06/02/2020

Բակո Սահակյանը հանդիպումներ է անցկացնում Միացյալ Նահանգներում

Բակո Սահակյանը հանդիպումներ է անցկացնում Միացյալ Նահանգներում

Շարունակվում է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որի կապակցությամբ նախօրեին պաշտոնական Բաքուն բողոքի նոտա էր հղել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանին:

Ղարաբաղի նախագահի կայքից տեղեկանում ենք, որ Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն է ժամանել երկուշաբթի օրը: Երեկ պատվիրակությունն այցելել է Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատուն, հանդիպել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի եւ դիվանագիտական անձնակազմի հետ:

«Քննարկվել են ԱՄՆ-ի եւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Արցախի, Հայաստանի եւ Սփյուռքի սերտ համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն հանդիսանում է նախատեսված ծրագրերի հաջող իրականացման առանցքային գործոններից մեկը», - տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի նախագահի կայքը:

Նշվում է նաեւ, որ Սահակյանը Վաշինգտոնում այցելել է նաեւ Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցչություն եւ այնտեղ կարեւորել է ԱՄՆ-ի հետ փոխգործակցության ընդլայնումն ու խորացումը` ընդգծելով, որ դրա համար ներկայացուցչությունը պետք է շարունակի իրականացնել ամենօրյա արհեստավարժ աշխատանք, եւ կոնկրետ հանձնարարականներ տվել այդ ուղղությամբ:

Ղարաբաղյան պատվիրակության այցի այլ մանրամասներ՝ այդ թվում ամերիկյան կողմի հետ հնարավոր հանդիպումների մասին, տեղեկություններ դեռ հայտնի չեն:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը հատկապես կարեւորում է Ղարաբաղյան պատվիրակության այցն այն պատճառով, որ դա հաջորդում է Միացյալ Նահանգներ Հայաստանի խորհրդարանական պատվիրակության այցին․ - «Լեռնային Ղարաբաղն այս այցով դրսեւորում է նախաձեռնողականություն արտաքին քաղաքականության մեջ, ինչը ողջունելի է: Բայց մյուս կողմից Ադրբեջանն ակտիվ աշխատանք է կատարում՝ ցույց տալու, թե ինչու Ղարաբաղը չպետք է վերադառնա բանակցությունների սեղան»:

Հայ դատի ԱՄՆ Արեւմտյան ափի հանձնախումբը, ինչպես փոխանցում է «Արմենպրեսը», հաղորդում է, որ ԼՂ նախագահի ամերիկյան այցին զուգահեռ Կալիֆոռնիայի հայաշատ Գլենդեյլ քաղաքում հնարավոր է փողոցներից մեկը Լեռնային Ղարաբաղի պատվին վերանվանվի «Արցախի փողոց»: Նշվում է, որ Գլենդեյլի քաղաքային խորհուրդը երեկ միաձայն քվեարկել է փողոցը վերանվանելու գործընթացը սկսելու օգտին:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: