11/17/2019

Պետդումայում բացվեց Հայաստան-Ռուսաստան «ՄԻԱՍԻՆ» խորագրով ցուցահանդեսը

Պետդումայում բացվեց Հայաստան-Ռուսաստան «ՄԻԱՍԻՆ» խորագրով ցուցահանդեսը

Փետրվարի 14-ին ՌԴ Պետական Դումայի շենքում բացվեց Հայաստան-Ռուսաստան «Միասին» խորագրով ցուցահանդեսը։ Բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին ՀՀ ԱԺ եւ ՌԴ Պետական Դումայի նախագահներ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանի ուղեկցությամբ Արա Բաբլոյանն ու Վյաչեսլավ Վոլոդինը շրջայց են կատարել տաղավարներով եւ այնուհետեւ հանդես եկել ելույթներով։ «Այս ցուցահանդեսը շատ խորհրդանշական է, եւ դա բարեկամության, հարգանքի եւ համագործակցության մեծ նշան է, որը մենք պարտավոր ենք շարունակել», - նշեց ՀՀ ԱԺ նախագահը։

«Ցուցահանդեսի անունն ինքնին խոսուն է` «Միասին»: Ռուսաստանն ու Հայաստանը ոչ միայն ռազմավարական գործընկերներ են, այլեւ երկրներ, որոնք դարեր շարունակ առաջ են ընթանում բարեկամության եւ եղբայրության սկզբունքներով: Մեզ շատ բան է միավորում: Մեր հարաբերությունները դինամիկ կերպով շարունակում են զարգանալ», - նշեց ՌԴ Պետդումայի նախագահը։

Ցուցահանդեսին ներկա են գտնվել ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը, ՌԴ Պետդումայում «Единая Россия» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նեւերովը, «ЛДПР»-ի խմբակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, «КПРФ»-ի խմբակցության ղեկավար Գեննադի Զյուգանովը, ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, Միջազգային գործերի կոմիտեի նախագահի Լեոնիդ Սլուցկին, պատգամավոր Արթուր Չիլինգարովը, Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի Հայոց թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանն, ինչպես նաեւ Պետդումայի այլ կոմիտեների ղեկավարներն ու անդամները։ «Միասին» խորագրով ցուցահանդեսը կազմակերպվել է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանության, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, Եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի կողմից՝ «SoftConstruct» ընկերության աջակցությամբ: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին եւ ՀԱԵ Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հիմնադրման 300-ամյակին: 

ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայություն 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: