11/18/2019

ՊՈԵԶԻԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

ՊՈԵԶԻԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԴԻՐՔԵՐՈՒՄ

Արցախյան շարժումը հայ ժողովրդի ազատագրական պայքարի հերոսական եւ բախտորոշ էջերից է։ Այն Ավարայրի եւ Սարդարապատի շարունակությունն է։ 1988-ի փետրվարից պատմական Հայաստանի 10-րդ նահանգը` Արցախ աշխարհը, ոտքի ելավ պահանջատիրոջ իրավունքով եւ խորհրդային իշխանության բարձրագույն ատյաններին ներկայացրեց մայր Հայաստանին վերամիավորվելու իր արդարացի վճիռը։ Աշխարհասփյուռ հայությունը խորապես գիտակցեց պահի կարևորությունը եւ սատարեց արցախցիների արդար պահանջին։

Երկրագնդի չորս ծագերում ամեն մի հայ սպասում էր, որ խորհրդային իշխանությունները կցուցաբերեն ողջախոհություն եւ խաղաղ ճանապարհով կլուծեն հարցը։ Սակայն տեղի ունեցավ անսպասելին։ ԽՄԿԿ Կենտկոմի վայ առաջնորդների թողտվությամբ, ՊԱԿ-ի անմիջական ղեկավարությամբ Ադրբեջանի ղեկավար շրջանները կազմակերպեցին հայ ազգաբնակչության ցեղասպանություն հայի ձեռքով կերտված Սումգայիթում, Բաքվում, Գանձակում, Մինգեչաուրում եւ հայաշատ այլ բնակավայրերում։ Արցախը շրջափակման մեջ առնվեց։ Հայ ժողովուրդն զգաց, որ իրեն պարտադրված պատերազմը վերջին բախտորոշ կռիվն է, ուստի այդ վճռական պայքարին պետք է իր մասնակցությունը բերի ֆիզիկական ու բարոյական ուժերի համախմբվածությամբ ու հավատով։

Արցախահայությունն իր թիկունքին զգալով հարազատ եղբայրների եւ քույրերի ուժն ու նվիրվածությունը` պարզեց նորօրյա Թուր-Կայծակին ու նետվեց մարտի։ Կամքը մեկն էր` մարտնչել, վճիռը մեկ` հաղթանակել հանուն իր ավանդական օջախի պահպանման, իր անկախության եւ ազատության նվաճման։

Արցախյան պատերազմին զինվորագրվեց նաեւ հայ գրականությունը, առաջին հերթին պոեզիան` որպես օրերի անմիջական արձագանք։

Չնայած պատերազմական դժվարին պայմաններին եւ գիրք տպագրելու սուղ հնարավորություններին, Արցախում ապրող եւ ստեղծագործող բանաստեղծներն ընթերցողի սեղանին դրեցին ուշադրության արժանի ժողովածուներ։ Այդ են վկայում Վ.Հակոբյանի «Արցախա ծուխ», «Ամարասի զանգերը», «Տաճարն Աստծո», «Սոսե» ժողովածուները, Գ.Գաբրիելյանի մարտական երգերի շարքը, «Մեր Գագուլյան», «Անդրանիկ», «Մուսա լեռան… երկու որդին», «Ողջակիզված կյանք» վավերագրական պոեմները, Հ.Բեգլարյանի «Հրաշք երկիր իմ Ղարաբաղ», «Արցախն Ավարայր», Ն.Ավագյանի «Հասուն իմ հասկ», Ա.Հովհաննիսյանի «Ավանդատուն», Ս.Խանյանի «Արցախյան ղողանջներ», «Արցախի արծիվը», Ռ.Եսայանի «Նժար», Ա.Թովմասյանի «Արցախցի եմ ես», Ն.Գասպարյանի «Հավատ Արցախի», Հ.Ալեքսանյանի «Կենսադաշտ» գրքերը, Դ. Միքայելյանի քնարական երգերի շարքը։

Շարժման առաջին հանրահավաքներում ու շքերթներին, որպես ոգեշնչումի կոչ, հնչել է Հ. Շիրազի` տարիներ առաջ գրած «Ղարաբաղի ողբը» բանաստեղծությունը։ Նրանում մեծ արվեստագետի մարգարեական հեռատեսությունն է խոսում։ Հանապազօրյա հոգեւոր հաց էր դարձել այն, ամբողջանալու եւ ազգովի մաքառելու օրհներգ, որի տողերը ծածանվում են դրոշի պես։ Այն արտասանում էին ասմունքողներն ու բանվորները, ուսանողներն ու աշակերտները.

Ղարաբաղը մորս կանչն է` ինձ է կանչում հույսով տրտում,

Ղարաբաղը իմ կակաչն է, կարմիր, բայց սեւ ունի սրտում,

…Ա՜խ, ե՞րբ պիտի ելնես բանտից` Նախիջեւանի ձեռքից բռնած,

Որ ազգովին Մասիս ելնենք, քարավանի նառից բռնած,

Նորից ազգի ավազանում հայ մկրտվես, հա՛յ Ղարաբաղ։

Թեժ օրերի հետ, արագընթաց ձեւավորվեց Ղարաբաղյան շարժման երգը, որ համահունչ էր զենքի շառաչին։ Արցախը համարվեց ամբողջ հայության դարավոր երազանքի ջահակիրն ու առաջամարտիկը։

1989թ. հուլիս-օգոստոս ամիսներին Ստեփանակերտում սկսեց տպագրվել արդեն Ադրբեջանի գրողների միությունից անջատված Լեռնային Ղարաբաղի գրողների կազմակերպության «Արցախ» գրական-գեղարվեստական երկամսյա հանդեսը (խմբագիր` ԼՂՀ գրողների միության նախագահ Վ.Հակոբյան)։ Նրա էջերում զետեղված էին պոետների կրակոտ գործերը` վճռական պայքարն աննահանջ շարունակելու կոչերով։ 1989-ին Երեւանում «Լույս» հրատարակչությունը տպագրեց Վ. Հակոբյանի «Արցախա ծուխ» ժողովածուն, որը գնահատվեց որպես արարելու, մաքառելու, հարատեւելու գեղարվեստական արժանի ընդհանրացում։ Կարոտի ու սիրո երգիչը տեսավ 20-րդ դարի ազերական մղձավանջն արցախցիների ազատաբաղձ ոգու դեմ եւ ցասումով խարազանեց թշնամու ցինիզմն ու դաժանությունը։ «1988 թիվ, փետրվար» բանաստեղծության մեջ Վ.Հակոբյանը հաստատեց, որ «գայլը գայլն է նույն բնույթով պատիր` գառան մորթու մեջ, թե որջում անտես», որ նրա «ատամը արյան համ» է առել կրկին եւ նորից ցցել գայլային իր մռութը։ Ուստի անհրաժեշտ է մարտնչել նրա դեմ` օրինակ առնելով հայոց պատմության հերոսական դասերից.

Մենք որդիք Հայկի, արդար ու վսեմ,

Ցավ ու դառնություն այդ ե՞րբ չենք տեսել,

Բայց ոչ մի անգամ, Աստված է վկա,

Արցախին հաղթող չի եղել, չկա…

Տաղանդավոր բանաստեղծների մասին ընդունված է ասել, որ ժողովրդի համար ստեղծված ամենատագնապալի պահերին նրանց գրիչն ավելի բեղմնավոր է դառնում։ Հիրավի, այդպես է։ Ստեղծագործական խառնվածքի նույն առանձնահատկությունն ի վերուստ տրված է նաեւ Վ. Հակոբյանին։

Ոչ միայն գրական արցախյան օջախում, այլեւ հայ պոեզիայի արդի անդաստանում ուրույն տեղ ունի Վ. Հակոբյանը։ Ղարաբաղյան շարժման հենց սկզբից հնչեց խոր իմաստ ունեցող նրա երգը.Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին…

Ղարաբաղը ծառ է իմ արմատի վրա,

Ղարաբաղը սեր է իմ հավատի վրա,

Ղարաբաղը տեր է իմ կարոտի վրա,

Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին։

Վ. Հակոբյանի բանաստեղծական ուղին դարձավ վերելքի ընթացք։ 1988-ից սկսած, նրա պոետական հունձքը ներառում է «Արցախա ծուխ», «Տաճարն Աստծո», «Սոսե», «Մենարան», «Անդրադարձի տեսիլներ», «Թեւերի հեռուն», «Քարի շնչառությունը», «Բանաստեղծությունը` սահմանից դուրս», «Քրիստոսի ծաղիկները», «Նշագրություն լուսնի վրա» եւ այլ ժողովածուներ, որոնք արժանացան անվանի գրողների, գրաքննադատների, ընթերցողների լայն շրջանակների ջերմ ընդունելությանն ու բարձր գնահատականին։ Ամենայն հայոց կաթողիկոս երջանկահիշատակ Վազգեն Առաջինը գրեց. «Վարդան Հակոբյանը տաղանդավոր բանաստեղծ է: …Նրա մեջ խոսում է հայկական հավիտենական Արցախը»։ Ականավոր արձակագիր Ս. Խանզադյանը նշեց. «Մեր բանաստեղծական հարուստ աշխարհում իր հոգու աշխարհն ունի բանաստեղծ Վարդան Հակոբյանը։ Ֆիդայի է նա իր էությամբ, իր պոեզիան էլ` ֆիդայական»։ Ակադեմիկոս Ս.Աբրահամյանը գրեց. «Վարդան Հակոբյանը հայ բանաստեղծների պայծառ համաստեղության մեջ ունի իր հաստատուն տեղը։ Բնությունից շռայլորեն նրան տրված տաղանդը նոր փայլատակումներ, նոր գույներ ու երանգներ բերեց հայ բանաստեղծական բարձր արվեստին` այն հարստացնելով մնայուն արժեքներով»։

Վ.Հակոբյանի պոեզիան գրականության փիլիսոփայության, պատմականության, պատկերավորության վառ արտահայտություն է։

1988 թվականին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի փետրվարի 20-ի հայտնի նիստի որոշումն անմիջապես արձագանք գտավ հայ բանաստեղծների հոգում։ Պոետ ու երգահան Գ.Գաբրիելյանը «Անկնիք վճիռ» բանաստեղծության մեջ մարզխորհրդի որոշումը գնահատեց որպես իմաստուն որոշում, որի շնորհիվ Արցախը կունենա իր սուրբ դրոշն ու զինանշանը, իր օրհներգը` անկախ եւ ազատ ապրելու իր սրբազան խորհրդանիշը։

Արցախ աշխարհի պատմական` Թարթառ, Կարկառ, Խաչեն գետերի, Մռով, Քիրս, Արեւսար լեռների, Ամարաս, Դադիվանք, Գանձասար վանքերի անունները դարձան բանաստեղծական մետաֆորներ` որպես դարերի խորքից դեպի գալիք քայլող քաջազուն զինվորյալներ։ Հ.Բեգլարյանը` որպես Ղարաբաղյան շարժման ակտիվ ներկայացուցիչներից մեկը, ոգեշնչված փառաբանեց արցախցիների ազգային ինքնորոշման իրավունքը։ Նրա «Հավատ» երկը 1988-ի ձմռանը ոտքի ելած արցախցիների արդարացի պահանջի խոսուն պատկեր է։ Նրանում ներկայացված է Ստեփանակերտի կենտրոնական հրապարակը, ուր ձմեռվա բուք ու ցրտին մարդիկ հավաքվել էին պահանջատիրոջ վճռականությամբ։

Բանաստեղծը պապերից ժառանգած արցախցու հարստությունը նոր սերնդի բնավորության արժանիքներից է համարում, որը կոչված է նպաստելու ակնկալիք հաղթանակին։ Դիմելով հայ ժողովրդի հին ու նոր թշնամիներին` բանաստեղծն ընդհանրացնում է.

Վկա է Աստված,

Էլ այսուհետեւ

Մեր բախտի սայլը

Ձեր ուզած ճամփով

Մաշել չի կարող,

Մեր կողը պինդ է,

Որձաքարից պինդ։

Հ.Բեգլարյանի ստեղծագործական լուրջ հաջողություններից է «Ղարաբաղցին» բանաստեղծությունը, որի երաժշտությունը գրեց տաղանդավոր կոմպոզիտոր Ալ.Հեքիմյանը։ Այն մտցված է հայկական տարբեր համույթների երգացանկը։

Արցախյան շարժումը ջերմ արձագանք գտավ ականավոր բանաստեղծների հոգում ու սրտում։ Վ.Դավթյանն առաջիններից էր, որ Երեւանից «Արցախ» հանդեսի առաջին համարին ուղարկեց «Հայաստան» պոեմից մի հատված` «Արցախ» խորագրով։

Թ.Թորանյանն Արցախյան շարժմանն արձագանքեց Սիրիայից։ Նա հայոց ազգային ճակատագիրը գնահատում է` ելնելով հայի համբերության ալեկոծման գերբնական սահմանից։ Նա դիմում է Աստծուն 13-րդ դարի տաղերգու Ֆրիկի օրինակով, բայց` երեւույթի միանգամայն նոր ընկալմամբ, Աստծուն հանդիմանում է հայերի դեմ կազմակերպվող ոճիրների, նախճիրների հանդեպ անտարբեր մնալու համար։ Աստված տեսավ նաեւ Սումգայիթի ու Բաքվի ջարդերը, տեսավ եւ դարձյալ մնաց անտարբեր։ Այս դառն ցավի նկարագրության մեջ հայ բանաստեղծը Վերին Տիրոջ հանդիման ծնկի չի գալիս որպես մեղանչող։ Նա «Աստուած եւ Արցախ» ստեղծագործության մեջ հենվում է պայքարի ելած Արցախի անկոտրում ուժին ու հավատին եւ ընդհանրացնում.

Մենք որ հոգնինք նախճիրներէ,

Կըսենք իրար` Տէրն քեզ օգնէ։

Դուն որ հոգնիս, Տեր-Տիրակալ,

Ըսէ, Քեզի ով թող օգնէ։

Ըսէ, եթե մենակ ես, Տեր,

Արցախն ըլլա քեզ օգնական։

Արցախն ու արցախցին մտան հայոց նորօրյա երգերի մեջ, թեւածեցին աշխարհով մեկ` մերթ Մռովի լանջերից դեպի Սփյուռք, մերթ` Սփյուռքից` Արցախ։ Այդ առումով հատկանշական են Գերմանիայում բնակվող երգահան Լյուդվիգ Բազիլի եւ պարսկահայ բանաստեղծ Վարանդի համատեղ ուժերով գրված «Ղարաբաղ» ստեղծագործությունը, ֆրանսահայ բանաստեղծ-երգահան Ռիտա Չարչիյանի` Արցախին ընծայած երգը, որ դարձել էին ամենուրեք հնչող հոգու երազանք։ Հեռավոր Ամերիկայում իր պոետական խոսքը հնչեցրեց Ժ. Հակոբյանը։

Արցախն ավարայրվելուն պես ազգային-ազատագրական պայքարի զինվոր-երգիչներ դարձան ստեղծագործող երիտասարդները։ Նրանք նախ մարտնչեցին ֆիդայական ջոկատներում եւ ապա` Արցախի կանոնավոր բանակում։ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, բանաստեղծ Վաղարշակ Գաբրիելյանը թշնամու դեմ ելավ Չլդրան-Կիչան ռազմաճակատում, ծանր վիրավորվեց, սակայն զենքը ցած չդրեց` հայրենիքի ու սրտի ցավը հանձնելով իր երգերին։ Ռոբերտ Եսայանը մասնակցեց բոլոր ճակատամարտերին` Արաքսի ափից մինչեւ Օմար։ Արմեն Դանիելյանը, Գագիկ Բեգլարյանը, Արիս Գրիգորյանն իրենց զինակիցների հետ միասին մասնակցեցին վճռական մարտերին։

Երիտասարդ բանաստեղծներ Սամվել Շահմուրադյանը եւ Կոմիտաս Հակոբյանն Արցախի ազատությանն ընծայեցին ամենաթանկը` կյանքը։ Հրանտ Ալեքսանյանը, Նորեկ Գասպարյանը, Սենոր Հասրաթյանը, Վարդգես Բաղրյանը` որպես հեռուստալրագրողներ, հաճախ վտանգելով կյանքը, ցուցաբերեցին ազատամարտիկին հատուկ սխրանքներ` միաժամանակ գրելով իրենց մարտական երգերը։ Էռնեստ Եսայանը զենքով ու երգով իր խոսքն ասաց Մարտունու պաշտպանական դիրքերում, ուր հրաշքներ էր գործում Ավոյի (Մոնթե Մելքոնյան) զորավարական տաղանդը, որի մասին իր քնարական պոեմը գրեց նա։ Լեռնիկ Հակոբյանը ստեղծագործական իր մկրտությունն ստացավ արցախյան բանակի շարքերում եւ էլի տասնյակ պատանի գրողներ, որոնք դեռեւս երգի մեջ չձեւավորված, իրենց կամքը ջրդեղեցին պատերազմական հրդեհների մեջ։ Այսպես հյուսվեց հայրենասիրության նոր, երիտասարդական երգը, որ երանգներով հայկական է, միշտ զգոն, որովհետեւ անընդմեջ զգացվում է հարեւան քոչվոր ցեղերի սպառնալիքը։ Այդ զգացումից են ծնված Ժ.Բեգլարյանի, Ա.Քոչարյանի, Ն.Գասպարյանի, Ռ.Եսայանի, Հ.Ալեքսանյանի, Կ.Հակոբյանի եւ այլոց բանաստեղծությունների շարքերը, որոնցում փառաբանված են հայրենի հողը, օջախը, հավատը, գալիքի բանալին հանդիսացող մայրենի լեզուն, որի վերաբերյալ իր թեւավորող խոսքն է ասել Ռ.Եսայանը.

Սակայն, առանց քեզ, մայրենի լեզու,

Առանց քո տառի պտղաբեր հպման,

Առանց քո բույրի, հողաշիթ գույնի

Եվ աղավնաթեւ քո հնչյունների…

Ես` Ես չեմ լինի։

Պատերազմական այն ահեղ օրերից անցել է երեք տասնյակ տարի։ Այն ժամանակվա երիտասարդ պոետները հասունացել են ոչ միայն տարիքով, այլեւ ստեղծագործական կարողություններով։ Վերջին տարիներին իրենց ընտրանիներով հանդես են եկել Ռ.Եսայանը, Ն.Գասպարյանը, Հ.Ալեքսանյանը, Դ.Միքայելյանը, Ժ.Բեգլարյանը, Տ.Սողոմոնյանը, Ս.Համբարձումյանը եւ ուրիշներ` կրկին ու կրկին ապացուցելով ազատ եւ անկախ ապրելու աստվածային հրամայականը, որի շնորհիվ միայն արվեստագետը կարող է լրիվ դրսեւորել Աստծո քարտուղարը լինելու իր սուրբ առաքելությունը։ Ընթերցելով վերոհիշյալ պոետների նոր ժողովածուները` նկատում ես մարդու հուզաշխարհը թափանցելու եւ այն պատկերելու արդեն ձեւավորված հմտությունը։ Միաժամանակ շոշափում ես այն հիմնական լեյտմոտիվը, որի առանցքում հայրենի եզերքի անվտանգության պաշտպանությունն ու զարգացումն է։ Այդ գաղափարի փայլուն վկայությունն է Ռ.Եսայանի ընդհանրացումը.

Զինվում է ճանապարհը հավիտենությամբ։

Ոգի, որ սրբագործում է ճակատն ապագայի։ Արցախ։

Երկիր, ուր սերն է հոսում,

Ինչպես արյան ճակատագիր։

Եվ պատահական չէ, որ Ռ.Եսայանը 2017-ին հրատարակած գիրքն անվանել է «Խաչ եւ սուր»։
                                                           * * *
Արցախյան գոյամարտի պոեզիան հարստացավ նաեւ հայ ժողովրդի պատմական անցյալի հերոսական դրվագների պատկերումով։ Վ.Հակոբյանի տաղանդն այս ուղղությամբ եւս փայլեց։ Նա վկայակոչեց մեր ոգու եւ սրի ժամանակաշրջանը` 5-րդ դարը, որ իմաստավորված է Մեսրոպ Մաշտոց-Վարդան Մամիկոնյան անմահների անձնուրաց գործունեությամբ։ Բանաստեղծը «Մեսրոպ Մաշտոցն Ամարասում» պոեմում նրանց կերպարներն ստեղծեց` առնչված ժողովրդի ճակատագրին։ Ապա նա ընթերցողին հանձնեց «Տաճարն Աստծո» պոեմը, որ Արցախի հերոսական անցյալի եւ մարտնչող ներկայի Ասք է` շաղախված կորուստների ծանր զգացումներով եւ ժառանգածի պահպանման անխառն մտորումներով։ Բանաստեղծը դրանով իսկ ընդգծեց հայոց ոգու անմահությունը։ Պոեմի պատումի մեջ Արցախի նահապետ, Հայկի ժառանգորդ Առանի տոհմից ազատամարտիկ Արմեն Հակոբյանն է հառնում, նրա գիտակցված մահից` մի նոր Առան, որ ընտրում է Սոսեներ ծնող Սաթենիկին եւ խորհրդանշում մեր ժողովրդի հավերժությունը իր աստեղամերձ սարերում։

Արցախյան գոյամարտին պատմական պոեմներ նվիրեցին նաեւ մյուս պոետները։ Եթե Հ. Բեգլարյանը պատմությունը դիտում է որպես ժառանգափոխության անընդմեջ ընթացք («Խաչենաբերդ»), ապա Ն.Ավագյանը ձգտում է զննել կորուստների ցավը եւ իմաստավորել ժողովրդի դարավոր ճանապարհը («Կենսապատում»)։ Ս.Խանյանը, կոնկրետ անդրադառնալով 9-րդ դարում արաբական զավթիչների դեմ արցախցիների մղած հերոսական պայքարին, իշխան Եսայի ապու Մուսեի օրինակով ոգեշնչում ու թեւավորում է Արցախյան գոյամարտի զինվորյալներին («Արցախի արծիվը»)։ Ռոբերտ Եսայանն իր «Երազի սահանքներ» գրքում զետեղեց «Ապաշխարություն կամ հրաժեշտի 40 օրերը» պոեմը։ Այստեղ բանաստեղծը ճեղքում է ժանրի ընդունած սահմանները թե՛ կոմպոզիցիայի եւ թե՛ սյուժեի տեսակետից։ Պոեմում ներառված հարցերի բույլը քնարական հերոսին տանում է դեպի կենսափիլիսոփայության աշխարհ։ Բանաստեղծը տարբեր խնդիրների քննարկումը վերածում է ապաշխարանքի` այն դարձնելով ինքնատիպ մի աղոթարան։ Նրա երազի սահանքներն ակունքվում են մեր դարաշրջանի շերտերից, առանձնապես Արցախյան գոյամարտի թոհուբոհից։
                                                         * * *
Արցախյան պատերազմում մեր հաղթանակը փառքով պսակվեց հայոց խիզախ ազատամարտիկների անձնուրացության շնորհիվ։ Հյուսվել ու հյուսվում է մեր սուրբ նահատակներին նվիրված անմահության երգը։ Այդ առումով ուշադրության արժանի գործեր են Վ. Հակոբյանի «Գողգոթա», «Քրիստոսի ծաղիկները», Գ.Գաբրիելյանի «Մուսա լեռան երկու որդին», «Ողջակիզվող կյանք», Հ.Բեգլարյանի «Մոնթե-Ավո», Ս.Խանյանի «Նահատակ լուսո», Ն.Ավագյանի «Տիրոջ հետ», Ա.Քոչարյանի «Խնձորն արնափոսում», Է.Եսայանի «Զորավար Ավո» պոեմները, Ա.Թովմասյանի «Զգույշ քայլեք, մարդիկ» ռեքվիեմը, Դ.Միքայելյանի` երախտապարտ սրտերից հյուսված երգաշարը, որոնցում ընդգծված է այն գաղափարը, որ Արցախյան ազգային-ազատագրական պայքարը երեւան հանեց ոչ միայն հայ մարդու զինվորական սխրանքը, այլեւ զորավարական տաղանդը։ Հիրավի, այդպես է։ 2016-ի քառօրյա պատերազմը կրկին ապացուցեց, որ մեր արդարացի գոյամարտը դարձել է մի յուրօրինակ ռազմական դպրոց, որտեղ ձեւավորվել ու կոփվել են Ազգային հերոսներ` սպարապետ Վ.Սարգսյանը, անմահ նվիրյալներ Բեկորը, Լ.Ազգալդյանը, Ն.Դանիելյանը, Յու.Պողոսյանը, Վ.Բալայանը եւ ուրիշ դյուցազուններ։

Քնարական բանաստեղծությունների մի հոգեպարար փունջ են կազմում մարտիրոսված Ազգային հերոսների` Ռոբերտ Աբաջյանների անմար հիշատակին նվիրված երգերը։

Ընթերցելով այդ գործերը, լցվում ես թախծի եւ հպարտության զգացումներով, խոնարհվում բոլոր նահատակների անմեռ փառքի առջեւ, զգում նրանց կենդանի շունչը կյանքը շարունակողների շքերթներում։

Արցախյան ազգային-ազատագրական պայքարում արյան գնով նվաճված մեր ազատության երաշխավորը Հայոց պետությունն է, Հայոց բանակը, որոնց կայացման ճանապարհին երգի փոխված իրենց հոգու կրակներն են ցանում մեր բանաստեղծները` հաստատելով, որ հայրենիքի եւ ժողովրդի հարատեւման երաշխիքը զենքի եւ երգի միասնությունն է։

Սոկրատ ԽԱՆՅԱՆ

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: