06/05/2020

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ծաղկազարդի տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց Ծաղկազարդը, որը խորհրդանշում է մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի՝ մարդեղացյալ Աստվածորդու՝ Երուսաղեմ հաղթական մուտքը:

Հոգենորոգ օրվա կապակցությամբ Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հյաոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ եւ Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: 

Ս.Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն իր քարոզում անդրադարձավ օրվա խորհրդին՝ ի մասնավորի նշելով. «…Այսօր, շուրջ երկու հազար տարիներ հետո մենք հավաքվել ենք այս սուրբ եկեղեցում՝ տոնախմբելու մեր Տեր  Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: …Շատերի համար այդ օրերին Հիսուս եկել էր ֆիզիկական փրկություն պարգեւելու, իսկ շատերի համար Քրիստոս եկել էր հոգու փրկություն պարգեւելու, մի ստվար, հոծ բազմության համար Նա թագավոր էր, ոմանց համար` թագավոր երկրի վրա, իսկ ոմանց համար՝ թագավոր երկնքում: «Ո՞վ է Նա»,-հարցնում էին բոլորը: Պատասխանն այստեղ էր՝ Նա Հիսուս Քրիստոսն էր, որին հավատացին շատերը, իսկ այսօր արդեն՝ միլիարդավորներ: Հիսուս Քրիստոսն էր, որ Իր կյանքը տվեց Իր  արարածների համար, որպեսզի ապրեն նրանք եւ առավել կյանք ունենան: 

…Սիրելիներ, հավատքը դեպի Նա, ով Իր կյանքը չխնայեց յուրաքանչյուրիս համար, տարածվեց եւ հասավ մինչեւ մեր օրերը: Եվ մենք այստեղ՝ այս սուրբ կամարների ներքո, այսօր տեսնում ենք, թե ինչպե՛ս  մանուկներ, արք եւ կանայք, ցնծում են, որովհետեւ այսօր մենք տոնախմբում ենք ծաղկազարդը, եկել ենք ծաղկազարդվելու այս տոնի խորհրդով, եկել ենք միանալու մեր Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին` Նրա մարմինն ու արյունը ճաշակելով»:

Սրբազանն իր խոսքում ողջունեց Ծաղկազարդի առիթով Մայր Տաճարի Ս.Խորանին սպասավորող մանուկներին, ովքեր վաղ առավոտյան ժամանել էին Ս.Էջմիածին Տավուշի թեմի սահմանամերձ քաղաքներից եւ գյուղերից` մասնակցելու Ս.Պատարագին եւ ստանալու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը: Սրբազանը հորդորեց Ս.Պատարագի մասնակիցներին՝ ըստ տերունավանդ պատվիրանի նմանվել այդ մանուկներին իրենց մաքրության, անմեղության ու պարզության մեջ, ունենալ շիտակ եւ մաքուր հոգի եւ պատրաստ լինել օգնելու եւ կարեկից լինելու միմյանց:

Ս.Պատարագի ավարտին տաճարում գտնվող բոլոր մանուկները հրավիրվեցին ատյան եւ, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց մանուկների օրհնության հատուկ կարգ: Նորին Սրբությունը հայրապետական իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցեց ներկա մանուկներին՝ աղոթելով նրանց անհոգ մանկության եւ երջանիկ ու աստվածօրհնյալ կյանքի համար:

ter-hambardzum.net

25 մարտի 2018թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: