06/02/2020

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին

Մեծարգո պարոն դեսպան

Դիմումը, որ ուղղում եմ Ձեզ, կարող էր եւ ավելի վաղ շարադրվել, բայց չեմ գրել՝ համբերությամբ սպասելով եւ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններից ակնկալելով պատշաճ արձագանք ու կատարված (կատարվող) հետաքննության մասին պատշաճ իրազեկում տուժող կողմիս:

Մինչդեռ մինչեւ այսօր որեւէ պատասխան կամ արձագանք չեմ ստացել, ինչը տարակույսների տեղիք է տալիս, եւ Ձեր ուշադրությունը հրավիրելու խնդրի առաջ կանգնեցնում մեզ, քանզի Ռուսաստանի Դաշնության իրավապահներին դիմելու ուրիշ լեգիտիմ ճանապարհ առայժմ չգիտեմ:

Բանն այն է, որ 2018թ. հունվարի 16-ին, ժամը 18.20-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության Տամբովի մարզի Միչուրինսկ քաղաքի երկաթուղային կայարանում անհայտ անձանց կողմից հարձակման եմ ենթարկվել, եւ փորձ է արվել առեւանգել ինձ:

Ռուսաստանի Դաշնություն էին մեկնել Միչուրինսկ քաղաքի մերձակա Ռանինո գյուղում՝ հարազատ քրոջս՝ Թամարա Սարկիսովա-Ալեքսանյանի հուղարկավորությանը մասնակցելու համար: 

Հունվարի 16-ին, քրոջս հողին հանձնելուց հետո, վերադարձել եմ Միչուրինսկի երկաթուղային կայարան՝ գնացքի տոմս ձեռք բերելու եւ Վորոնեժ-Մոսկվա երթուղով Մոսկվա հասնելու համար:

Ժամը 17-ին ձեռք եմ բերել տոմս եւ կայարանում սպասել N739 գնացքի ժամանումին, որը Միչուրինսկից պետք է շարժվեր մոտ մեկուկես ժամ հետո՝ 18.24-ին:

Ժամը 18.10-ի սահմաններում հայտարարվել է, որ գնացքը ժամանում է կայարան, որպեսզի մեկնողները կամ ժամանողներին դիմավորողները մոտենան կառամատույցին:

Ուղեւորները եւ սպասողները դուրս են եկել սպասասրահից ու կողքի խանութներից, մեքենաներից եւ գնացել առաջին ուղու կառամատույց, որտեղ պետք է կանգ առներ Մոսկվա մեկնող գնացքը. նրանց թվում էի նաեւ ես:

Ժամը 18.20-ին գնացքը կանգ է առել հայտարարված տեղում. պետք է շարժվեր չորս րոպե անց: 

Այդ եռուզեռում ռուսախոս երկու երիտասարդ, սլավոնական արտաքինով, կտրել են առաջս եւ հարցրել՝ «Դո՞ւք եք Սամվել Ալեքսանյանը»:

Պատասխանել եմ՝ «Այո՛, ես եմ»:

Եվ նրանցից մեկն անմիջապես երեսիս է փչել կանաչ գույնի ինչ-որ լուծույթ՝ մեծ քանակությամբ, որի արդյունքում դեմքս անճանաչելի է դարձել, հագուստս ապականվել ամբողջապես, իսկ ձախ աչքս տվյալ պահին զրկվել է տեսողությունից ու ցավերի մեջ ընկել:

Բարեբախտաբար աջ աչքս մնացել է անվնաս, ու չէի կորցրել ինքնատիրապետումը, եւ մարդկանց ուշադրությունը հրավիրելով, ինքնապաշտպանության դիմելով հետ եմ մղել նրանց, որ բռնել էին թեւերիցս ու փորձում էին ինձ դուրս բերել մարդկանց բազմությունից:

Բարձրացված աղմուկ-աղաղակի շնորհիվ սուլուցներով միջադեպի վայր են վազել ոստիկաններ, եւ միայն դրանից հետո փախուստի են դիմել հանցագործները, որոնց հետեւից վազել են ոստիկանները:

Ականատեսներից մեկը ոստիկանությանը տված բացատրության մեջ նշել է, որ գնացքի N12 վագոնի մոտ՝ միջադեպի վայրում, սպասողական վիճակում առանձին կանգնել եւ տեղի ունեցող հարձակմանն ուշի ուշով հետեւում էին եւս չորս հոգի, ովքեր ոստիկանների մոտենալուն պես փախուստի են դիմել:

N12 վագոնի ուղեւորների եւ հատկապես Գրետա Չիլինգարյան անուն-ազգանունով համարձակ մի տիկնոջ օժանդակությամբ (Միչուրինսկ քաղաքի բնակիչ, ով մեկնում էր Մոսկվա) ինձ հաջողվել է բարձրանալ գնացք, որն էլ 18.24-ին շարժվել է:

Գնացքում ինձ հետ հեռախոսով կապվել եւ տեղի ունեցածի վերաբերյալ հարցեր է տվել Միչուրինսկ քաղաքի ոստիկանապետը՝ ոմն գնդապետ (այդպես է ներկայացել), ում հավաստմամբ՝ դեպքից անմիջապես հետո ոտքի է հանվել քաղաքի ոստիկանությունը՝ հանցագործներին հայտնաբերելու համար: Ոստիկանապետը նաեւ ափսոսանք է հայտնել կատարվածի համար ու հավաստիացրել, որ հանցագործներն անպայման կհայտանբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն:

Մինչեւ Մոսկվա հասնելը՝ Ռյազան քաղաքի երկաթուղային կայարանում՝ գնացքի հերթական կանգառի ժամանակ, չորս ոստիկան են մոտեցել ինձ եւ հարցաքննել:

Մոսկվայի Կազանսկի երկաթուղային կայարանում (գնացքը ՌԴ մայրաքաղաք էր հասել ժամը 22.46-ին) ինձ սպասում էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, նրանցից մեկն էլ հարցաքննել է ինձ:

Հարցաքննության ժամանակ հայտարարել եմ՝ հիմքեր ունեմ ենթադրելու, որ հանցագործության պատվիրատուն կարող է լինել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ նկատի ունենալով մինչ այդ ազատ խոսքի եւ հատկապես «Սյունյաց երկիր» թերթի  ու նրա խմբագրի դեմ մարզպետի ձեռնարկած ստոր եւ նողկալի արարքները:

Ենթադրություն եմ հայտնել նաեւ, որ լուսանկարս ու իմ վերադարձի երթուղու վերաբերյալ տեղեկությունները հանցագործներին կամ հանցագործության պատվիրատուին կարող էր տրամադրել Մանյա Ծատրյան անունով կինը, ով, իբրեւ տուրիստական մի կազմակերպության ներկայացուցիչ Կապանում, իր աշխատանքի բերումով միակն էր, որ գիտեր վերադարձիս երթուղին:

Տեղի ունեցածի վերաբերյալ թերթի խմբագրությունը հայտարարություն է տարածել:

Կատարվածի մասին տեղյակ ենք պահել նաեւ Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին, ընթերցողական մեր լսարանին:

Եվ տեղյակ չենք՝ այդքանից հետո մեր հանրապետության իրավապահները որեւէ քայլ կատարե՞լ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի Սամվել Ալեքսանյանի հետ ՌԴ-ում կատարվածը հետաքննելու-ուսումնասիրելու համար, թե՞ ոչ: Բայց դա այլ հարց է եւ սույն դիմումի խնդրի մեջ չի մտնում:

Այդ բոլորով հանդերձ՝ դեպքը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության տարածքում, ինչի համար եւ կատարվածի վրա ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը:

Չեմ կարծում, որ Ձեզ համար միեւնույն է, թե բարեկամ Հայաստանի Հանրապետության քաղաքացու կյանքի եւ առողջության դեմ ձեռնարկված հանցագործությունն ինչպես է կատարվել եւ ովքեր են կատարել:

Ուստի եւ խնդրում եմ հետաքրքրվել տեղի ունեցածի վերաբերյալ իրականացվող (իրականացված) հետաքննությամբ եւ ընթացքի մասին ծանուցել մեզ:

Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար եղել եւ մնում է ոչ միայն բարեկամ պետություն ու ռազմավարական դաշնակից, այլ (հիրավի) եղբայրական երկիր: Հետեւաբար եւ ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հետեւողականությունը՝ ՌԴ իրավապահների միջոցով պարզելու տեղի ունեցածի հանգամանքներն ու գործի ընթացքը:

Ձեր միջոցով նաեւ երախտագիտություն եմ հայտնում N739 գնացքի հրամանատարին եւ ամբողջ անձնակազմին՝ գնացքում առաջին բուժօգնություն ինձ ցույց տալու, ՌԴ տրանսպորտային ոստիկանության ուշադրությունը կատարվածի վրա սեւեռելու համար:

Մենք շարունակում ենք հավատալ եւ հուսալ, որ Ռուսաստանի Դաշնության իրավապահներն անպայման կբացահայտեն հարյուրավոր մարդկանց աչքի առաջ տեղի ունեցած հանցագործությունը եւ պատասխանատվության կենթարկեն հանցագործներին, ինչպես եւ կազմակերպիչներին, պատվիրատուներին, օժանդակողներին:

Հետաքննության ձախողում կամ դեպքերի զարգացման այլ տարբերակ չեմ պատկերացնում, քանզի կատարվածը որեւէ կերպ մոռացության մատնել կամ համարել փակված էջ՝ անհնարին է, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունում ոմանք դա շատ ցանկանան:

Հարգանքով՝

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

«Սյունյաց երկիր» թերթի խմբագիր

15 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: