06/05/2020

Առայժմ երկրորդ հորիզոնականում

Առայժմ երկրորդ հորիզոնականում

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն 26-րդ առաջնության գարնանային փուլը փոփոխական հաջողություններով է մեկնարկել Կապանի «Գանձասար-Կապանը»: Այդ փուլը թիմը սկսեց երկրորդ տեղով՝ 24 միավորով, առաջնության առաջատարից՝ Երեւանի «Ալաշկերտից» հետ մնալով վեց միավորով: Առաջնության գարնանային փուլի անդրանիկ խաղում «Կապան-Գանձասարը» անսպասելիորեն պարտություն կրեց առաջնության հետնապահից՝ Երեւանի «Արարատից»: Երկրորդ խաղում «Փյունիկի» հետ հանդիպման հինգերորդ րոպեին 15 մետրանոց հարվածով խփած գնդակը հաղթանակ բերեց «Գանձասար-Կապանին»:

Ստացվել է այնպես, որ երեք օրը մեկ թիմը հանդիպում է անցկացնում: Մարտի 7-ին «Գանձասար-Կապանը» «հյուրընկալվեց» Գյումրու «Շիրակին»՝ Հայաստանի գավաթի խաղարկության շրջանակում: «Հյուրընկալվելն» էլ չակերտների մեջ է առնված, քանզի դա սեփական հարկի տակ հանդիպում է, բայց մարզադաշտի խնդիրների հետ կապված «Գանձասար-Կապանը» հանդես է գալիս մրցակցի հարկի տակ: Ինչեւէ, հանրապետության գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ այդ հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 18-ին:

Առաջնության հերթական հանդիպումը եւս մարտի 10-ին «Գանձասար-Կապանը» անցկացրեց «Շիրակի» հետ Գյումրիի քաղաքային մարզադաշտում: Առաջինը հաջողության հասան կապանցիները, ինչպես երեք օր առաջ գավաթային հանդիպման ժամանակ, սակայն գյումրեցիներին հաջողվեց ոչ միայն խուսափել պարտությունից, այլեւ կամային հաղթանակ տոնել 2:1 հաշվով: Պարտությունից հետո էլ կապանյան թիմը շարունակում է իր տեղը պահպանել երկրորդ հորիզոնականում՝ երրորդ տեղում ընթացող Երեւանի «Բանանցից» առաջ անցնելով մեկ միավորով:

Առաջնության հաջորդ հանդիպումը «Գանձասար-Կապանը» կանցկացնի մարտի 17-ին Երեւանի «Բանանցի» հետ:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: