06/05/2020

«Լիդիան Արմենիան» համատեղ ուսումնական վարժանք անցկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ

«Լիդիան Արմենիան» համատեղ ուսումնական վարժանք անցկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության հետ

 «Լիդիան Արմենիա» ընկերությունը հատուկ նշանակություն է տալիս ընկերության գործունեության բոլոր փուլերում եւ ոլորտներում ռիսկերի կանխարգելմանը եւ արդյունավետ կառավարմանը: Սա վերաբերում է ոչ միայն բնապահպանական կառավարմանը, այլ նաեւ աշխատանքային անվտանգությանը: Արտակարգ իրավիճակների կանխարգելումը եւ անհրաժեշտության դեպքում՝ արագ եւ պրոֆեսիոնալ արձագանքումը նվազեցնում է ռիսկերը եւ մեղացնում հնարավոր հետեւանքները: Հենց այս նպատակով ընկերությունը ստեղծել է իր աշխատակիցներից բաղկացած արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբ, որը 150 ժամ հատուկ պատրաստության դասընթացներ է անցել ՀՀ ԱԻՆ մասնագետների օգնությամբ: Խմբի 11 անդամներից 5-ը Ամուլսարի հարակից համայնքների բնակիչներ են եւ ձեռք բերված հմտություններն անհրաժեշտության դեպքում կարող են կիրառել ոչ միայն Ամուլսարի ծրագրում, այլեւ իրենց համայնքներում:

ԱԻՆ դասընթացների վերջնական փուլը համատեղ ուսումնական վարժանքն էր, որն անցկացվեց մարտի 16-ին, Ջերմուկ քաղաքում: «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամներն՝ ԱԻՆ աշխատակիցների հետ համատեղ, իրականին մոտ պայմաններում հաջողությամբ կատարեցին մի քանի գործողություն․ տուժածների տարհանում հրդեհի վայրից, տարհանում ավտոմեքենայի վթարի վայրից եւ առաջին բուժօգնության ցուցաբերում:

ՀՀ ԱԻՆ բուժծառայության պետ գնդապետ Կարեն Աթոյանը կարեւորեց «Լիդիան Արմենիայի» նման պատասխանատու մոտեցումը եւ ԱԻՆ օգնությամբ իր աշխատակիցների պրոֆեսիոնալ վերապատրաստումը: Լավ պատրաստված թիմը տեղում կարող է զգալիորեն նվազեցնել անցանկալի հետեւանքների հավանականությունը՝ ցանկացած արտակարգ իրավիճակում:

Խումբը պատրաստ է անհրաժեշտության դեպքում արագ եւ արդյունավետ արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի՝ ոչ միայն Ամուլսարի հանքավայրի տարածքում, այլեւ ԱԻՆ համար օժանդակ ուժ հանդիսանալ տարածաշրջանում արտակարգ իրավիճակների դեպքում: 2017 թվականի ամռանն Արտավանի անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին ակտիվ մասնակցեցին նաեւ «Լիդիան Արմենիայի» Արագ արձագանքման խմբի անդամները, ինչը զգալիորեն նպաստեց հրդեհի արագ լոկալիզացիային:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: