06/02/2020

Սյունիքի մարզպետի ապօրինությունների դեմ՝ դատական հայցեր

Սյունիքի մարզպետի ապօրինությունների դեմ՝ դատական հայցեր

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2018թ. մարտի 12-ին վարույթ է ընդունել Լիլիթ Առաքելյանի հայցադիմումն ընդդեմ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի:

Սյունիք գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենը պահանջում է վերացնել (անվավեր ճանաչել) «Սյունիքի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից իրեն ազատելու մասին մարզպետի 2018թ. հունվարի 23-ի անհիմն եւ ապօրինի կարգադրությունը: Հայցվորը պահանջել է նաեւ Վահե Հակոբյանից բռնագանձել պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար իր միջին աշխատավարձը, ինչպես եւ փոխհատուցել իրեն հասցված բարոյական վնասը:

Դատաքննությունը տեղի կունենա 2018թ. մայիսի 3-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Մեղրու նստավայրում՝ դատավոր Ժաննա Ասատրյանի նախագահությամբ:

Ընդդեմ Վահե Հակոբյանի հայց է ներկայացրել նաեւ Ռուբեն Զաքարյանը, ով երկու անգամ օրինական ճանապարհով ու արժանապատվորեն հաղթել է Դարբասի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում, բայց գործող մարզպետը քմահաճորեն հրաժարվել է ենթարկվել Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքել հաղթած տնօրենի հետ:

Ռուբեն Զաքարյանը պահանջում է պարտավորեցնել Սյունիքի մարզպետին՝ իր հետ կնքելու աշխատանքային պայմանագիր հինգ տարի ժամանակով՝ հիմք ընդունելով «Դարբասի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթի արդյունքները:

ՀՀ վարչական դատարանը Ռուբեն Զաքարյանի հայցադիմումը վարույթ է ընդունել 2018թ. փետրվարի 27-ին: 

Դատական նիստը տեղի կունենա 2018թ. ապրիլի 12-ին՝ ՀՀ վարչական դատարանի Կապանի նստավայրում:

Դատաքննությունը տեղի կունենա դատավոր Հասմիկ Հովհաննիսյանի նախագահությամբ:

Երկու դեպքում էլ դատական նիստին իբրեւ պատասխանող հրավիրվել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: