06/05/2020

Կենաց-ռոնդո՝ իր մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունը խլացնելու համար

Կենաց-ռոնդո՝ իր մոտալուտ պաշտոնանկության մասին խոսակցությունը խլացնելու համար

Մարտի 27-ին Կապանում տեղի ունեցավ հանդիսույթ՝ կանանց միամսյակին նվիրված, որ նախաձեռնել էր մարզպետը:

Սովորական այդ միջոցառումը միգուցե եւ ուշադրությունից դուրս մնար, եթե որոշ հետաքրքիր դրվագներ տեղ չգտնեին երեկոյի ընթացքում:

Իմիջիայլոց, Վահե Հակոբյանին առնչվող մերժելի ու պարսավելի տեղեկությունները չէ միայն, որ մեզ հաղորդում են: Նաեւ դրվատելի պատումներ են փոխանցում, որոնք ողջունում ենք մենք եւս:

Պատմում են, օրինակ, որ հանդիսույթի ընթացքում արեւելյան ոճի մի քսու, վերջին երկու տասնամյակում մարզպետների թշերը համբուրելու ազգային գործում մասնագիտացած, մոտեցել է Վահե Հակոբյանին եւ համբուրել նրան՝ ակնկալելով, որ իրեն նույն սեղանի շուրջ նստելու հնարավորություն կտան: Սակայն մատուցողը մոտեցել է նրան եւ առաջարկել տեղավորվել անկյունային սեղաներից մեկի շուրջ՝ մարզպետից հնարավորինս հեռու:

Հանդիսույթի մի ուրիշ դրվագ եւս արժանացել է ուշադրության: Խոսքը մարզպետարանի կրթության վարչության պետի մասին է: 

Նա, ինքն իրեն մոռացած, պարային բավականին հաջող սեանս ցուցադրեց «Կայֆուեմ» հայրենասիրական երգի սրտակեղեք մեղեդու հնչյունների ներքո՝ դրանով իսկ ներկաներին հավաստելով, որ մարզի երեխաների կրթության եւ դաստիարակության գործն իսկապես հուսալի ձեռքերում է, որ ինքն արժանիորեն է վաստակել դպրոցի լավագույն տնօրենի կոչումն ամբողջ հանրապետությունում:

Սակայն միջոցառման առանցքը Վահե Հակոբյանի երեք կենացներն էին, ինչի համար, ըստ էության, ժանտախտի այս ժամին կազմակերպել էր խրախճանքը:

Իր ասելիքը բոլորին եւ յուրաքանչյուրին հասցնելու նպատակով կենացների համար նա ընտրել էր ռոնդոյի ժանրը (խոսք միջնադարյան Ֆրանսիայի պոեզիայում, որի գլխավոր տողը մի քանի անգամ կրկնվում է):

Իսկ գլխավոր տողը հետեւյալն էր՝ «Ես չեմ պատրաստվում հեռանալ մարզպետի պաշտոնից, ես մնալու եմ, ես չեմ գնալու…»:

Ականատեսները, սակայն, մարզպետի խոսքի մեջ ակնհայտ անհաստատություն էին տեսնում, որովհետեւ, ըստ նրանց, մնացողը մնում է եւ գործում ի նպաստ Սյունիքի, այլ ոչ թե երկու շաբաթը մեկ գալիս է մարզ ու հայհայ անում: Եվ հետո՝ մնացողը գոնե պիտի կարողանար իրենից մի փոքր հեռացնել շփոթվածությունն ու օտարականի կարգավիճակը:

Հանդիսույթի այլ մասնակիցների կարծիքով՝ Վահե Հակոբյանի կենացները ոչ միայն ներքին լսարանի համար էին, այլ նախեւառաջ հանրապետության ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար, որի աթոռը զբաղեցնելու մասին վերջին ամիսներին քանիցս երազ էր տեսել ու պատմել իր սպասավորներին:

Եվ հատկապես վերջին հանգամանքի համար պատրաստ էր նույնիսկ չորրորդ անգամ այդ կենացը բարձրացնել, եթե չլիներ Միլենա խաթունի չափավորող ներկայությունը եւ գեղանի հայացքը:

Ահա այսպիսի մանրուքներ, որոնք Սյունիքում ամենեւին էլ առտնին զրույցներ չեն սոսկ…

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: