06/05/2020

Մեկուկես ժամ Բախի հետ

Մեկուկես ժամ Բախի հետ

Կապանի արվեստի պետական քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանի նախաձեռնած երեկոներից «Գարուն» շարքի անդրանիկ համերգը նվիրված էր Յոհան Սեբաստիան Բախին: «Բախ» թարգմանաբար նշանակում է «առվակ», ուստի ինչպես գարունն է կյանք ու շունչ տալիս բնությանն ու ողջ աշխարհին, այնպես էլ առուն է կյանք ու սկիզբ տալիս գետերին, ծովերին ու օվկիանոսներին, Բախի ստեղծագործական ժառանգությունն էլ ինքնին մի զմայլելի աշխարհ է՝ լի կյանքով ու արարումով, լի պայքարով ու հավատով, լի գարնանային զարթոնքով: 

1685 թվականի մարտի 31-ին գերմանական Այզենախ քաղաքում լույս աշխարհ եկավ մի մանուկ, ում անունը ոսկե տառերով պիտի գրվեր երաժշտական մշակույթի պատմության մեջ: Համաշխարհային երաժշտական արվեստի մյուս հանճարը՝ Բեթհովենը, դիպուկ է բնութագրել Բախի երաժշտական ժառանգությունը՝ գրելով. «Ոչ թե առվակ, այլ Ծով պիտի լիներ նրա անունը»: «Ողջ երկրայինն աստվածացրել է եւ աստվածայինը մարդկայնացրել»,- այսպես է Բախի մասին արտահայտվել իսպանացի թավջութակահար Պաբլո Կազալսը:

Համերգը տեղի ունեցավ մարտի 30-ին Կապանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում եւ հնարավորություն ընձեռնեց հանդիսականին վայելելու մեծանուն կոմպոզիտորի արվեստի պատճառած հաճույքը: Համերգային ծրագիրը սկսվեց մի մինոր «Տոկկատով», որ հնչեցրեց արվեստի քոլեջի դասախոս Լիաննա Ստեփանյանը: Արվեստի քոլեջի փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանը թավջութակով հանդիսականին մատուցեց կոմպոզիտորի երկու ստեղծագործություն՝ «Ադաջիոն» եւ «Արիոզոն»: Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ, շվիահար Վիգեն Հովհաննիսյանը կատարեց  «Մենուետ» եւ «Սկերցո» սի մինոր սյուիտից: Իսկ քոլեջի դասախոս, շեփորահար Սամվել Հայրապետյանը՝ «Պրելյուդ» թիվ 3 սոլ մինոր ստեղծագործությունը:

Համերգին մասնակցում էին ՀՀ ֆիլհարմոնիկ նվագախմբի ջութակահարներ Լիլիթ Անտոնյանը (կատարեց «Գրավե» թիվ 2 լյա մինոր մենանվագ սոնատից) եւ Վահե Փարսադանյանը («Պրելյուդ» թիվ 3 սոլ մինոր): Մեծանուն կոմպոզիտորին նվիրված համերգային ծրագիրը եզրափակվեց այս երկու ջութակահարների զուգանվագով՝ կոնցերտ  երկու ջութակի համար ռե մինոր ստեղծագործությամբ, որ ջերմությամբ ընդունեց հանդիսականը: 

Երաժշտական կատարումների արանքում համերգավարը՝ երաժշտության տեսաբան Շուշան Գրիգորյանը, կենսագրական տվյալներ եւ հետաքրքրական դրվագներ ներկայացրեց Բախի կյանքից եւ գործունեությունից: 

Վերջում մի փոքր շեղում կատարվեց օրվա թեմայից: Աշոտ Խաչատրյանը շնորհավորեց համերգին ներկա գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին կանանց միամսյակի առիթով, եւ հնչեց Կառլոս Գարդելի  «Կնոջ բույրը» ստեղծագործությունը (Վահե Փարսադանյան, Լիլիթ Անտոնյան (ջութակ), Աշոտ Խաչատրյան (թավջութակ), նվագակցող՝ Լիաննա Ստեփանյան): Նաեւ երախտագիտություն հայտնվեց համերգի մասնակից կատարողներին՝ (երաժիշտներ եւ նվագակցողներ)՝ հանդիսականին հրաշալի երեկո պարգեւելու համար, ինչպես նաեւ համերգի հովանավորներին եւ Ա.Խաչատրյանի անվան դպրոցի տնօրեն Լ.Վարդանյանին ու կրթօջախի աշխատակազմին՝ աջակցության համար: Ա.Խաչատրյանի անվան դպրոցի դասատու Ալլա Խաչատրյանը շնորհակալական խոսք ուղղեց արվեստի քոլեջի տնօրեն Վարդան Քոչարյանին եւ փոխտնօրեն Աշոտ Խաչատրյանին՝ համագործակցության համար: 

- Տնտեսությունը, գիտությունը, մշակույթը կենտրոնացած են մայրաքաղաքում, մարզերը հանիրավի դուրս են մնացել տեսադաշտից, ուստի խրախուսելի է նման միջոցառումների անցկացումը Երեւանից դուրս: Սիրով ընդունեցի Աշոտ Խաչատրյանի առաջարկը մասնակցելու Կապանում այս միջոցառմանը, մանավանդ այստեղ առաջին անգամ եմ լինում: Երեկոն բարձր մակարդակով էր կազմակերպված, իսկ հանդիսականի վերաբերմունքը շատ ջերմ էր ու անմիջական, ինչը շատ կարեւոր է երաժիշտ կատարողի համար, - համերգի ավարտին «Սյունյաց երկրին» իր տպավորությունները ներկայացրեց ջութակահարուհի Լիլիթ Անտոնյանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ  

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: