06/02/2020

Շնորհալի շվիահարի մենահամերգը

Շնորհալի շվիահարի մենահամերգը

Կապանի մշակույթի պալատի փոքր դահլիճի բեմահարթակը մարտի 21-ին տրամադրվել էր Կապանի արվեստի պետական քոլեջի երկրորդ կուրսի ուսանող, միջազգային մրցույթի դափնեկիր Մհեր Ամիրջանյանին, ով հանդես եկավ մենահամերգով: 

Դեռեւս հայրենի Դավիթբեկ գյուղում սովորելիս նրան հրապուրել են շվիի քաղցրալուր մեղեդիները, որ հնչեցնում էր համագյուղացի Ռոբերտ Միրզոյանը, ով հետագայում դարձավ նրա առաջին ուսուցիչը: Իսկ հետագայում հրապուրանքը դարձավ լուրջ ձգտում. դարձավ Արամ Խաչատրյանի անվան N1 երաժշտական դպրոցի ժողովրդական նվագարանների շվիի բաժնի սան: Դպրոցում սովորելիս հաջողությունն արդեն ուղեկցում էր նրան: «Վերածնունդ» միջազգային փառատոնին էր մասնակցում եւ պարգեւներով վերադառնում հայրենի քաղաք: 2015-ին Սյունիքի մարզի երաժշտական եւ արվեստի դպրոցի սաների մրցույթում արժանացել է առաջին կարգի դիպլոմի: Երաժշտական դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Կապանի արվեստի պետական քոլեջ, դարձյալ ժողնվագարանների բաժինը (դասախոս՝ Վաչիկ Համբարձումյան): 

Ամենալուրջ հաջողությանը հասել է 2017-ին՝ Գյումրիում կայացած «Վերածնունդ» մրցույթ-փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման՝ երկրորդ կարգ:

Մենահամերգի երկացանկը բավականին ընդգրկուն էր. երաժիշտը հնչեցրեց Խաչատուր Ավետիսյանի «Զարթոնք», «Կոնցերտ», Արամ Խաչատրյանի «Օրոր», «Լեզգինկա», Գրիգոր Պահլավունու «Ով զարմանալի» տաղը, Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» եւ այլ ժողովրդական ու դասական ստեղծագործություններ (նվագակցում էին Լիաննա Ստեփանյանը եւ Սպարտակ Նուրիջանյանը):

Շվիահարը հնչեցրեց նաեւ Կապանի մշակութային կյանքի երախտավորներից մեկի՝ Նորա Դավթյանի «Լիրիկականը»: Արժանին մատուցվեց հանրապետությունում ճանաչված երաժիշտ ու երգահան Գառնիկ Խաչատրյանին, ում բարերար ազդեցությունը կա ու կլինի ժողովրդական նվագարաններ հնչեցնողների վրա, այդ թվում՝ Մհեր Ամիրջանյանի: Որպես երախտիքի տուրք ճանաչված մանկավարժի ու երաժշտի հիշատակին՝ Մհեր Ամիջանյանը հնչեցրեց Գառնիկ Խաչատրյանի «Հայկական պարը»: Շվիահարն իր մենահամերգով իսկական տոն պարգեւեց կապանցի երաժշտասերներին:

Համերգի ավարտին Վաչիկ Համբարձումյանն իր սանին բնութագրեց որպես հեռանկար ունեցող երաժիշտ եւ համեստ ու կիրթ երիտասարդ: Մհեր Ամիրջանյանին բարին մաղթեցին Դավիթբեկի դպրոցում նրա դասղեկ Լարիսա Ալեքսանյանը եւ մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը՝ համոզմունք հայտնելով, որ հաջողությունները հաճախակի են «այցելելու» շնորհալի երաժշտին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: