11/22/2019

Ոչ միայն ԱԺ-ը, այլեւ ամբողջ հայ ազգը Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահի լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին. Խաչիկ Ասրյան

Ոչ միայն ԱԺ-ը, այլեւ ամբողջ հայ ազգը Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահի լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին. Խաչիկ Ասրյան

«Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Խաչիկ Ասրյանը, Tert.am-ի հետ զրույցում խոսելով Հայաստանի ապագա վարչապետի եւ քաղաքական ընդդիմության մասին, նշեց, որ գործադիրի ղեկավարի պաշտոնում Սերժ Սարգսյանին այլընտրանք չի տեսնում.«Ոչ միայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, այլեւ հայոց ազգն ամբողջությամբ, մեծ իմաստնությամբ եւ պատասխանատվության զգացումով Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահեն միայն ու միայն լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին»,- ասաց նա:

Անդրադառնալով ապրիլի 9-ին՝ վարչապետի ընտրությանը, ընդառաջ ընդդիմադիրների հայտարարություններին՝ Խաչիկ Ասրյանը  նկատեց, որ եթե ընդդիմադիր քաղաքական ուժերը չեն կարողանում գոնե տարին մեկ անգամ համախմբել 10.000-ից ավելի իրենց  անդամների, համակիրների, ուրեմն այդ ուժերի հայտարարությունները լինելու են  ժամանակավրեպ.«Նրանք շտապ պետք է լուծարվեն ու անդամագրվեն  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժմանը՝ կոնկրետ շոշափելի նպաստ բերելու հայոց պետության եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում», - ասաց «Հայոց Արծիվների» նախագահը:

- Սահմանադրական փոփոխություններից հետո՝ 2018 թ. մարտից, Հայաստանում սկսվելու է իշխանության վերջնական ձեւավորման գործընթացը: Ապրիլի 2-րդ կեսին նախատեսված է մեծ լիազորություններով օժտված, շատերի բնորոշմամբ՝ «սուպերվարչապետի» ընտրությունը: Վարչապետ Սերժ Սարգսյանի հարցը ձեզ համար միանշանա՞կ է:

- Այո՛, սույն թվականի ապրիլի 9-ից հետո ՀՀ վարչապետի պաշտոնում հայոց նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ազգային ժողովի պատգամավորների կողմից ընտրվելու հարցը իմ եւ 45.117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական  կազմակերպության համար միանշանակ է եւ անքննելի: Ավելին՝ ինքս անձամբ խիստ կարևորում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության նոր սահմանադրությամբ մեծ լիազորություններով  օժտված վարչապետի  պաշտոնում  տեսնել 2017 թվականի  ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում առավել ձայներ հավաքած Հայաստանի հանրապետական կուսակցության եւ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին, այլեւ ամենակարեւորը՝ 20-րդ դարավերջին եւ 21-րդ դարում՝ հայոց նորագույն պատմության շուրջ 30 տարիների ընթացքում, հայոց պետականաշինության, այդ թվում նաեւ բանակաշինության գործում բացառիկ ներդրում ունեցող, այսօր արդեն Հայաստանի ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականության մեջ իմաստուն որոշումներ կայացնող գերագույն գլխավոր հրամանատար, հայոց առաջնորդի կոչումը վաստակած Սերժ Սարգսյանին: Ավելին՝ ավելի քան վստահ եմ, որ Երկիր մոլորակում չկա երկրորդ հայը, որը Հայաստանի նորանկախ պետականաշինության 30 տարիների ընթացքում ունի ավելի մեծ վաստակ, անդադար ներդրում եւ, ամենակարեւորը, Հայաստանի ու Արցախի պետական սահմանների եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում այնքան ներդրում, որքան Սերժ Սարգսյանը: Հայոց նորագույն պետությանը եւ հայ ժողովրդի անվտանգությանը վերաբերող կարեւորագույն հարցերում խիստ կարեւորում  եմ  ոչ  թե  ՀՀ  նախագահի, ՀՀ  վարչապետի, ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնները, այլ հայոց վաստակաշատ առաջնորդի կերպարը, որն ավելին է, քան նշածս պաշտոնները: Ինչո՞ւ: Որովհետեւ նշածս պաշտոններում կարող են շատ եւ շատ մարդիկ աշխատել, բայց այդ մարդիկ չեն կարող առաջնորդ լինել, ասել է թե՝ ի վերուստ տրված եւ նախախնամությամբ վաստակած առաջնորդ լինել: Իմ խորին համոզմամբ, ինչպես հայ ժողովո՛ւրդն է Հայաստանը, այնպես էլ հայոց առաջնո՛րդն է Հայաստանը, եւ մենք՝ բոլորս, պետք է լինենք առաջնորդապաշտ այնպես, ինչպես ծնողապաշտ ենք եւ ընտանիքապաշտ: Ամփոփելով Ձեր հարցի պատասխանը՝ նշեմ, որ, այո՛, Սերժ Սարգսյանը իր անցած փառավոր ճանապարհով եւ չերկրորդվող գործունեությամբ իրոք վաստակել է հայոց առաջնորդի կոչումը, ու հաշվի առնելով Երկիր մոլորակում տեղի ունեցող աշխարհաքաղաքական սրընթաց փոփոխությունները, հաշվի առնելով խառնածին ցեղերի արդյունքում ձեւավորված հորինված Ադրբեջանի  սուլթանիզմով ապրող ղեկավարների հայատյացությունը՝ ոչ միայն Ազգային ժողովի բոլոր պատգամավորները միահամուռ, այլեւ հայոց ազգն ամբողջությամբ, մեծ իմաստնությամբ եւ պատասխանատվության զգացումով Հայաստանի վարչապետի պաշտոնը պետք է վստահեն միայն ու միայն լավագույնին՝ հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին:

- Ընդդիմադիր քաղաքական ուժերը, առանձին գործիչները հայտարարում են Սերժ Սարգսյանի վերընտրվելը թույլ չտալու հետ կապված շարժում, քաղաքական գործընթաց սկսելու մասին: Դուք նախկինում Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին ահասարսուռ կոչեր էիք անում, այս դեպքում է՞լ եք նույնը պատրաստվում անել:

- Ի՞նչ է նշանակում՝ ընդդիմադիր քաղաքական ուժ: Ըստ իս, իշխանամետ կամ ընդդիմադիր քաղաքական ուժը նույնանման գաղափարախոսություն կրող համախմբված մարդկանց այն կազմակերպությունն է, որը Հայաստանում պետք է  ունենա առնվազն 10.000 համակիր ու համախոհ եւ ջանք ու եռանդ չպիտի խնայի  ե՛ւ մասնակիցը, ե՛ւ աջակիցը լինելու նորանկախ Հայաստանի պետականաշինության գործում (այստեղ ավելորդ է խոսել առանձին գործիչների մասին): Ավելին՝ հատկապես ընդդիմադիր քաղաքական ուժը, ուժերը կամ դաշինքները, եթե չեն կարողանում գոնե տարին մեկ անգամ Երեւան քաղաքի կամ Հայաստանի որեւէ բնակավայրի հրապարակներից մեկում համախմբել 10.000-ից ավելի իրենց  անդամների, համակիրների, համախոհների՝ իրենց կուսակցության կամ դաշինքի տարեդարձը նշելու, բացօթյա համագումարը անցկացնելու, կուսակցության ծրագիրը ներկայացնելու համար, ուրեմն այդ ընդդիմադիր քաղաքական ուժերի զուտ ցանկությունները, հայտարարությունները միշտ էլ եղել են ու լինելու են  ժամանակավրեպ, եւ նրանք շտապ պետք է լուծարվեն ու անդամագրվեն  «Հայոց Արծիվներ» հայրենասիրական շարժմանը՝ կոնկրետ շոշափելի նպաստ բերելու հայոց պետության եւ հայ ժողովրդի անվտանգության ապահովման գործում, որը յուրաքանչյուրի համար պիտի լինի առաքելություն այնպես, ինչպես առաքելություն է մեզ՝ արծիվներիս համար: Յուրաքանչյուր ժամանակաշրջան իր պահանջներն ունի ե՛ւ հայ ժողովրդից, ե՛ւ Հայաստանից: Իսկ այսօր եւ վաղը՝ հայկական բարձրավանդակի համար ոչ ապահով եւ փխրուն խաղաղության այս ժամանակաշրջանում, ճիշտ ժամանակն է ողջ հայ ժողովրդի միասնական վստահության քվեն հայոց առաջնորդ Սերժ Սարգսյանին կրկին տալու համար: Մարդ, որը ոչ միայն ճշմարիտ  եւ իմաստուն որոշումներ է կայացնում Հայաստանի ներքաղաքական կյանքում, այլեւ, հատկապես Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ միշտ զգոն, սթափ, ինչու չէ, նաև սարսափի մեջ է պահում հայկական աշխարհամասի վրա աչք ունեցող բոլոր բորենիներին: Սերժ Սարգսյանի ընդդիմախոսներին նախկինում ես ոչ թե ահասարսուռ կոչեր էի հղում, այլ նույն ընդդիմախոսների կողմից կազմակերպված 500, 1000 կամ ամենաշատը 2000-հոգանոց ոչինչ չասող եւ հիասթափեցնող միտինգներին ես կոնկրետ պատասխանում էի 5000, 7000 եւ 12.000 արծիվների համախմբված բացօթյա հանրահավաքներով՝ տոնելով «Հայոց Արծիվներ» հայրենասիրական  կազմակերպության տարեդարձները եւ անցկացնելով համագումարները: Ավելի քան վստահ եմ, որ ե՛ւ խորհրդարանական իշխանությունն ու ընդդիմությունը, ե՛ւ արտախորհրդարանական ուժերը հանուն իրենց ընտանիքների եւ հայոց սուրբ հողի պաշտպանության եւ անվտանգության ապահովման՝ իրենց մեջ ուժ կգտնեն իսկապես հավատալու եւ համոզվելու, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն անփոխարինելի է, ոչ միայն այլընտրանք չունի, այլեւ ամենակարեւորը, որ «Սերժ Սարգսյան առաջնորդ» տեսակը խիստ անհրաժեշտություն է Երկիր մոլորակում բնակվող հինավուրց եւ քրիստոնյա հայ ժողովրդի ու նորագույն հայոց պետության անվտանգությունն ապահովելու եւ մեծ, հզոր քրիստոնյա Հայաստան կառուցելու գործում: Ինչ վերաբերում է սույն թվականի մարտ, ապրիլ ամիսներին Հայաստանում տեղի ունենալիք ներքաղաքական կարևոր գործընթացներին, ապա նշեմ, որ, այո՛, «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը Հայաստանի 301 համայնքում գործող իր 301 մասնաճյուղերի բոլոր՝ 45.117 անդամներով պատրաստվում է ինչպես «Հայոց Արծիվների» հիմնադրման եւ գործունեության 15-րդ տարեդարձը տոնելու եւ կազմակերպության 10-րդ համագումարն անցկացնելու, այնպես էլ, անհրաժեշտության դեպքում, մինչեւ Ազգային ժողովի կողմից նոր վարչապետի ընտրությունը, Հայաստանի բոլոր մարզերում (Սյունիքից սկսած) եւ Երեւան քաղաքում կազմակերպել բազմահազարանոց բացօթյա հանրահավաքներ՝ համախմբելով հայրենատեր հայ ժողովրդին, եւ հերթական անգամ վստահության քվեն տալ Քրիստոնյա Հային՝ Սերժ Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելու համար:

tert.am

16 փետրվարի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: