06/02/2020

Առաջնությունն ավարտվեց, բայց ֆուտբոլը միշտ մեզ հետ է

   Առաջնությունն ավարտվեց, բայց ֆուտբոլը միշտ մեզ հետ է

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության ավարտական տուրում մայիսի 20-ին «Գանձասար-Կապանը» պարտվեց Երեւանի «Ալաշկերտին» 0:2 հաշվով: Մայիսի 16-ին անցկացված գավաթի եզրափակիչն ահագին ուժեր էր խլել կապանյան թիմից, որը չկարողացավ առաջնության վերջին խաղը տպավորիչ անցկացնել: Իսկ Երեւանի «Բանանցը», հաղթելով Երեւանի «Արարատին», կարողացավ շրջանցել «Գանձասար-Կապանին» եւ գրավել երկրորդ տեղը: Նաեւ «Գանձասար-Կապանից» «պոկեց» փոխչեմպիոնի տիտղոսը: 

Ավարտված առաջնությունում կապանյան թիմը 30 խաղում 11 հաղթանակ տոնեց, 10 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, կրեց ինը պարտություն: Հակառակորդ թիմերի դարպասն անցկացրեց 43 գնդակ` սեփականն ընդունելով  34-ը: Առաջնության ինը լավագույն ռմբարկուից 3-ը կապանյան թիմից են, ընդ որում՝ նախավերջին տուրից հետո մեր թիմի հարձակվող Գեղամ Հարությունյանն ու ալաշկերտցի Արտակ Եդիգարյանը 12-ական գոլ էին հեղինակել եւ միայն վերջին տուրում Եդիգարյանը գրավելով հակառակորդի՝ այս դեպքում մեր թիմի դարպասը, հռչակվեց առաջնության լավագույն ռմբարկու: 

«Նոր փոփոխություններ կլինե՞ն թիմում նոր մրցաշրջանում», - վերջին համդիպումից հետո «Գանձասար-Կապան» գլխավոր մարզիչ Աշոտ Բարսեղյանին դիմեց «Ֆուտբոլ-պլյուս» թերթի թղթակիցը:

- Իհարկե, շատ փոփոխություններ պետք է լինեն: Այլ կերպ չի կարող լինել: Մենք խաղային շատ օղակներ ունենք, որոնք պիտի ուժեղացնենք: Եղած կադրերով չենք կարող լուծել մեր առջեւ դրված առաջադրանքը:

Շնորհավորում ենք «Գանձասար-Կապանին» գավաթակիր եւ երրորդ մրցանակակիր դառնալու կապակցությամբ եւ հաջողություն մաղթում եվրոպական մրցասպարեզում՝ Եվրալիգիայի գավաթի խաղարկությունում:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի 28-րդ առաջնությունն անցավ պատմության գիրկը: Աշնանը կմեկնարկի բարձրագույն խմբի նոր առաջնությունը, բայց մինչ այդ կաշվե գնդակի երկրպագուներն առանց ֆուտբոլի չեն մնա: 

Հունիսի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում մեկնարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը կավարտվի հուլիսի 15-ին, ասել է թե մեկ ամիս շարունակ ֆուտբոլասերներն ականատես կլինեն աշխարհի լավագույն ֆուտբոլային հավաքականների մենամարտերին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: