07/02/2020

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի գործիչների հետ

Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել մշակույթի տարբեր ճյուղերը ներկայացնող գործիչների հետ:

Ողջունելով ներկաներին՝ վարչապետը կարեւորել է մշակույթի գործիչների հետ նման հանդիպումների անցկացումը եւ նշել, որ դրանք այսուհետ կկրեն պարբերական բնույթ: «Հայաստանում տեղի ունեցած քաղաքական հայտնի իրադարձությունները՝ ոչ բռնի թավշյա հեղափոխությունը, մեծ մշակութային բաղադրիչ ունի: Մեր պատկերացմամբ, մշակույթի առանցքային դերակատարումը կամայական երկու քաղաքացիների հարաբերությունների մակարդակը հետևողական եւ շարունակաբար բարձրացնելն է, եւ այս խնդրի լուծման համար պետք է կարողանանք ապահովել մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակույթի եւ մշակութային միջավայրի հետ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ մեր երկրում հաճախ հանդիպող կիսադատարկ դահլիճները, նույնիսկ առանցքային մշակութային իրադարձությունների ժամանակ, խոսում է ճգնաժամի մասին: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության դերը տեսնում է ոչ թե մշակութային բովանդակությանը միջամտելը, այլ մարդկանց մշտական հաղորդակցությունը մշակութային կյանքի հետ ապահովելը:

«Մենք ուզում ենք, որպեսզի հնարավոր չլինի ապրել առանց մշակույթի հետ հաղորդակցվելու: Մեր խնդիրն է, որ երեխաները դպրոցական տարիքից հաղորդակցվեն մշակույթի հետ: Հայաստանի բեմերում իսկապես կա բարձր մշակույթ, թանգարաններում իսկապես կան արժեքավոր եւ բարձր նմուշներ, Հայաստանում ստեղծվում է արժեքավոր գրականություն, ստեղծվում են արժեքավոր կտավներ եւ ի վերջո այն ինչ տեղի ունեցավ Հայաստանում ապրիլ-մայիս ամիսներին՝ երկար տարիներ գուցե լռելյայն ձևակերպվել է մշակութային կյանքում: Ինձ քիչ առաջ հարցրին՝ լինելու է արդյոք մշակութային հեղափոխություն. ես պատասխանեցի, որ այն ինչ տեղի է ունեցել՝ դա մշակութային հեղափոխություն է, որովհետեւ այդ հեղափոխության ամենամեծ հեղինակներ համարում եմ մեր երկրի մշակույթի գործիչներին, ովքեր կարողացել են ինչ-որ մի տեղ, բոլորի համար աննկատ մարդկանց գիտակցության մեջ գործարկել մի մեխանիզմ, որն ի վերջո դարձել է սիրո եւ համերաշխության հեղափոխություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրեթե երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարը պատասխանել է մշակույթի գործիչների բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերել են ստեղծագործական միությունների գործունեությանը, մշակութային հաստատություններում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, մշակութային օջախների գործունեության աշխուժացմանը, հուշարձանների պատշաճ պահպանմանը եւ մի շարք այլ խնդիրների:

www.primeminister.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: