետեւանքով կերի կուտակումն ու բերքահավաքն առաջ են ընկել 10-15 օրով: Վատն այն է, որ դաշտերում ակտիվացել են մկները՝ հացահատիկային մշակաբույսերին մեծ վնաս պատճառող: Մկնդեղի օգտագործումը գուցեեւ այնքան էլ արդյունավետ չլինի այս պահին: Ստեղծված իրավիճակում բերքահավաքը սեղմ ժամկետում կազմակերպելը, ըստ էության, միակ ելքն է:

Սեւադա Իվանյան փորձառու գյուղատնտեսը շատ է կարեւորում գյուղական տնտեսության հավաստի վիճակագրությունը: Սուտ, ոչ հավաստի վիճակագրությունը մեծ վնաս է պատճառում երկրի տնտեսությանը, աղավաղում գյուղատնտեսության իրական պատկերը, նաեւ վնասում պետության տնտեսական անվտանգությանը: Անցյալ տարի, օրինակ, ըստ վիճակագրության, մարզում հացահատիկի բերքատվությունը մեկ հեկտարից 32 ցենտներ է կազմել, որն իրականության հետ հեռավոր աղերս անգամ չունի: Գոնե այսուհետ ազնիվ ու բծախնդիր լինենք վիճակագրության հարցում:

Սեւադա Իվանյանը, ինչպես արդեն նշել ենք, նաեւ սերմնաբուծության ոլորտում համբավ ունեցող ֆերմեր է: Եվ նա բացում է հաջողակ լինելու գաղտնիքներից մի քանիսը. գլխավոր պայմանը, անշուշտ, բարձրորակ եւ ստուգված սերմացու ունենալն է, բայց ոչ պակաս կարեւոր են նաեւ հողերի շրջանառության ճիշտ կազմակերպումը, պարարտացումը, քաղհանը (եւ ոչ միայն արհեստական)…

Ալվարդ Մեսրոպյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: