06/02/2020

Դատական հայց ընդդեմ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման ծրագրի

Դատական հայց ընդդեմ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման ծրագրի

 Մարտի 19-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման ծրագրի գործով նախնական դատական նիստը: Հայցվոր «Էկոիրավունք» ՀԿ-ն դատարանից պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել 2016թ. դեկտեմբերի 16-ին ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Քաջարանի ընդլայնման ծրագրին տրված եզրակացության ՀՀ բնապահպանության նախարարի կողմից հաստատումը, ինչպես նաեւ անվավեր ճանաչել ընդերքի տեղամասի ընդլայնման եւ թույլատվության ժամկետի երկարացման վերաբերյալ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանը:

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն թույլտվություն է ստացել Քաջարանի հանքավայրի արդյունահանման ծավալները 12.5 միլիոն տոննայից մինչեւ 22 միլիոն տոննա հասցնել:

Դատական նիստին հայցվոր կողմից ներկայացել էին «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը եւ փաստաբան Հայկ Ալումյանը: Պատասխանող կողմից` ՀՀ բնապահպանության եւ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունների ներկայացուցիչները: Դատական նիստը նախագահում էր դատավոր Արգիշտի Ղազարյանը:

Նիստի սկզբին հայցվոր կողմը միջնորդություն ներկայացրեց, որպեսզի դատավորը թույլատրի լրագրողներին տեսագրել դատական նիստը: Պատասխանող կողմերը չառարկեցին, սակայն դատավորն արգելեց լրագրողներին տեսագրություն անել` պատճառաբանելով, որ «վարման մասով դա կկաշկանդի»: Երկրորդ միջնորդությունից հետո դատավորը թույլ տվեց լրագրողներին միայն ձայնագրություն իրականացնել: 

Արգիշտի Ղազարյան

Ծանոթանալով հայցի հիմքերին` դատարանը  որոշեց ներգրավվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին որպես երրորդ կողմ: Դատական նիստը հետաձգվեց:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Հայկ Ալումյանն ասաց, որ հայցի հիմքն ամբողջությամբ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Արծվանիկի պոչամբարին: Ըստ նրա` բնապահպանական փորձաքննության ընթացքում բաց է թողնվել կարեւորագույն հարցերից մեկը` որտեղ են պահվելու արդյունահանված հանքաքարի պոչերը արտադրողականության ծավալի մեծացման ժամանակաշրջանում:

«Ակնհայտ է, որ Արծվանիկի պոչամբարի ծավալները բավարար չեն: Եզրակացության մեջ էլ ընդունել են, որ այդ հարցը գոյություն ունի, բայց դրա լուծումը թողել են ապագայի վրա», - ասաց Հայկ Ալումյանը:

Բնապահպանական եզրակացության մեջ այս հարցին անդրադարձ կա փորձաքննական պահանջներում, որտեղ նշված է. «Մինչեւ պոչամբարի եւ լցակույտային տնտեսության գործածության ժամկետի ավարտն անհրաժեշտ է ՀՀ բնապահպանության նախարարություն` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել պոչերի, լցակույտերի հարցի լուծման ընտրված տարբերակը, դրա ընտրման հիմնավորումը, գումարային ազդեցությունները, ինչպես նաեւ պոչամբարի կոնսերվացման եւ խախտված ամբողջ տարածքների վերականգնման համապատասխան նախագծային փաստաթղթերը եւ ՇՄԱԳ հաշվետվությունը»: 

Հայկ Ալումյանի կարծիքով` պոչերի տեղակայման հարցի լուծումը պետք է տրվեր հենց նախագծում, իսկ լուծման բացակայությունը հիմք հանդիսանար այդ նախագիծը չհաստատելու համար:

«Առաջին անգամ մենք դրել ենք մի պահանջ, որը մինչ այս չի եղել: Թեղուտի հանքի դեպքում մենք պահանջում էինք անվավեր ճանաչել բնապահպանական փորձաքննական եզրակացությունը: Գործը քննվեց, եզրակացությունը վիճարկելու իրավունքը ոչ ոք կասկածի տակ չդրեց: Հետո մենք Ամուլսարի հանքի գործով պահանջեցինք անվավեր ճանաչել բնապահպանական եզրակացությունը: Դատարանն ասաց, որ այն ընդհանրապես չի կարող վիճարկվել, որովհետեւ վարչական ակտ չէ, ընդամենը փորձագետի եզրակացություն է: Այս դեպքում մենք կիրառեցինք այլ մեթոդ. մենք ոչ թե եզրակացությունը վիճարկեցինք, այլ եզրակացությունը հաստատելու վերաբերյալ նախարարի գործողությունը ճանաչել ոչ իրավաչափ», - մեկնաբանեց Հայկ Ալումյանը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին տրվել է 25 տարով թույլտվություն արդյունահանել 22 միլիոն տոննա/տարեկան հանքաքար: Արծվանիկի պոչամբարն այդ քանակությամբ թափոն չի կարող տեղակայել, իրենք էլ են ասում, որ պոչամբարը կբավարարի 12 տարվա համար: Բայց թույլտվությունը տրվել է 25 տարվա համար, իսկ ՇՄԱԳ օրենքը պահանջում է, որպեսզի գնահատվի գումարային ազդեցությունն ամբողջ ժամանակահատվածի համար: Նախարարն իրավունք չուներ հաստատել այդ եզրակացությունը, որովհետեւ այն տրվել է օրենքի խախտումով», - ասաց «Էկոիրավունք» ՀԿ-ի նախագահ Արթուր Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ Արծվանիկի պոչամբարի ընդլայնման համար 2015թ. բացառիկ գերակա շահ ճանաչվեցին Սյունիքի մարզի Արծվանիկ, Սեւաքար, Աճանան, Չափնի եւ Սյունիք գյուղերի 491.8093 հեկտար հողերի նկատմամբ:

Նշենք, որ «Թաթսթոուն» ՍՊԸ-ի Լիճքի պղնձի հանքավայրի շահագործման նախագծով նախատեսվում է Լիճքի հանքավայրի արդյունահանած հանքաքարը եւս տեղափոխել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի հարստացուցիչ ֆաբրիկա: Սա նշանակում է, որ այս հանքավայրի արդյունաբերական պոչերն էլ են լցվելու Արծվանիկի պոչամբար:

ecolur.org

20 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: