06/05/2020

Ստորագրված համաձայնագրով՝ իտալական ընկերությունն ուսումնասիրություն կիրականացնի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

Ստորագրված համաձայնագրով՝ իտալական ընկերությունն ուսումնասիրություն կիրականացնի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածում

Իտալական «Անաս» միջազգային խմբի մեջ ընդգրկված «Anas International» ընկերությունն ուսումնասիրություններ կիրականացնի` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ 4-ի Սիսիան-Քաջարան հատվածը պետություն-մասնավոր հատված ձեւաչափով կառուցման եւ շահագործման նպատակահարմարության գնահատման նպատակով:  

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նախարարության եւ ընկերության ներկայացուցիչները մարտի 14-ին ստորագրեցին շրջանակային համաձայնագիր, որում ամրագրված են իրականացվելիք ուսումնասիրությունների շրջանակը եւ ժամանակացույցը: 

Հայկական կողմից այն վավերացրեց «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Վարդան Կարապետյանը, իտալական կողմից՝ «Անաս Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն Բերնարդո Մագրին։

Համաձայնագրի ստորագրումը տեղի ունեցավ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի եւ «Անաս» խմբի տնօրեն Ջիանի Վիտորիո Արմանիի ներկայությամբ։

Ողջունելով իտալական շինարարական կազմակերպության հետաքրքրությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի առնչությամբ՝ նախարարը կարեւորեց Հայաստանի համար ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի կառուցումը, ընդգծեց ուսումնասիրությունները բարձր որակով իրականացնելու անհրաժեշտությունը։

Ջիանի Վիտորիո Արմանին ներկայացրեց ընկերության գործունեությունը, նշեց, որ ընկերությունը «smart» տեխնոլոգիաներով ճանապարհների կառուցման առաջատարն է Իտալիայում, ուր տնօրինում է ավելի քան 30 հազար կմ ճանապարհներ: Ընկերության գործունեությունը չի սահմանափակվում Իտալիայով. այն ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացրել տարբեր երկրներում: Նա առանձնակի կարեւորեց ընկերության փորձառությունը ճանապարհաշինության ոլորտում, այդ թվում` թունելների եւ կամուրջների շինարարության գործում։ Ջիանի Վիտորիո Արմանին ընդգծեց, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհը ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի համար ունի ռազմավարական կարեւոր նշանակություն: 

Նախարար Վահան Մարտիրոսյանը, կարեւորելով ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը ճանապարհաշինության ոլորտում, վստահություն հայտնեց, որ ուսումնասիրությունների արդյունքում ձեւավորվելիք առաջարկում տեղ կգտնի միջազգային լավագույն փորձի կիրառումը: 

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական

տեխնոլոգիաների նախարարության

լրատվական ծառայություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: