06/02/2020

ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման համար Հայաստանը ԵՄ-ից ստացել է 900 հազար եվրոյի աջակցություն

ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակման համար Հայաստանը ԵՄ-ից ստացել է 900 հազար եվրոյի աջակցություն

Եվրոպական միության համար կարեւոր է անցումային փուլում գտնող  Հայաստանին աջակցելը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:

«Եվրամիությունը ֆինանսական աջակցություն  է տրամադրում այս ծրագրին` 900 հազար եվրոյի չափով: Այսօրվա միջոցառումը կարևոր է  Եվրամիության համար: Հայաստանին աջակցելը մեզ համար բացարձակապես առաջնահերթ խնդիր է: Հայաստանը շատ կարեւոր անցումային փուլում է գտնվում, որը կապված է մի շարք կարեւոր նախաձեռնությունների հետ, մասնավորապես` Հայաստանում բարեփոխումները խորացնելու ուղղությամբ:Արդարադատության նախարարությունը շատ կարճ ժամանակահատվածում մի շարք կարեւոր  նախագծեր է մշակել  եւ, կարծում եմ, նրանք իրենց գործն արդյունավետ կատարել են: Եվրամիության ներկայացուցիչների եւ անդամ պետությունների դեսպանների հետ հանդիպումների ժամանակ մենք միշտ շեշտում ենք, որ դատաիրավական բարեփոխումներն առաջնային են բարեփոխումների ցանկում, եւ մենք ամեն ինչ անում ենք այդ հարցում Հայաստանի իշխանություններին աջակցելու համար»,- ընդգծեց Սվիտալսկին:

Երեւանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովայի խոսքով` ՀՀ Քրեական նոր օրենսգրքի ընդունումը Հայաստանի պարտավորությունների շարքում է Եվրախորհրդի անդամ դառնալուց ի վեր:«Այդ ընթացքում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել գործող Քրեական օրենսգրքում: Եվրախորհուրդը տարբեր դրույթների վերաբերյալ բազմաթիվ խորհդակցություններ է անցկացրել քրեական օրենսգրքի նախագծի հետ աշխատող խմբի հետ»,- ասաց Վուտովան:

Մարտի  14-ին  կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որի ընթացքում շահառուների լայն շրջանակներ  հնարավորություն ունեցան քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին առնչվող մի շարք հարցեր, ինչպես նաեւ հանդես գալ առաջարկներով: Այս  կարեւոր նախաձեռնության շնորհիվ միջոցառման մասնակիցները եւ ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի անդամներն արդյունավետ քննարկումներ  ծավալեցին ԵԽ միջազգային փորձագետների հետ: Քննարկման մասնակիցները բարձրացրեցին կարեւորագույն հարցեր եւ հանդես եկան կոնկրետ առաջարկներով` ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի որոշ հակասական դրույթները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին համապատասխանեցնելու նպատակով: Այսպիսով, կնվազեցվի տարաբնույթ մեկնաբանությունների հավանականությունը, ինչը կարող է հանգեցնել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքների ոտնահարման:

Կլոր սեղան-քննարկումը կազմակերպվել էր «Աջակցություն Հայաստանում քրեական արդարադատության համակարգի բարեփոխումներին եւ պայքար վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմե ծրագրի կողմից, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի Գործընկերության հանուն լավ կառավարման կառուցակարգի շրջանակներում:

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: