06/02/2020

Մարզպետը նորի՞ց էր աշխատանքից փախել, թե՞ 2018-ին երրորդ անգամ արձակուրդ էր մեկնել

Մարզպետը նորի՞ց էր աշխատանքից փախել, թե՞ 2018-ին երրորդ անգամ արձակուրդ էր մեկնել

Մարտի 7-ին՝ վարչապետ Կարեն Կարապետյանին Գորիսից Արցախ ճանապարհելուց հետո, Վահե Հակոբյանը նորից անհայտացել է:

Եթե ամսի 8-11-ը ոչ աշխատանքային օրեր էին, ապա մարտի 12-17-ը՝ ընդհակառակը, իսկ մարզպետը չկար ու չկար…

Վահե Հակոբյանի սիստեմատիկ գործալքությունն ու դասալքությունը, որ սկիզբ են առել նրա նշանակման ժամանակվանից ու շարունակվում են մինչեւ հիմա, սյունիքյան հանրության մտահոգություններից է: Այդ առիթով ժամանակին հարցում ենք արել նաեւ ՀՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարարին՝ ակնկալելով պարզաբանում, բայց պատասխան չենք ստացել:

Պատասխանի բացակայությունը, մինչդեռ, մեզանում արդարացիորեն ընկալվել է իբրեւ Դավիթ Լոքյանի առավել քան հստակ «պատասխան»:

Դատելով նախարարի «պատասխանից»՝ մարզպետի ներկայությունը կամ բացակայությունն անկարեւոր հանգամանք են եւ Սյունիքի ընթացքին ո՛չ նպաստում են, ո՛չ էլ՝ խոչընդոտում:

Ասել է թե՝ Դավիթ Լոքյանն իր «պատասխանով» կասկածի տակ է առել մարզպետի ինստիտուտի կարեւորությունը, մարզպետարանի նշանակությունը:

Մյուս կողմից՝ դատելով նախարարի «պատասխանից»՝ տարածքային կառավարման ոլորտում մեր նպատակն ամենեւին էլ քաոսի ու տարերայնության սանձահարումը չէ. մարզպետ է՝ ուզում է գալ աշխատանքի՝ թող գա, չի ուզում՝ թող չգա: Ավելին, աշխատանքի կարող են գալ-չգալ նաեւ այն անձինք, որոնց Վահե Հակոբյանը Երեւանից բերել ու մարզում պաշտոններ է նվիրել:

Կարելի է ենթադրել նաեւ, որ պարոն Լոքյանն իր յուրահատուկ «պատասխանով» խոստովանում է՝ ինքը Սյունիքի մարզպետի վրա ազդեցության իրական լծակներ չունի, թեեւ նախարար է, այն էլ՝ տարածքային կառավարման ու զարգացման: 

Սյունիքում, սակայն, խնդրո առարկային մի փոքր այլ կերպ են մոտենում:

Մարզպետի սիստեմատիկ փախուստն իր ղեկավարությանը հանձնված մարզից եւ ինքնամեկուսացումն իր պաշտոնեական պարտականությունների կատարումից՝ ողջամիտ երկյուղածություն է առաջացնում մեր պետական կարգի լրջության եւ ամրության հանդեպ:

Ավելի ստույգ՝ Վահե Հակոբյանի պարբերական գործալքությամբ մեր պետական կարգի բարոյականությունը չափելու-կշռելու, նաեւ կասկածի տակ առնելու խնդրի առջեւ ենք կանգնել, քանզի տարածքային կառավարումը (առնվազն վերջին մեկուկես տարում) իր տկարությունն ու հիվանդությունն է անընդհատ ցուցանում Վահե մարզպետ երեւույթով:

Վահեհակոբյանականությունը, ի վերջո, մի տեսակ աղանդավորություն է դարձել պետական կառավարման մերօրյա համակարգում:

Ու այդ ամենից հետո ձեւացնե՞նք, թե արտառոց ոչինչ տեղի չի ունենում Սյունիքում, թե ամեն ինչ կարգին է մարզում, թե օրինաչափ է մարզի թիվ մեկ պետական պաշտոնյայի՝ աշխատանքից պարբերաբար փախչելը…

Երեւանում միգուցե եւ հանդուրժեն այդ ամենը. մայրաքաղաքից մեր եզերքի իրականությունը տեսնելու համար առնվազն անձնական շահից հրաժարվել է պետք, անձնականը պետականին ստորադասել է պետք, իսկ ունե՞նք այնտեղ նման քաջությամբ ու կարողությամբ օժտված պետական այրեր: Ընդհակառակը՝ մեր պահվածքով նույնիսկ կարող ենք զայրացնել նրանց, անհնազանդ ամբոխի մաս կարող են անգամ մեզ համարել, բայց…

Իրականում գործ ունենք Սյունիքի մարզպետի այլասերման ստույգ փաստի հետ. մարդն առնվազն ամիսը մեկ արձակուրդ է մեկնում, մարդն օրերով փախչում է աշխատանքից՝ միաժամանակ օգտվելով մարզպետի իրավունքներից, պետական լիազորություններից, գրված-չգրված արտոնություններից: Եվ ազնվական-պետական վարքի ու գործի փայլից զուրկ մեր բարձրաստիճաններն այդ ամենից հետո նույնիսկ Սյունիքի մասին, մարզի կադրերի եւ առհասարակ սյունեցիների մասին պատկերացում են կազմում ու իրավիճակը գնահատում այդ թերատ գոյության երեւակայության չափորոշիչներով:

Չենք էլ ակնկալում, որ որեւէ մեկը Հայաստանում կկարողանա կամ կուզենա ջնջել գործալիքի ու անբանի խարանը մարզպետի ճակատից՝ դաջված մեր լեռնաշխարհի մարդկանց մաքրամաքուր ձեռքերով:

Չենք էլ կարծում, որ ապաշխարության կգնա այդ պարոնը, քանզի իր կոչման մեջ է, իր բնածին դերի մեջ:

Չենք էլ հավատում, որ, օրինակ, Կարեն Կարապետյանն ու Դավիթ Լոքյանը փոքր-ինչ ցավ կապրեն իրենց պես մեկի կողմից Սյունիքը հետեւողական ապականելու համար:

Մենք էլ, անկեղծորեն, ոչինչ անել չենք կարող ստեղծված վիճակում՝ մեր ահազանգումներից ու արձագանքներից բացի:

Պարզապես հազարավոր սյունեցիներով իբրեւ անձնական վիրավորանք ենք ընդունում Վահե Հակոբյան սեւ խոռոչի ամոթալի գոյությունը մեր երկրամասում, որն ամեն օր, առանց չափազանցության, իր մեջ է կլանում ինչ-որ մաս մեր բարոյականությունից, մեր պատմությունից, մարդկային մեր նկարագրից, մեր հավատից, ազգային ու քրիստոնեական մեր արժեհամակարգից, պետության եւ պետականության հանդեպ՝ մոր կաթի հետ մեզ փոխանցված պատկառանքից: 

Մինչեւ լույսը կբացվի: Իսկ լույսն անպայման բացվելու է…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: