07/06/2020

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերելուց

Մանվել Գրիգորյանի փաստաբանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերելուց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից եւ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած տեսանյութը դիտելուց հետո Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանի փաստաբան Հրանտ Անանյանը հրաժարվել է նրան իրավաբանական օգնություն ցուցաբերել։ Այս մասին փաստաբանը հայտնեց «Ազատության» հետ զրույցում:

«Գործը ստանձնելու պահին այդ հանգամանքներն ինձ հայտնի չէին։ Էդ խնդիրը նոր է ի հայտ եկել, նպատակահարմար չեմ համարում գործը շարունակել։ Ես անակնկալի եկա վարչապետի հայտարարությունից հետո, ԱԱԾ տեսանյութը տեսնելուց հետո առավել եւս անակնկալի եկա։ Իմ առաջարկով ձևակերպվեց պաշտպանի լիազորությունների դադարեցման համապատասխան արձանագրություն, որը նաեւ Մանվել Գրիգորյանի համաձայնությամբ էր», - ասաց փաստաբանը:

Հարցին, թե այսօ՞ր է այդ որոշումը կայացրել եւ Մանվել Գրիգորյանին տեղյա՞կ է պահել ԱԱԾ տեսանյութի մասին, Անանյանը արձագանքեց, որ, այո, տեղեկացրել է ԱԱԾ տեսանյութի մասին եւ ներկայացրել է իր դիրքորոշումը, որից հետո արդեն դադարել է Մանվել Գրիգորյանի պաշտպանը լինելուց։

Գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվեց շաբաթ օրը՝ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:Կիրակի օրը Ազգային անվտանգության տարածած հաղորդագրությունում ասված էր, մասնավորապես, որ «Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո եւ ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաեւ «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում ուղիղ եթերում հայտարարել էր, որ «զինվորի բաժինը գողացողը արժանի չէ որեւէ ներման»:

azatutyun.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: