07/02/2020

Ինչո՞ւ է դեկտեմբերին հանդիսավոր բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտին այժմ փակ. պարզաբանում են տնօրենը եւ փորձագետը

Ինչո՞ւ է դեկտեմբերին հանդիսավոր բացված Մեղրիի ազատ տնտեսական գոտին այժմ փակ. պարզաբանում են տնօրենը եւ փորձագետը

Դեռեւս նախորդ տարվա դեկտեմբերին Մեղրիում հանդիսավոր բացված «Ազատ տնտեսական գոտին» չի աշխատում՝ դռները փակ են, գոտում եղած վարչական շենքում աշխատակիցներ չկան: Այս մասին Tert.am-ը տեղեկացել է Մեղրիում՝ այցելելով ազատ տնտեսական գոտու տարածք եւ փշալարերի հետևից լուսանկարել այն:

Մեղրու «Ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ի տնօրեն Աշոտ Զարբաբյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց Ազատ տնտեսական գոտու՝ մինչ հիմա փակ լինելու պատճառը:

Նրա խոսքով՝ այստեղ հիմա կառուցված է միայն ադմինիստրատիվ աշխատանքների կատարման համար նախատեսված շենքը: Դրա կառուցումը նախատեսված էր ազատ տնտեսական գոտու կառուցապատման առաջին փուլով: Հիմա, ըստ նրա, աշխատանքներ են տարվում, որ մնացած փուլերի կատարումն էլ վերջնական տեսքի բերվի, այդուհետ գոտին կբացվի, կաշխատեն: «2018 թվականին այն կսկսի շահագործվել»,- ասաց Աշոտ Զարբաբյանը:

Նրա խոսքով՝ այս ընթացքում ծրագրի զարգացման համար ուսումնասիրվել են հողեր, չափագրվել են ռեսուրսները, մի շարք կազմակերպչական աշխատանքներ են տարվել ե՛ւ համայնքի ղեկավարության, ե՛ւ ինժեներատեխնիկական անձնակազմի, ե՛ւ Կադաստրի պետական կոմիտեի հետ: 

«Միշտ աշխատանքներ արվել են, շահագրգիռ կողմերի՝ տարբեր երկրների դեսպանների, գործարարների հետ հանդիպումներ են եղել,- ասաց նա՝ նշելով, որ տարածքը փշալարերով պատելն օրենքով է պարտադրված, պետք է ամբողջը վերահսկվի նաեւ տեսախցիկներով,- Ազատ տնտեսական գոտու մեկնարկը տրվել է, այս պահի դրությամբ հայտերն են հավաքվում, որպեսզի շահագործել ցանկացողներին թույլատրվի մտնել այդտեղ»։

Հիշեցնենք, որ Մեղրիի ազատ տնտեսական գոտու բացման արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի դեկտեմբերի 15-ին: Ներկա է եղել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ըստ այդ ժամանակվա կառավարության տարածած հաղորդագրության՝ Մեղրում Ազատ տնտեսական գոտին ստեղծվել էր ՀՀ կառավարության նախաձեռնությամբ, գոտու կազմակերպիչ էր ճանաչվել պետության կողմից ստեղծված «Մեղրի ազատ տնտեսական գոտի» ՓԲԸ-ն։ Ազատ տնտեսական գոտին (ԱՏԳ) նախատեսված էր կառուցապատել երկու փուլով: Առաջին փուլով ստեղծվել են նվազագույն անհրաժեշտ ենթակառուցվածքներ եւ նախապայմաններ՝ ԱՏԳ աշխատանքները մեկնարկելու եւ ԱՏԳ-ում գործունեություն ծավալելու հետաքրքրություն ունեցող ընկերությունների հետ տեղում գործունեությունը կազմակերպելու համար:

Երկրորդ փուլով նախատեսվում էր ԱՏԳ գործունեության, ենթակառուցվածքների, տարածքի հավելյալ 70 հեկտարով ընդլայնում` ստեղծելով նախապայմաններ շահութաբեր բիզնես ծավալելու համար: Վերոնշյալ տարածքներից շուրջ 50 հեկտարը կտրամադրվի շահագործողների գործունեության, 10 հեկտարը՝ լոգիստիկ-պահեստային տարածքների, մնացած տարածքները՝ գրասենյակային եւ այլ ծառայությունների համար։

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով՝ ազատ տնտեսական գոտու բացումը փոքր-ինչ նման էր խորհրդային տարիներին եղած ավանդույթին, երբ երբեմն հարկ էր լինում որեւէ կառույցի բացումը կատարել, բայց այդ կառույցը ինչ-որ ժամանակ հետո էր նոր սկսում աշխատել:

«Դա արվեց PR-ի համար՝ ներկայացնելու, որ այդպիսի գոտի գոյություն ունի, դրա նշանակությունը ե՛ւ քաղաքական էր, ե՛ւ տնտեսական: Քաղաքականն այն է, որ նաեւ ԵԱՏՄ-ի շրջանակներում կամ այլ երկրների մենք ցույց տվեցինք, որ արդեն գործարկվող գոտի ունենք: Դրանից հետո ենթադրաբար ինչ-որ կազմակերպություններ, կառույցներ պետք է դիմեին կառավարությանը, իրավունք ստանային: Տնտեսական կողմն էլ այն է, որ մենք շատ ներդրողների համար կարող ենք ձեռնտու պայմաններ ստեղծել»,- ասաց նա:

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ՝ իրենք դեռ մեկնարկի մասին լսելիս մտածել են, որ այդքան արագ հնարավոր չէ տնտեսական գոտու աշխատանքները սկսելը: «Մենք, հետեւելով ընթացքին, գիտեինք, որ ազատ տնտեսական գոտին պատրաստ չէր, ժամանակից առաջ արված երևույթ էր»,- ասաց նա:

Հիմա, ըստ տնտեսագետի, քանի որ կառույցը կա, գործարքներ կկնքվեն, եւ նոր կառավարությունը կանդրադառնա այդ խնդրին:

«Բացի այդ էլ՝ Իրանի հետաքրքրությունները կարող են փոխվել: Իրանն այն ժամանակ ուրիշ ձեւաչափով էր համագործակցում: Հիմա ձեւաչափը կարող է լավանալ, քանի որ գտնվում է պատժամիջոցների տակ․ հնարավոր է՝ ինչ-որ նեյտրալ տարածքում իր գործառնություններն իրականացնի: Բացի այդ, ԵԱՏՄ-Իրան համաձայնագիր վերջերս ստորագրվեց, սա էլ կարող է օգտակար լինել Ազատ տնտեսական գոտու գործարկման համար»,- ասաց նա։

Այն, որ բացումից հետո Ազատ տնտեսական գոտու վարչական շենքը դեռ փակ է, չի գործում, Գագիկ Մակարյանի խոսքով՝ ձախողում պետք չէ համարել: «Բացումը, ինչպես ասացի, PR-ային նպատակներով արվեց: Այնպես չէ, որ Ազատ տնտեսական գոտին չի աշխատի, այն կաշխատի, պայմանները հիմա ավելի նպաստավոր են դրա համար»,- ասաց նա:

Տնտեսագետի տեղեկություններով՝ հատկապես իրանական կողմն է հետաքրքրված ազատ տնտեսական գոտիով:

«Իրանական ընկերությունները հետաքրքրվում են ազատ տնտեսական գոտիով: Հիմա պարզապես երկիրը պետք է գեներացնի գործառույթը: PR-ային մասն արվեց, հիմա սառեցված է գործընթացը՝ կապված տարբեր իրադարձությունների հետ: Կարծում եմ՝ նոր կառավարությունն առաջիկայում կանդրադառնա գոտուն: Հիմա գնդակը մեր դաշտում է մնացել։ Մենք պետք է շահագրգռված լինենք ազատ տնտեսական գոտու արագ գործարկմամբ»,- ասաց նա:

25.05.18

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: