11/18/2019

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի մասնակիցներին

Համաժողովի հարգարժա՛ն մասնակիցներ եւ հյուրեր,

Սիրելի՛ ազատամարտիկներ,

Իմ սիրելի՛ մարտական ընկերներ,

Սրտանց ողջունում եմ ձեզ եւ հաջողություն մաղթում Արցախի ազատամարտիկների միության 7-րդ համաժողովի աշխատանքներին: Իմ ողջույններն ու բարեմաղթանքներն եմ հղում նաեւ մեր բոլոր զինակից ընկերներին, նրանց հարազատներին եւ մերձավորներին: Ասում եմ՝ «մեր», քանի որ ինձ ձեզնից չեմ առանձնացնում:

Արցախն իրեն պարտադրված պատերազմ մտավ՝ դառնալով ընդարձակ ռազմաբեմ, եւ դուրս եկավ՝ որպես իր օջախ ներխուժած ոսոխին դուրս շպրտած ինքնուրույն ու կայացած հանրապետություն: Ուրախ եմ, որ դուք շարունակում եք աչքի լույսի պես պահպանել մարտի դաշտում կոփված եղբայրությունը՝ ինքնակազմակերպվելով եւ իրար նեցուկ կանգնելով:

Արցախը դարձավ մեր նորագույն պատմության Հայոց բերդը, հայ ժողովրդի պատվախնդրության, տոկունության եւ հաղթանակի խորհրդանիշը: Ուղիղ 30 տարի առաջ արցախցին ոտքի կանգնեց՝ շտկելով իր մեջքը, պահանջեց ազատություն՝ մերժելով իրեն պարտադրված օտար լծի կապանքները:

Այսօր, դիմելով Արցախի հերոսամարտը կերտած մեր եղբայրներին եւ քույրերին, պետք է շեշտեմ՝ արցախցին իր տունն է պաշտպանել, եւ հենց դրա շնորհիվ հաղթանակած է դուրս եկել մարտի դաշտից: Իր արդար պայքարում արցախցին միայնակ չմնաց. նրան սատարեցին հայորդիներ Հայոց աշխարհի բոլոր կողմերից՝ նեցուկ կանգնելով Արցախի ժողովրդի դատին: Այդ ճակատագրական ժամանակահատվածում յուրաքանչյուր հայ սրտի թրթիռով ակնկալում էր ոգեւորիչ լուրեր Արցախից՝ հավատալով, որ մեր պայքարն արդար է, դիրքերը՝ ամուր:

Փառք մեր ընկած հերոսներին, ովքեր իրենց կյանքի գնով մեզ համար արժանապատիվ ապրելու հնարավորություն ստեղծեցին: Մենք ամեն վայրկյան մեր ուշադրության կենտրոնում պետք է պահենք մեր կողքին ապրող հերոսներին, ովքեր աննկուն էին ռազմի դաշտում եւ այդ նույն աննկունությամբ էլ այսօր կռում են Արցախի խաղաղ ու բարեբեր ապագան:

Կրկին ջերմորեն ողջունելով համաժողովի մասնակիցներին եւ հյուրերին՝ միությանը մաղթում եմ արդյունավետ գործունեություն՝ ի շահ Արցախի եւ համայն հայության:

Փառք Արցախի ազատամարտիկներին, փառք ձեր խիզախությանն ու սխրանքին:

president.am

14.02.2018

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: