06/05/2020

Բեմահարթակում կապանցի ստեղծագործողներն էին

Բեմահարթակում կապանցի ստեղծագործողներն էին

Կանանց միամսյակի շրջանակում Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում մարտի 20-ին տեղի ունեցավ «Մեր տունը, մեր հունը…» խորագրով երեկո: Միջոցառման  նախաձեռնող՝ Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի բաժնի առաջատար մասնագետ Նարա Մելքումյանը հենց սկզբում տեղեկացրեց, որ այն գնահատանքի երեկո է՝ հիշելու եւ արժեւորելու կապանցի ստեղծագործողներին: Երեկոն բացվեց քաղաքի օրհներգով (հեղինակ՝ Գառնիկ Խաչատրյան): Բեմահարթակից հնչեցին Գագիկ Դավթյանի եւ Վաչե Եփրեմյանի բանաստեղծությունները (ասմունքողներ՝ Էդիտա Դավթյան, Նորիկ Սահակյան, Նարեկ Գաբրիելյան): Էկրանին սահում էին Ավագ Եփրեմյանի բանաստեղծությունների տողերը: Բեմահարթակից հնչող երաժշտական ստեղծագործությունների եւ կատարումների հեղինակները կապանցի էին:Կապանի արվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսի սովորող Մհեր Ամիրջանյանը N1 երաժշտական դպրոցի դհոլահարների անսամբլի նվագակցությամբ շվիով հնչեցրեց Գառնիկ Խաչատրյանի «Պար» ստեղծագործությունը: Կապանի N2 երաժշտական դպրոցի նվագախումբը (ղեկավար Արթուր Մովսիսյան) կատարեց Սասուն Առաքելյանի «Ալպիական իմ կակաչ» ստեղծագործությունը:

Կապանի N3 երաժշտական դպրոցի սան Լիանա Հարությունյանը սահմանափակ կարողություններ ունի, ի ծնե բացակայում է լսողությունը, խոսքի խանգարումներ ունի: Չնայած այս ամենին՝ աղջնակը սովորել է ջութակ նվագել: Ջութակի իր դասատու Լիաննա Սողոմոնյանի հետ կատարեց կապանցի կոմպոզիտոր Վահան Մանուկյանի «Գետակը» ստեղծագործությունը: Ստեղծագործող Շուշանիկ Գեւորգյանի գործը հնչեցրին Մելինե Խաչատրյանը, Լիաննա Սողոմոնյանը եւ հեղինակը: Շուշանիկի եւ N3 երաժշտական դպրոցի դասատու Էդգար Ստեփանյանի կատարմամբ հնչեց նրա «Տանգո» ստեղծագործությունը: Սերժ Բադալյանի «Հայուհի գեղեցիկ» երգը կատարեց Գաբրիելը: Իսկ Գագիկ Գրիգորյանը եւ Արթուր Դավթյանը հանդես եկան սեփական երգերի կատարմամբ: 

Դահլիճի ճեմասրահում ներկայացված էին Կապանի արվեստի, Կապանի արվեստի մանկական դպրոցի սաների գեղանկարչական աշխատանքները: Կապանի արվեստի պետական քոլեջի 14 սովորող ցուցադրանքին ներկայացել էր 21 աշխատանքով՝ գոբելեն, կոմպոզիցիա, գունանկար:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: